Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ. տարեցտարի արձանագրվում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով վերադարձված եկամտային հարկի գումարների աճ

Հոկտեմբեր 01,2019 14:18

2019 թվականի 9 ամիսների ընթացքում վերադարձվել է շուրջ 5 միլիարդ 454 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցել է 65%-ով

Պետական եկամուտների կոմիտեն արձանագրում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ: Աճում է նաև օրենքով սահմանված հնարավորություններից օգտվող անձանց թիվը: Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն, անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց են վերադարձվում իրենց կողմից վճարված եկամտային հարկի գումարները:  Գործընթացը սկսվել է 2015 թվականի հունիս ամսից՝ համաձայն ՀՀ կառավարության 205-Ն որոշմամբ սահմանված կարգի և վերաբերում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին:

Այսպես, 2015 թվականի ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է եկամտային հարկի 274 միլիոն դրամ, 2016 թվականի ընթացքում՝ 1 միլիարդ 350 միլիոն դրամ, 2017 թվականի ընթացքում՝ 2 միլիարդ 416 միլիոն դրամ, 2018 թվականի ընթացքում՝ 4 միլիարդ 684 միլիոն դրամ գումար, իսկ 2019 թվականի հունվար-սեպտեմբերի ընթացքում՝ 5 միլիարդ 454 միլիոն դրամ: 2019 թվականի հոկտեմբերի 1 դրությամբ գործընթացի սկզբից վարկառուներին (համավարկառուներին) պետական բյուջեից վերադարձվել է վճարված եկամտային հարկի շուրջ  14 միլիարդ դրամի չափով գումար:

Յուրաքանչյուր եռամսյակի տվյալների ամփոփումից հետո արձանագրվում է ինչպես հիփոթեքային վարկերից օգտվող անձանց, այնպես էլ վերադարձված եկամտային հարկի գումարների ակնհայտ աճ: Այսպես, 2019 թվականի 3 եռամսյակների ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձված եկամտային հարկի գումարը կազմել է 5 միլիարդ 454 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (3.291,7 մլն. դրամ) գերազանցել է 2 միլիարդ 162 միլիոն դրամով կամ 65%-ով:

2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գործընթացում ներգրավված է եղել 6321 անձ (վարկառուներ և համավարկառուներ)՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի 3682-ի դիմաց: Ներգրավված անձանց թիվն աճել է 2639-ով կամ 72%-ով: 2019 թվականի ավարտին վերադարձված գումարը կլինի 7-8 միլիարդ դրամի սահմաններում:

2018 թվականի հունվարի 1-ից վճարած եկամտային հարկը վերադարձվում է նաև ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու նպատակով ստացված հիփոթեքային վարկերի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով:

Նշենք, որ 2018 թվականի հունվարի 1-ից գործում են Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներ, ըստ որոնց՝ եկամտային հարկը չի կարող վերադարձվել, եթե բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը: Վերադարձվող եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 1.5 միլիոն դրամը: Իսկ եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ հիպոթեքային վարկի պայմանագրի մասով:

ՀՀ կառավարության N 1321-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն հարկային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

  • ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 20.04.2018թ. N278-Ա հրամանով սահմանված ձևի դիմում,
  • անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր, կամ, առկայության դեպքում՝ նույնականացման քարտ, կամ ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ, կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,
  • հանրային ծառայությունների համարանիշը (չունենալու դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը),
  • հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը և հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող՝ գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի) պետական գրանցման վկայականը,
  • հիփոթեքային վարկը տրամադրած՝ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կողմից տրված տեղեկանք հաշվետու եռամսյակում վարկառուի կողմից վճարված   տոկոսների գումարների վերաբերյալ,
  • կառուցապատողի կողմից տրված տեղեկանք բնակարանը կամ անհատական բնակելի տունը անմիջապես կառուցապատողից ձեռք բերված լինելու մասին, կամ վարկառու համարվող անձին տրված՝ անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն,
  • բնակարանի առուվաճառքի (այդ թվում՝ նախնական) պայմանագիր կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մասին պայմանագիր, կամ կառուցված կամ կառուցվող անհատական բնակելի տան առուվաճառքի կամ կառուցվող անհատական բնակելի տուն գնելու իրավունքի մասին պայմանագիր,
  • գործատուի կողմից հաստատված տեղեկանք՝ եռամսյակի ընթացքում վարձու աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների և դրանցից հաշվարկված ու ՀՀ պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ, եթե անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն:

Հետագա հաշվետու եռամսյակներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն հարկային մարմին է ներկայացնում միայն սահմանված ձևի դիմում և վճարված տոկոսների մասին բանկի կողմից տրված տեղեկանք:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031