Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի՝ Արցախում սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին ելույթից հետո ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը հայ պատվիրակներին մեղադրեց ատելության խոսքի տարածման մեջ և հայտարարեց. «Ուզում եմ ընդգծել, որ Եվրոպայի խորհուրդը ատելության խոսքի, վիրավորանքի և ստի արտահայտման վայր չէ, ինչպես մեր հայ գործընկերն է անում: Ես մերժում եմ բոլոր ագրեսիվ հայտարարությունները»:
Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը հայտարարեց, թե Նաիրա Զոհրաբյանի հետ ամեն ինչ պարզ է, քանի որ նա իրենց ատում է:
Հետո էլ Նաիրա Զոհրաբյանին շնորհավորեց ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մինչդեռ ծննդյան տարեդարձն էր նշում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը:
Սամադ Սեյիդովը, դիմելով Նաիրա Զոհրաբյանին, ասաց. «Ձեր միտքն արդեն թունավորված է քարոզչությամբ»:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանն ի պատասխան Սամադ Սեիդովի մեզ հետ զրույցում նշեց, որ ոչ թե նրանց ատում է, այլ չի նկատում:
Հիշեցնենք՝ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց. «Եվս մեկ անգամ ուզում եմ, որ մեր կառույցը ինքն իրեն տա պարզ մեկ հարց՝ եթե անգամ Արցախի միջազգային կարգավիճակի վերաբերյալ կա վեճ, արդյոք Եվրոպայի խորհրդի համար կա՞ վեճ՝ Արցախում ապրող մարդկանց մարդ լինելու եւ մարդու իրավունքներ ունենալու վերաբերյալ։ Վստահ եմ՝ չկա։ Կոչս մեր Վեհաժողովին հստակ է՝ մի՛ անտեսեք Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները, աջակցե՛ք Արցախի ժողովրդին՝ կատարելագործելու իր օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները։ Որովհետեւ դրանից շահելու է մարդը։ Իսկ մարդը ավելին է, քան ցանկացած փաստաթուղթ եւ կարգավիճակ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ