Այսօր Արարատի մարզպետարանում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ, որի ընթացքում Նորաշեն համայնքի մի խումբ բնակիչներ պահանջում էին, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը վերականգնի իրենց նախկին գյուղապետին պաշտոնում, բնակիչները լրագրողների հետ զրույցում պատմեցին. «Այս նշանակված համայնքի ղեկավարը՝ Արտակ Հարությունյանը, միլիոն ու կես պարտք ունի համայնքի բյուջեին եւ այդ բոլոր 4 ավագանիները: Երեկ էլ ասեց, որ չեմ մուծելու, Հայաստանը սաղ մեկը մեկին պարտք է: Ես պարտաճանաչ վճարում եմ բոլոր հարկերը: Ինչի՞ պիտի ես մուծեմ, ինքը՝ չմուծի»:
Բնակիչները նաեւ ասացին, որ Արարատի մարզպետը ցույցի ընթացքում իր հասցեին հնչած խոսքերից վիրավորվել է: «Մարզպետն ասում է՝ եթե իրեն վիրավորողները ներողություն խնդրեն, հարցը կվերանայի: Գյուղի խաղաղությունը նրան չի հետաքրքրում: Մենք համաձայն չենք նշանակված ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանին, մենք գյուղով համաձայն չենք: Այդ ժամանակ համայնքի համայնքապետը եղել է արձակուրդում՝ առանց տեղեկանալու, որ հանում են նրան, ստորագրությունը կեղծելով հեռացրել են համայնքի ղեկավարին»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ