Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը Բրյուսելում Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների ներկայացրել է Ամուլսարի խնդիրը, մասնավորապես՝ ծրագրի թույլատրումը նախկին կառավարության և դրա իրականացման ապահովման փորձերը ներկայիս կառավարության կողմից՝ հակառակ տեղի բնակիչների և Հայաստանի բնակչության լայն զանգվածների կամքի, և չնայած մարդու իրավունքների խախտումների լայն շրջանակի, այդ թվում՝ բնական միջավայրի վրա ազդող որոշումների կայացմանը մասնակցելու, առողջ ու բարեկեցիկ միջավայրում ապրելու, մաքուր ջրի, տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքների խախտումները: Ներկայացվել են նաև վերջին զարգացումները՝ կապված Լիդիանի ներկայացրած ՇՄԱԳ փաստաթղթերի միջազգային ուսումնասիրության հետ՝ ԷԼԱՐԴ-ԹիԱրՍի ընկերությունների զեկույցի հիմնական արդյունքները:
Եվրախորհրդարանի ներկայացուցիչների ուշադրությանն է ներկայացվել այն, որ Եվրամիության անդամ-պետությունների պետական մասնաբաժին ունեցող զարգացման բանկը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, այսպիսի մեծ դիմադրության արժանացած ծրագրի խոշոր ֆինանսավորողների թվում է և, ըստ այդմ, նաև կիսում է պատասխանատվությունը Հայաստանի օրենսդրության խախտումներով հաստատված այս ծրագրին նման աջակցություն տրամադրելու հարցում:
Ներկայացվել է նաև ներդրումային արբիտրաժների խնդիրը, մասնավորապես Ամուլսարի դեպքում դրա սպառնալիքը՝ իբրև շանտաժ ժողովրդավարական ալիքով ձևավորված նոր կառավարության հանդեպ:
Հանդիպումը կայացել է «Make ICT Fair» ծրագրի շրջանակում. այս համաեվրոպական ծրագրի նպատակն է բարելավել տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների (օրինակ՝ բջջային հեռախոսների ու համակարգիչների) արտադրության շղթայում ներգրավված և դրանից ազդեցություն կրող աշխատավորների ու համայնքների կյանքը: Արտադրության այս շղթայում «մարդու իրավունքներն ու աշխատավորների իրավունքները խախտվում են ամեն օր, իսկ շատ երկրներում սա նաև խիստ բացասական ազդեցություն է ունենում բնական միջավայրի վրա»,- ասել է Ավստրիայի պատգամավոր Մոնիկա Վանան:
Կարդացեք նաև
«Make ICT Fair» նախաձեռնությունը թիրախում է ԵՄ քաղաքացիներին, պետական գնումների գործակալություններին, զարգացման բանկերին, պաշտոնյաներին և ընկերություններին, որպեսզի վերջիններս ՏՏ ոլորտում իրենց գնումները համապատասխանեցնեն ավելի արդար քաղաքականությունների:
Սոցիալական մեդիայում այս հանդիպման մասին լուսանկարներ և տեսանյութեր են ներբեռնվել #MakeICTFair and #fairelectronics հեշթեգերով:
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն