Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանից հետաքրքրվեց` վերջերս պետությանը փոխանցված «Գոլդեն փելես» հյուրանոցը իր նշանակության գործառույթ կիրականացնի՞, թե՞ պետական շատ գույքերի նման կմնա անուշադրության մատնված: Պատգամավորը ահազանգեր է ստացել, որ հյուրանոցի մեկ-երկու պատուհան արդեն կոտրվել է:
Հիշեցնենք, հյուրանոցը պետությանն է նվիրել մաքսայինի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքը՝ հարուցված քրեական գործից հետո: Հյուրանոցի անշարժ գույքի գինը կազմել է 7 մլրդ 223 մլն դրամ, շարժական գույքն էլ գնահատվել է 312 մլն 889 հազար դրամ, այսինքն` հյուրանոցն ամբողջությամբ գնահատվել է մոտ 15 մլն դոլար:
«Առայժմ հանձնման-ընդունման աշխատանքները դեռ չեն ավարտվել»,- ասաց Նարեկ Բաբայանը` հավելելով, որ գույքը վերջնական պետությանը հանձնելուց հետո, այն կամ կհանձնվի հավատարմագրային կառավարման, կամ հանվելու է վաճառքի: «Մենք չենք պահելու, կարճ ժամկետում մտադիր ենք հանձնել հավատարմագրային կառավարման կամ վաճառել»: Նա հուսով է դա հստակ կլինի մինչեւ նոր տարի:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ