Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն անիմաստ սպառնում է ՄԱԿ-ի ամբիոնից

Հոկտեմբեր 01,2019 22:00

Ինչը չի տեսել եւ չի էլ տեսնի պարոն Մամեդյարովը

Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով հայտարարեց, որ վերջին տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ «առաջընթաց չկա»։

Նրա կարծիքով, դրա պատճառը «Հայաստանի ղեկավարության մոտ խաղաղ կարգավորման նկատմամբ անկեղծ հետաքրքրության բացահայտ բացակայությունն է»։ Ավելին, նա նշում է, որ Երեւանն ի հայտարարություններով եւ գործողություններով «խափանում է այդ գործընթացը եւ խոչընդոտում որքան հնարավոր է շուտ խաղաղ լուծում գտնելու փորձերին»։ Այնուհետեւ հետեւել են նույն հայտնի կլիշեները՝ «20 տոկոս տարածք», «միլիոն փախստական», «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւեր», «մենք կառուցողական ենք, հայերն՝ ապակառուցողական», «ագրեսիա» եւ այլն եւ այդպես շարունակ։

Միեւնույն ժամանակ նախարարը նշում է, որ Ադրբեջանն առաջվա պես միտված է հակամարտության արագ քաղաքական լուծմանը, եւ հավելում, որ «բանակցային գործընթացը չի կարող հավերժ շարունակվել» եւ որ այն չպետք է «սահմանափակի ինքնապաշտպանության իրավունքը, համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության եւ միջազգային իրավունքի»։

Եթե հարցը դիտարկենք որպես ցանկալին իրականություն հրապարակայնորեն մատուցելու նուրբ արվեստի տեսանկյունից, ապա այստեղ նորություն չկա, Ալիեւի կոռումպացված ժառանգական ռեժիմը դրանով զգաղված է դեռ Բրեժնեւի տարիներից, երբ «լայնորեն քայլում էր Ադրբեջանը», համաձայն խորհրդային վիճակագրության, իսկ Լեոնիդ Իլյիչն էլ «մեր առաջ կանգնած կենդանի Լենինն» էր։

Սակայն, շատ կարեւոր է արձանագրել, որ այս հայտարարությունը Հեյդար Ալիեւի եւ երկրորդ կաթվածից հետո մանկամտացած Լեոնիդ Իլյիչի միջեւ «անվնաս» փոխադարձ ճամարտակությունը չէ, ուղղված սոսկ համատարած գողությունը քողարկելուն։ Սա հայտարարություն է ՄԱԿ-ի ամբիոնից, որն ուղղակի սպառնալիք է պարունակում Արցախին եւ Հայաստանին, միջազգային հանրությանն ուղղված շանտաժ եւ ապագա պատերազմը լեգիտիմացնելու փորձ։

Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն ոչինչ չի մոռացել, այլեւ այդպես էլ ոչինչ չսովորեց եւ սովորելու որեւէ ցանկություն չի դրսեւորում։ Իհարկե, խոսքն ամենեւին էլ այն մասին չէ, որ Ղարաբաղյան հարցի լուծում ըստ Ադրբեջանի՝ նշանակում է հայկական հարցի «վերջնական լուծում» Արցախում, հետեւաբար հայկական կողմին այլ ընտրություն չի մնա, քան անցյալ պատերազմում ադրբեջանական բանակին լավ վազել սովորեցնելուց հետո նոր պատերազմում արդեն լողալ սովորեցնելը։ Այլ խոսքն այն մասին է, որ ադրբեջանական «բետոնապատ» վերնախավը չի կարողանում դուրս գալ խորհրդային Ադրբեջանի բարդույթներից։

Ժամանակին հենց այդ «նարիմանով-բաղիրովյան» կարծրատիպերն էին, որ դրդեցին Բաքվի «կոմունիստ» ղեկավարներին պատերազմով փորձել հարց լուծել Արցախում, առանց միտքը ծանրաբեռնելու, մտածելով, թե խողովակ կա՝ փող պետք չէ, կարեւորը՝ ռուսների հետ «ճիշտ պայմանավորվելն» է եւ ռուսական մահակը հայերի գլխին ուղղելը։

Կարծրատիպի վերածված նման մտածողության խորացմանը նպաստում էր, նախ, հայկական կողմի անօգնականությունը, որը դրսեւորվում էր թե՛ ուժի, թե՛ մտքի հարթություններում, վերջինիս պարագայում՝ «եղբայր» ռուսների նկատմամբ անվերապահ հավատի դրսեւորմամբ։ Իսկ ռուսները սրան նպաստում էին ամենացինիկ, երկդիմի եւ ոչ մի սրբություն չճանաչող կայսերապաշտությամբ, բացի դրանից, նրանց կողմն էր բիրտ ուժը։

Աշխարհը մեծ հաշվով ավելի լավը չի դարձել, բայց այն նաեւ ամենեւին էլ նույնը չէ, եւ հենց սա չեն հասկացել Բաքվի իշխանավորները. խողովակը վատ չէ, բայց նաեւ բավարար չէ առաջ շարժվելու համար, քանզի աշխարհում էներգետիկ հեղափոխություն է, եւ նավթն այլեւս այդ աստիճան չի կուրացնում, որքան հարյուր տարի առաջ։ Իսկ հարյուր տարի առաջ Բաքվում Մանթաշյանցի, Ռոտշիլդի, Նոբելի, ընկերություններն արդյունահանում էին աշխարհի նավթի կեսից ավելին, եւ այդ յուղոտ պատառը գայթակղիչ էր պանթուրանիզմի բացիլով վարակված «պրոլետարների» եւ նրանց ռուս «զինակից»-բոլշեւիկների համար, եւ «էսպրոպրիացիայի» ընդհանուր շահն ակնհայտ էր։

Այդ ժամանակներն անցել են, որքան էլ որ գազն ու նավթը մնում են կարեւոր, բայց մարդկանց պահանջմունքներն են ընդլայնվել. նավթն ու նավթամթերքն ամենուր են, գազն էլ, դրան գումարած՝ վերականգնվող էներգետիկան, հետեւաբար՝ նավթի վրա պարազիտացած վերնախավերի եւ բռնակալների քմահաճույքների գերին դառնալու կարիքն ամենեւին էլ չկա։

Հիմա նրանք խոսում են «ինքնապաշտպանության իրավունքից», մինչդեռ նրանց վրա ոչ ոք հարձակվելու նպատակ չունի, սակայն, այն մտադրությունը, որը քողարկելու համար նրանք շրջանառության մեջ են դրել այդ իրենց «իրավունքը»՝ նշանակում է status quo ante bellum, մինչպատերազմական ստատուս-քվո՝ հայերի հպատակմամբ (եթե ոչ կոտորածով) «ազգային առաջնորդ Ալիեւի» հիմնած, իր որդուն եւ հարսին փոխանցած այդ հակաքաղաքակրթական ռեժիմին իր միջնադարյան մոնղոլների բարքերով։

Հետեւաբար, անհրաժեշտություն կա կրկնելու այն, ինչ ի պատասխան Մամեդյարովի հայտարարեց ՄԱԿ-ում հայկական մշտական ներկայացուցչության դիվանագետ Դավիթ Կնյազյանը, որ որքան ԽՍՀՄ-ը կվերականգնվի, այդքան էլ կվերականգնվի այդ «երանելի» սովետական Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»։ Եվ որ ժամանակն է, որ աշխարհը եւ տարածաշրջանը հաշտվի այն մտքի հետ, որ խաղաղությունը հնարավոր է, երբ կկազմաքանդվի եւ կոչնչացվի Հարավային Կովկասի վերջին բռնապետությունը, երբ տեղի կունենա Արցախի լիակատար դե-յուրե, միջազգայնորեն ճանաչված անջատում (սեցեսիա) Ադրբեջանից, ինչը դե-ֆակտո տեղի է ունեցել եւ շարունակվում է երեսուն տարի, ինչի իրավունքն Արցախն ունի ոչ պակաս քան Կոսովոն, որ աշխարհում այլեւս կան երկու հայկական պետություններ այնպես, ինչպես երկու հունական, երկու ալբանական կամ քսանից ավելի արաբական, եւ որ չեկիստ Ալիեւի բանաձեւը՝ «մեկ ազգ՝ երկու պետություն», վերաբերվում է Հայաստանին եւ Արցախին, Հունաստանին եւ Կիպրոսին, այլ ոչ թե Ադրբեջանին եւ Թուրքիային, եւ որ այլեւս Բաքվի ԱԳՆ-ի հեքիաթներից կամ միջազգային հարթակներում բարձրաձայնվող սպառնալիքներն անիմաստ են եւ դրանից ոչ ոք չի տպավորվում։

Եվ ուրեմն, այն «առաջընթացը», որի բացակայությունից բողոքում էր պարոն Մամեդյարովը, ոչ միայն չկա, այլեւ չի էլ լինելու։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Եվ այս ամենին ավելացնենք, որ թուրքը առանց պատերազմի և իր կողմից առանց զոհի՛մեր կողմից նվեր ստացավ Նախիջեվանը,Գարդմանը(Շամխոր,Դաշքեսան,Խանլար ) 1989-1990թ.թ., իսկ ահա 1991թ-ին թուրքը տիրելով Խորհրդային սպառազինությանը՝ բռնազավթեց Գետաշենը ապա 1992թին Շահումյանը և Գետաբեկի շրջանի հայի վերջին հանգրվան Արծվաշենը,որտեղ վառ կերպով արտացոլվում են մեր հազարավոր տարիներով ստեղծածի արմատները: Մեր ճիշտ քայլի դեպքում թուրքը կհասկանա,որ Քռի աջափնյակը Հայաստան է: Իսկ ամենաէականը մեզ պետք է խաղաղ երկինք և հզոր Հայաստան:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031