Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արարատի մարզպետ. Որոշումս չեմ չեղարկելու

Հոկտեմբեր 01,2019 13:32

Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները մարզպետ Գարիկ Սարգսյանի հիմնավորումները՝ Նորայր Գրիգորյանին պաշտոնից ազատելու, «անհիմն ու անօրինական» համարեցին, երբ մարզպետ Սարգսյանը դուրս գալով աշխատասենյակից, որոշ բացատրություններ ներկայացրեց՝ ինչո՞ւ է Նորաշենի համայնքապետի լիազորությունները դադարեցրել:

Մարզպետի ընդունարանի առաջ այսօր առավոտից բողոքի ցույց են անում Նորաշենի մի խումբ բնակիչներ, որոնք պահանջում են վերականգնել իրենց նախկին գյուղապետին պաշտոնում:

Մեկ օր առաջ նրանք համայնքապետարանի առջեւ էին հավաքվել՝ նույն պահանջով:

Ընդունարանի առաջ նստացույց կազմակերպած նորաշենցիները մարզպետի ոչ մի պատճառաբանությանը համաձայն չէին եւ ասացին, որ չեն ցանկանում ոչ մի փաստաթուղթ տեսնել: Նրանք պնդում էին, որ իրենց նախկին գյուղապետը ոչ մի հանցանք չի գործել ոչ մի օրենք չի խախտել:

Գարիկ Սարգսյանը, դուրս գալով աշխատասենյակից, ցույց տվեց իր ձեռքին եղած մի քանի որոշումները՝ նշելով, որ մեկը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի՝ իրեն հասցեագրված որոշումն է, որը փոխանցում է լրագրողներին, մյուսն՝ իր կարգադրությունը, որով նշանակել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար. «Ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի եւ իրավազորության պայմաններում»,-ասաց մարզպետը: Ի պատասխան, նորաշենցիները բղավեցին՝ էդ թղթերը մեզ պետք չեն, սուտ է:

Մարզպետը շարունակեց. «Օրենքի ուժով համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են, ավագանին ընդամենն արձանագրել է այդ փաստը, այլ մեկնաբանություններ չեմ տալիս»:

Նաեւ ասաց, որ բոլոր փաստերն ունեն՝ փաթեթով. «Համայնքում արված մեր ուսումնասիրությունները ներկայացրել ենք լիազոր մարմնին՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն համակողմանի ամեն ինչ նայվել է, այլ մեկնաբանություններ այս պահին չեմ կարող տալ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031