Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Պետրոսյանը մինչ օրս հաղորդագրության մեջ առկա հարցադրումներով ՀՔԾ չի հրավիրվել. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 01,2019 13:12

Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող, ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքում իրեն առնչվող դրվագներով հարցաքննության չի կանչվել։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը։

Հատուկ քննչական ծառայությունը սեպտեմբերի 25-ին մեղադրանք էր առաջադրել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու եւ հանցագործությունը պարտակելու համար։ ՀՔԾ-ի տարածած այս հաղորդագրության մեջ բազմիցս հիշատակվում է նաեւ Գեղամ Պետրոսյանի անունը՝ մասնավորապես մարտիմեկյան իրադարձություններից հետո այդ դեպքերի ժամանակ կրակված մոտ 1000 պարկուճները փոխելու դրվագներում։

Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանից հետաքրքրվեցինք՝ Գեղամ Պետրոսյանն իր հետ երբեւէ խոսե՞լ է պարկուճները փոխելու, կեղծ ցուցմունքներ տալու՝ Վահագն Հարությունյանի հրահանգների մասին։ Վաղարշակ Գեւորգյանն ասաց, որ դրանց վերաբերյալ Գեղամ Պետրոսյանն իրեն բացարձակ ոչինչ չի ասել։

«Իսկ եթե պարկուճները փոխելու հետ կապված մեղադրանքներ կլինեն, նոր դիրքորոշում կարտահայտենք։ Մենք մարդու այն տեսակն ենք եւ այնպիսի դիրքորոշում ենք արտահայտում, որ հանկարծ ու հանկարծ չընկնենք այդ ձեւակերպումների հետեւից»։

Ինչ վերաբերում է Գեղամ Պետրոսյանի եւ Վահագն Հարությունյանի հանդիպումներին՝ Վաղարշակ Գեւորգյանն ասաց, որ իր պաշտպանյալի հետ այդպիսի հարցադրումներ չեն ունեցել, չեն քննարկել, որովհետեւ նման մեղադրանք չի եղել։

«Պարոն Պետրոսյանի նկատմամբ մեղադրանքը եղել է Զաքար Հովհաննիսյանի սպանության հետ կապված, ես էլ արդեն հազար ու մի տեսակ անհերքելի ապացույցներ եմ բերել, որ այդպիսի դեպք տեղի չի ունեցել, ոչ թե Պետրոսյանը այդպիսի արարք չի կատարել, այլ նման դեպք իրականության մեջ տեղի չի ունեցել, եւ պատահական չէր, որ իր կալանքի ժամկետը չերկարացվեց եւ ինքն ազատ արձակվեց ստորագրությամբ։ Հետեւաբար, հաղորդագրության մեջ առկա ձեւակերպումներին ես ուշադրություն չեմ դարձնում, նույն խորհուրդը տվել են նաեւ Գեղամ Պետրոսյանին։ Երբ մեղադրանք կլինի, դիրքորոշում կհայտնենք։ Իսկ ժամանակից շուտ, կարծում եմ, այնքան էլ ողջամիտ չէ»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով այս մեղադրանքում առկա դրվագներով հարցաքննության չկանչվելուն պաշտպան Վաղարշակ Գեւորգյանն ասաց, որ Գեղամ Պետրոսյանը մինչ օրս հաղորդագրության մեջ առկա հարցադրումներով ՀՔԾ չի հրավիրվել եւ, ըստ այդմ, ակնկալվող պատասխաններ չեն եղել։

Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031