Այս պահին Արարատի մարզպետի ընդունարանի առջեւ բողոքի ցույց են անում նույն մարզի Նորաշեն համայնքի մի խումբ բնակիչներ՝ մարզպետ Գարիկ Սարգսյանից պահանջելով նախկին գյուղապետ Նորայր Գրիգորյանին վերականգնել պաշտոնում, որի լիազորությունները երկու օր է դադարեցված են: Իրադրությունն այնքան թեժացավ, որ ոստիկանությունը ստիպված եղավ լրացուցիչ ուժեր ներգրավել եւ ցույցի մասնակիցներից մի քանիսին էլ բերման ենթարկել, որոնց թվում էր Նորաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արտակ Հարությունյանը:
Հիշեցնենք, երեկ Նորաշենի բնակիչները կրկին ցույց էին կազմակերպել՝ նշելով, որ իրենք տեղյակ չեն ինչպես, ինչ պայմաններում է տեղի ունեցել ավագանու նիստը, որն էլ արձանագրություն է կազմել Նորայր Գրիգորյանին պաշտոնից զրկելու: Համայնքապետ Գրիգորյանն էլ լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ ինքն արձակուրդում է եղել եւ այդ մասին նրան գյուղապետարանի պահակն է տեղեկացրել:
Մարզպետ Գարիկ Սարգսյանն էլ Նորաշենի համայնքապետի լիազորությունները կասեցնելը պայմանավորել էր 6 ամիս շարունակ ավագանու նիստ չգումարելով:
Նորաշենցիները՝ «մենք ենք տերը մեր երկրի», «մենք ենք տերը Նորաշենի», «ամոթ մարզպետին» վանկարկումներով մարզպետ Սարգսյանին դուրս էին հրավիրում: Մարզպետի աշխատասենյակի առջեւ հսկող ոստիկանները բնակիչներին հանդարտեցնում էին:
Կարդացեք նաև
Գարիկ Սարգսյանը մի քանի բնակիչների ընդունեց:
Մինչ մարզպետն ու բնակիչները բանակցում էին մարզպետարան էին եկել Գարիկ Սարգսյանի կողմնակիցները՝ ի պաշտպանություն մարզպետի: Եկել էին նաեւ Նորաշեն համայնքի այն բնակիչները, որոնք կողմ են մարզպետի որոշմանը: Նրանց հետ էր նաեւ Արտակ Հարությունյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ