Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի ընտանիքի անդամներից ոչ ոք վնասվածք չի ստացել, արկերի բեկորները կոտրել են տան պատուհանները, վնասել դռներն ու տանիքը. ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի ծանուցել է ադրբեջանցիների գործերով

Հոկտեմբեր 01,2019 12:20

Իրավաբան-իրավապաշտպանների աշխատանքային խումբը (հետայսու՝ Խումբ) պարբերաբար տեղեկություն է տրամադրում 2016թ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների առնչությամբ ՄԻԵԴ ներկայացված հաղորդակցված (ծանուցված, կոմունիկացված) գանգատների, ինչպես նաև դեռևս ընդունելիության փուլում գտնվող յուրաքանչյուր գանգատի հետագա զարգացումների վերաբերյալ:

Խումբը նախորդող հաղորդագրություններում հայտնել էր, որ ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի ներկայացված 385 գանգատներից 363-ը վերաբերում են շփման գծին մոտ տեղակայված բնակավայրերի հրետակոծության հետևանքով քաղաքացիական անձանց գույքի վնասմանը կամ ոչնչացմանը, ինչպես նաև կյանքի իրավունքի պոտենցիալ խախտումներին: Ինչպես նաև հայտնել էր, որ Ադրբեջանի բնակիչների կողմից մեծաքանակ գանգատներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության դեմ։

ՄԻԵԴ-ն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի դեմ ներկայացված գործերի երկու խմբաքանակից իր հայեցողությամբ ընտրել է հերթական գանգատները և դրանք 09.07.20129թ ծանուցել է պատասխանող պետություններին:

ՄԻԵԴ-ն ընդդեմ Ադրբեջանի ծանուցել է «Օհանյանը և այլք ընդդեմ Ադրբեջանի» (գործ № 74508/16) և «Հակոբյանն ընդդեմ Ադրբեջանի» (գործ № 74566/16) գանգատները, որոնք Եվրոպական դատարան են մուտք եղել 01.10.2016թ։

«Օհանյանը և այլք ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմողը 2016թ Թալիշում բնակվող Օհանյանների ընտանիքնն է՝ ի դեմս Գարիկ Օհանյանի։ 02.04.2016թ գիշերը, ժամը 03:30-ի սահմաններում, դիմողներն արթնացել են արկի պայթյունի ձայնից։ Պայթունը տեղի է ունեցել հենց իրենց մուտքի դռան դիմաց՝ տան բակում։  Դիմողներն անմիջապես հեռացել են տանից՝ գնալով նախ հարևանի տուն, ապա տեղափոխվել՝ քաղաք Քարվաճառ։ Սակայն պայթյունի պատճառով վիրավորվել են դիմողի մայրը, որդին, ով ստացել է ձախ ոտքի վնասվածք և դուստրը՝ գլխի վնասվածք։ Համաձայն ԼՂՀ ոստիկանության կատարած զննության արձանագրության՝ պայթյունի պատճառով զգալի չափով վնասվել են տան պատուհանները, տանիքը, դռները և տան ներքին կահավորանքը։

«Հակոբյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմողը 2016թ Մատաղիսում բնակվող Մանվել Հակոբյանն է։ 02.04.2016թ առավոտյան սկսվել է Մատաղիս քաղաքի ռմբակոծությունը, արկերից մեկն ընկել է հենց իրենց տան մոտ և պայթել։ Դիմողը և նրա կինը ստիպված են եղել շուտափույթ լքել տունը, որից հետո իրենց ազգականը նրանց տարել է քաղաք Ստեփանակերտ։ Համաձայն ԼՂՀ ոստիկանության կատարած զննության արձանագրության՝ ռմբակոծության պատճառով դիմողի տան պատի վրա առաջացել է 2×1 մ չափի անցք, ինչպես նաև, վնասվել են տան փակ շքամուտքը և պատուհանները։

Ներկայացված երկու գանգատով էլ դիմողների կողմից բարձրացվել են Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայով երաշխավորված կյանքի իրավունքի (հոդված 2), անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի (հոդված 8), սեփականության իրավունքի (Արձանագրություն 1 Հոդված 1), խտրականության արգելքի իրավունքի (հոդված 14), ինչպես նաև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի (հոդված 13) հնարավոր խախտումների հարցերը։

ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի ծանուցել է «Ալլահվերդիևն ընդդեմ Հայաստանի» (գործ № 25576/16) և «Ալիևն ընդդեմ Հայաստանի » (գործ № 25589/16) գանգատները, որոնք ՄԻԵԴ են մուտք եղել 03.05.2016թ և հանդիսանում են Ադրբեջանի դեմ հաղորդակցված վերոնշյալ գործերի հայելային գործեր։

«Ալլահվերդիևն ընդդեմ Հայաստանի» գործով դիմողը 2016թ ապրիլին Ադրբեջանի Գորանբոյ շրջանի Թապգարագոյունլու գյուղում բնակվող Աբբաս Ալլահվերդիևն է։ Ըստ դիմողի՝ 02.04.2016թ գիշերը ժամը 3-ի մոտակայքում հայկական զինված ուժերը սկսել են ռմբակոծել ադրբեջանական քաղաքներն ու գյուղերը։ Դիմողն իր ընտանիքի անվտանգության համար ստիպված է եղել ընտանիքի անդամների՝ կնոջ և երեք երեխաների հետ լքել իրենց գյուղը։ Սակայն ընտանիքին թողնելով Նաֆթալան քաղաքում իրենց ազգականի մոտ՝ դիմողը ետ է վերադարձել։ Հաջորդ օրը երեկոյան ժամը 10-ի սահմաններում, երբ դիմողը դուրս էր եկել տնից, իր տունը նույնպես ռմբակոծվել է, որի հետևանքով արկի բեկորը հարվածել է նրա դեմքին՝ աջ աչքի ներքևի մասում։ Դիմողը գնացել է հոսպիտալ՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով։ Ռմբակոծության հետևանքով վնասվել են դիմողի տան տանիքը, պատերը և պատուհաններ, ինչպես նաև սատկել է 48 հավ և 18 հնդկահավ։

«Ալիևն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուն 2016թ ապրիլին Ադրբեջանի Թարթառ շրջանի Գապանլի գյուղում բնակվող Իսլամ Ալիևն է։ Ըստ դիմողի՝ 02.04.2016թ գիշերը ժամը 3-ի սահմաններում հայկական զինված ուժերը սկսել են ռմբակոծել ադրբեջանական քաղաքներն ու գյուղերը։ Նույն օրն, ավելի ուշ, ԼՂՀ-ի Սեյսուլան գյուղից ռմբակոծվել է նաև Գապանլի գյուղը, որը գտնվում է հենց շփման գծի մոտ։ Համաձայն դիմողի՝ ապրիլի 4-ին մոտ կեսգիշերին մի քանի արկեր ընկել են հենց իր տան շրջակայքում, որը տեղակայված է շփման գծից 400-500 մետր հեռավորության վրա։ Արկերի բեկորները կոտրել են տան պատուհանները և վնասել դռներն ու տանիքը։ Դիմողն իր ընտանիքի անդամների հետ այդ պահին եղել են տանը, սակայն ոչ ոք ոչ մի վնասվածք չի ստացել։

Ներկայացված երկու գործերով էլ դիմողների կողմից բարձրացվել են Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայով երաշխավորված կյանքի իրավունքի (հոդված 2), խոշտանգումների արգելքի իրավունքի (հոդված 3), անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի (հոդված 8), սեփականության իրավունքի (Արձանագրություն 1 Հոդված 1), խտրականության արգելքի իրավունքի (հոդված 14), ինչպես նաև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի (հոդված 13) հնարավոր խախտումների հարցերը։

Իրավաբան-իրավապաշտպանների խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    ԼՂՀ-ն եվրոխորհրդարանի կողմից ճանաչվել և մարդու իրավունքների եվրոդատարանի հետ պայմանագիր ունի?….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031