Փորձենք հասկանալ՝ իսկապե՞ս Հայաստանում քաղաքական հալածանքներ են իրականացվում, եւ իսկապե՞ս իշխանություններն ամեն ինչ անում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին «ծնկի բերելու» եւ հնազանդեցնելու համար։
Սկսենք նրանից, որ զուտ իրավական տեսանկյունից բավականին դժվար է ինչ-որ մեկին քաղբանտարկյալ համարել-չհամարելը, եւ այդ հարցում հստակություն կարող են մտցնել թերեւս միայն միջազգային ատյանները։
Հարցին նայենք այլ տեսանկյունից։ Փաստորեն ստացվում է, որ քաղաքական որեւէ խմբի համար անցանկալի որոշում ընդունած դատավորներին հետապնդելն ու նվաստացնելը պիտի նորմալ երեւույթ համարենք ու հանկարծ թույլ չտանք, որ այդ գործով որեւէ մեկին կալանավորեն, որովհետեւ որոշումը կայացվել է քաղաքական գործչի նկատմամբ, եւ հարցն էլ քաղաքական մեծ հնչեղություն է ունեցել։ Իսկ եթե, օրինակ, ջեբկիրին կալանավորելու որոշում ընդունած դատավորին հալածեն ջեբկիրի ընկերները՝ դա ուրիշ բան, այդ դեպքում նրանց պետք է պատժել։
Կամ՝ եթե որեւէ նախկին պաշտոնյա պետությանը, ասենք, մի 100-200 մլն դրամի վնաս է հասցրել, նրան պետք է պատասխանատվության ենթարկել, իսկ եթե հանկարծ պարզվի, որ նա ՍԴ նախագահի սանիկն է, քրեական գործ հարուցել չի կարելի՝ դա կդիտարկվի որպես աննախադեպ ճնշում Սահմանադրական դատարանի, ու հետեւաբար՝ ողջ դատաիրավական համակարգի վրա։ Նույն հաջողությամբ վաղն էլ կարելի է պահանջել, որ ճանապարհային ոստիկանությունն, օրինակ, տուգանի բոլոր օրինախախտ վարորդներին՝ բացի նրանցից, ում շապիկներին, ասենք, «Ադեկվադ» կամ «Խեղափոխություն» գրություններ կան։
Կարդացեք նաև
Բայց Հայաստանում քաղաքական հալածանքների առկայության մասին խոսողներն, իհարկե, հասկանում են այս ամենը։ Դրա համար էլ ավելի հաճախ ոչ թե ասում են «ինչո՞ւ եք այդ մարդկանց բռնել», այլ ասում են «բա ինչո՞ւ մյուսներին է՛լ չեք բռնում»։ Եվ դա, ի դեպ, տրամաբանական հարցադրում է, որովհետեւ օրենքի առջեւ իսկապես բոլորը պիտի հավասար լինեն։ Պարզապես տարօրինակ է, որ օրենքի առջեւ բոլորի հավասարությունից խոսում են նրանք, ովքեր տարիներ շարունակ «ավելի հավասար են եղել, քան մյուսները», դրա հաշվին վիթխարի հարստություն են կուտակել, հիմա այդ միջոցներով քարոզչամիջոցներ են պահում, «ակտիվիստներ» են ֆինանսավորում, եւ իհարկե՝ շատ կցանկանային, որ դատարանների առջեւ ցուցարարներ ծեծողները կամ դատավորներին հրապարակավ հալածողներն ընդամենը տուգանվեն (դա նրանց տերերի համար առանձնապես մեծ գումար չէ)։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում