Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստաընկերության տնօրենը պնդում է, որ ցանցային տեղաշարժերը վերաբերում են շատ հաղորդումների, ոչ միայն «Հայելու առաջ»-ին. «Հրապարակ»

Հոկտեմբեր 01,2019 11:06

Անցած շաբաթ Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարը «Կենտրոն» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվեց միայն մեկ անգամ՝ նախկին 5 անգամվա փոխարեն։ Սա նախ համընկավ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մասին Hayeli.am կայքի «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն» հրապարակման հետ։ Բայց միայն այդ հրապարակումը չէր՝ հաղորդաշարը հյուրընկալում էր նաեւ հակաիշխանական բանախոսների, որոնք քննադատում էին Նիկոլ Փաշինյանին եւ նրա կառավարությունը։ Դա էր պատճառը, որ հաղորդման եթեր չգնալն անմիջապես մեկնաբանվեց որպես Անժելա Թովմասյանի քաղաքական հաղորդումը փակելու իշխանությունների հնարավոր ճնշում հեռուստաընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Նախորդ շաբաթ հետաքրքրվել էինք, հեռուստաընկերությունից հերքել էին՝ ասելով, որ հաղորդման եթեր չգնալը պայմանավորված է ֆուտբոլի հեռարձակմամբ։ Սակայն ֆուտբոլն անցավ, իսկ Թովմասյանի հաղորդումն այդպես էլ չի հեռարձակվում։

«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Սերգեյ Ադումյանին հարց ուղղեցինք. «Դուք հաղորդման չհեռարձակումը պայմանավորել էիք ֆուտբոլով…», սակայն պարոն Ադումյանն անմիջապես արձագանքեց՝ եւ ոչ միայն։ Պարզվեց՝ հիմա էլ «Կենտրոն» հեռուստաընկերությունը նոր եթերաշրջանին ընդառաջ՝ իր հեռուստատեսային «սետկա»-ն՝ հեռուստածրագրերն է փոփոխում։ «Բայց առաջնայինը ֆուտբոլն է, որովհետեւ ինքը շատ է խանգարում ֆուտբոլին, մեր ֆուտբոլային ժամերը տարբեր են՝ լողացող են, ու Անժելայի հաղորդումները վերջերս նստել են ֆուտբոլի վրա։ Դրա համար, մանավանդ, որ նոր եթերաշրջան ենք մտնում, նոր հեռուստացանց ենք սարքելու, եւ դրա հետ միասին արդեն կորոշվի՝ կտեղավորվի՞, թե՝ չէ, որովհետեւ նաեւ նոր նախագծեր ու նոր ֆորմատներ են լինելու»,- հայտարարեց Սերգեյ Ադումյանը։ Փաստորեն, այս անգամ չբացառեց, որ Թովմասյանի հաղորդումը կարող է «չտեղավորվել» նոր հեռուստացանցում։ Հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ նոր հաղորդումներ է «Կենտրոն»-ը ձեռք բերել։ Սերգեյ Ադումյանն անորոշ ասաց. «Նու, շատ կան, ասենք՝ NTV-ի հետ համատեղ ինչ-որ բան ենք անում, շատ բաներ… ֆուտբոլն ա, սպորտային ուրիշ բաներ… բոքս… «Իմպուլս» հաղորդումը նոր է մտել… տարբեր բաներ»։ Հեռուստաընկերության տնօրենը պնդում է, որ ցանցային տեղաշարժերը վերաբերում են շատ հաղորդումների, ոչ միայն «Հայելու առաջ»-ին։ Ինչ վերաբերում է ֆուտբոլին, ապա Ադումյանն ասաց, որ խոսքն Իսպանիայի առաջնության մասին է, որը «ռեյտինգով համար մեկն է»։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031