Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դատական իշխանությունը արդարադատության երաշխավորն է, և դատական իշխանության նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորումը պետք է լինի երկրի առաջնահերթություններից մեկը:
Դրվագը, որը տեղի ունեցավ դատավոր Աննա Դանիբեկյանի հետ, բնականաբար, ինձ համար շատ ցավալի էր ու քննադատելի: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այստեղ կան «բայցեր» և մի շարք հարցադրումներ:
«Նկատենք, որ Սահմանադրական դատարանի նկատմամբ հետապնդումները մինչև հիմա էլ շարունակվում են, որոնք ակնհայտ քաղաքական են և շղթայական բնույթ են կրում: Երբ մինչ այս եղած դեպքերում այդ անձինք պատասխանատվության չեն ենթարկվում, ապա այս պարագայում պատասխանատվությունն անհամաչափ է այն անձանց նկատմամբ, որոնք դատավորի քայլելուն զուգընթաց ընդամենը հարցադրումներ են արել: Ի դեպ, օգտագործել են այն որակումը, որը հանրության մեջ ներմուծել է երկրի վարչապետը: Խոսքը «վնգստացող դատավոր» որակման մասին է: Այս պարագայում և՛ իրավական, և՛ քաղաքական, և՛ բարոյական տեսանկյունից նույն քաղաքական իշխանության ներկայացուցիչներն իրենց պետք է հարց տան, թե որքանո՞վ է օբյեկտիվ, որքանո՞վ համաչափ այդ երիտասարդների նկատմամբ նմանաբնույթ ծայրահեղ քննադատական և պատասխանատվության միջոցներ կիրառելը: Ես կրկին շեշտում եմ՝ ինձ համար դա շատ ցավալի դրվագ էր, բայց, միևնույն ժամանակ, կանխատեսելի», – շեշտում է իրավաբանն ու նշում, որ ունենք մի իրավիճակ, երբ բարձր մակարդակով ընտրովի արդարադատություն է իրականացվում՝ կախված նաև կայացրած դատական ակտերից:
«Այսինքն, եթե կայացրած որոշումը կամ դատական ակտը հաճո է քաղաքական իշխանությանը, այդ դատավորներն ունեն առավելագույն պաշտպանվածություն, իսկ եթե տվյալ դատական ակտն իրենց հաճո չէ, ապա այդ դատավորները ենթարկվում են պարսավանքի, հարկադրանքի ու ճնշումների: Սա իրավական պետության շրջանակներում անթույլատրելի վարքագծի դրսևորում է: Եվ այս ամենով է պայմանավորված իրավական հանրույթի, գիտակից քաղհասարակության այն բուռն արձագանքը, սթափեցման կոչերը, որոնք լինում են յուրաքանչյուր նման դեպքից հետո. չի կարելի երկրում ընտրովի արդարադատություն ստեղծել և ամեն ինչ հարմարեցնել իրենց»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հիմա ՍԴ-ի նկատմամբ ապօրինի, Սահմանադրության և մի շարք օրենքների խախտումներով գործընթաց է մեկնարկել, որի վերջնարդյունքը կառավարելի ՍԴ-ն է, ինչն անթույլատրելի է:
Կարդացեք նաև
«Մեծ հաշվով, պետական իշխանությունը հրահրում է հասարակությանը և ստեղծում մի նախադեպային իրավիճակ, երբ տարբեր դատավորների նկատմամբ տարբերակված մոտեցում են ցուցաբերում՝ կախված այդ դատավորների համոզմունքներից, իրենց հանդեպ դրսևորած վերաբերմունքից ու կայացած դատական ակտերի՝ քաղաքական իշխանությանը հաճո լինելու հանգամանքից: Սա իրավական պետության հիմքերի խարխլման, թուլացման առաջին նախապայմաններից է: Չի կարելի այդչափ նվազեցնել, այսչափ իջեցնել դատական իշխանության նկատմամբ հանրության հարգանքի և վստահության աստիճանը»,-ընդգծեց Գ. Մելոյանը՝ շեշտելով, որ նշվածի հեղինակը գործող քաղաքական ուժն է, ինչն առավել ևս՝ անթույլատրելի է:
«Այո՛, քննադատելի էր երիտասարդների արարքը, բայց ինչո՞ւ չէր կարելի նմանաբնույթ ծայրահեղ գնահատանքի ու պատասխանատվության ենթարկել մինչ այս տեղի ունեցած նախադեպի ու դրանց հաջորդած մյուս դեպքերի ժամանակ: Այդ բոլոր դեպքերում կրկին գեներացված ատելություն է եղել, մի շարք դատավորներ ավելի վատ գնահատականների ու վիրավորական արտահայտությունների էին արժանացել, լարվածությունը սրվել էր ու հասել անգամ ֆիզիկական կոնտակտի: Այդուհանդերձ, այդ նախադեպերում անձինք պատասխանատվության չեն ենթարկվել: Իրավական համայնքում այդ երիտասարդների նկատմամբ տեղի ունեցածը որակվում է որպես քաղաքական հետապնդում: Այսինքն, նրանք քաղբանտարկյալի կարգավիճակ են ձեռք բերում, որովհետև համանման իրավիճակ է դրսևորվել, և համանման իրավիճակում ընդհանրապես որևէ պատժամիջոց այլ անձանց նկատմամբ չի կիրառվել: Սա սահմանում է ԵԽԽՎ 1900 բանաձևը, որտեղ տրված են այն հիմքերը, թե որ դեպքերում է անձը քաղբանտարկյալ դիտարկվում»,-նշեց մեր զրուցակիցը:
Իրավիճակը դիտարկելով ավելի լայն համատեքստում, խոսելով մասնավորապես իրավական հարթության մեջ հնարավոր հետևանքների մասին՝ Գ. Մելոյանը շեշտեց, որ վտանգավոր եզրագծին ենք:
«Արդեն մի քանի նախադեպ ենք ունեցել, երբ, ըստ էության, խախտվել է երկրի սահմանադրական կարգը. մենք ունենք Սահմանադրությամբ հռչակված պետության կառավարման ձև: Սահմանադրության առաջին հոդվածում է ամենակարևոր եզրույթը՝ մենք իրավական պետություն ենք: Այդ եզրույթից բխեցվում են օրինականության, իշխանությունների բաժանման և զսպման սկզբունքները, որոնք արդեն տարաբնույթ իրավիճակներում խախտվել են գործող քաղաքական ուժի կողմից: Այսինքն, քաղաքական ուժն իր նպատակներին հասնելու համար չի խնայում ոչինչ, և սա, բնականաբար, ունենալու է իր աղետալի հետևանքները:
Այս ամենը շղթայական ռեակցիա է ունենալու: Ես նշեցի, որ վերոնշյալ դեպքը ցավալի էր, բայց և սպասելի, ավելին՝ կարծում եմ, որ նման իրավիճակների դեռ շատ ենք ականատես լինելու: Սա այն գինն է, այն հետևանքը, որ երկրում ստեղծվում է ընտրովի արդարադատություն: Եվ յուրաքանչյուրն այդ իրավիճակում արդեն սկսում է սուբյեկտիվ գնահատական տալ. երբ քաղաքական իշխանության համար դրական և բացասական դատական ակտերին հետևում են դրանց համապատասխան գործողություններ, քաղհասարակությունն էլ համապատասխանաբար իր համար դրական և բացասական դատական ակտերին փորձելու է իր անձնական ուժերով արձագանք տալ՝ չվստահելով արդեն նույն դատական իշխանությանը:
Մեծ հաշվով, քաղաքական ուժը, մասնավորապես գործադիր իշխանության ղեկավարությունը, անվստահության մթնոլորտ է ստեղծում դատական իշխանության նկատմամբ»,-եզրափակեց Գ. Մելոյանը:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: