Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական հեղափոխություն. Եվրոբոնդերի թողարկումն այս փուլի համար լավ լուծում է. «Ժամանակ»

Հոկտեմբեր 01,2019 10:42

Արդեն եկող տարի՝ 2020 թ., Հայաստանը պետք է մարի 2013 թ. ՀՀ կառավարության կողմից, Հայաստանի անունից միջազգային բորսայում 7 տարի մարման ժամկետով վաճառած 500 մլն դոլարի արժեթղթերը՝ եվրոբոնդերը: Հայաստանը պետք է փակի այդ պարտքը, ինչը նշանակում է, որ այդքան կանխիկ գումար պետք է բյուջեից դուրս գա: Որպեսզի երկրի ունեցած առանց այդ էլ սուղ միջոցներից 500 մլն չհանվի ու տրամադրվի պարտքի մարմանը, Փաշինյանի կառավարությունը որոշեց պարտքի ետգնման գործողություն իրականացնել, այն է՝ ներգրավել նոր միջոցներ, որոնք որևէ ազդեցություն չեն ունենա ներկա պահին երկրի ունեցած միջոցների վրա, և դրանցով պարտքը մարել: Այդ իսկ պատճառով նախընտրեցին եվրոբոնդերի նոր 500 միլիոնանոց քանակություն թողարկել: Նախապես քննարկվել էին 700, նույնիսկ 800 միլիոնի պարտատոմսեր թողարկելու տարբերակները, բայց ընտրվել է 500 միլիոնը:

Իհարկե, մասնագիտական կարծիքներ կան, որ հնարավոր է էլ ավելի էժան տոկոսադրույքով եվրոբոնդերի թողարկում, «Այնպիսի ժամանակաշրջանում ենք, երբ հնարավորություն կա տարբեր երկրներից ավելի ցածր տոկոսադրույքներով վարկեր ու փոխառու միջոցներ ձեռք բերել: Բայց դա բավականին լուրջ, աշխատատար, պրոֆեսիոնալ թիմի առկայություն, բանակցություններ պահանջող գործընթաց է, մինչդեռ եվրոբոնդերի համար շատ բան պետք չէ»: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանն էլ սրա հետ կապված նշում է, որ այսօր աշխարհում փողն ու արժեթղթերը շատ են էժանացել և առաջարկում է «Նման արտառոց պայմաններում, ոչ թե իջեցնել արտաքին պարտքի մակարդակը, այլ տնտեսության զարգացման համար ներգրավել նոր պարտքեր, ինչպես նաև վերակառուցել վարկային պորտֆելը։ Այս առումով պետական պարտքի վերակառուցման հետ կապված նոր՝ ավելի էժան պարտքի ներգրավումը ճիշտ քայլ է»: Նա առաջարկում է հարաբերությունները սերտացնել հատկապես Չինաստանի հետ, որն ավելի արտոնյալ պայմաններով վարկեր է տրամադրում, նրա հետ համագործակցությունը ՌԴ-ի կողմից խանդով չի ընդունվում, Հայաստանի համար հնարավորություններ են ստեղծվում լավ պայմաններով զենք ու զինամթերքի գնման, աշխատատեղերի ստեղծման համար: Այդուհանդերձ, շատ մասնագետների գնահատմամբ էլ գաղափարը լավն է, ողջունելի, հատկապես, որ 4.2-ը 6.25-ի, առավել ևս 7.50%-ի հետ համեմատելի չէ: «Սա աննախադեպ լավ ցուցանիշ է: Հատկապես որ այս դեպքում նպատակը «ծակ ու ծուկ փակելը չէ», կա հստակ նպատակ՝ վերաֆինանսավորել նախկին 2013 թ. պարտքը և սրա մարումը տեղափոխել, մինչև 2029 թ.: Հատկապես, որ եվրոբոնդերի սպասարկման համար կատարվող ծախսերից կխնայի ավելի քան 10.2 մլն դոլար»:

Տվյալ պարագայում կա շատ կարևոր մեկ այլ գործոն ևս, որին հատուկ անդրադարձել է նաև վարչապետը: Որքան ցածր է պարտատոմսի սպասարկման տոկոսաչափը, այնքան բարձր է դրա հուսալիությունը: Ցածրությունը խոսում է նաև պետության վարկանիշի բարձրության մասին: Հետևաբար հետևում է, որ Հայաստանի տնտեսության նկատմամբ միջազգային հանրության կողմից կա աճող դրական վերաբերմունքի, վստահության պաշարի լուրջ աճ և երկրի նկատմամբ տնտեսական վստահության ցուցանիշի գնահատականի մեծացում:

Դա նշանակում է, որ միջազգային հանրությունը լավատեսորեն է տրամադրված Հայաստանի տնտեսության զարգացման առումով, վստահում է այս երկրի տնտեսության զրագացմանը և 10 տարով գումարներ է ներդնում նրա մեջ: Ընդ որում՝ եվրոբոնդերի առումով դա արտահայտվում է հստակ ցուցանիշով: 2015 թ. եվրաբոնդերի թողարկման ժամանակ Հայաստանում ներդրման ռիսկայությունը գնահատվել է 551.8 բազիսային կետով (գնահատման չափանիշն է), 2019 թ. այն բարձրացել է 242.8-ի: Փաստորեն, Հայաստանի տնտեսության ռիսկայությունը ավելի քան կրկնակի նվազել է դրական առումով: Դա արդեն խոսուն ու վստահություն ներշնչող ցուցանիշ է, իսկ արված քայլով շեշտակիորեն թուլանում է 2020 թ. մեծաքանակ վարկերի մարման առումով տնտեսության մեջ սպասվող լարվածությունը: Այնպես որ, անկախ հակասական, իրարամերժ կարծիքներից, կառավարությունն կողմից այս փուլի համար եվրոբոնդերի թողարկումը կարելի է լավ լուծում համարել:

Նարեկ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031