Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիրավորանքը բումերանգ է

Հոկտեմբեր 01,2019 10:00

Սովորաբար չեմ փորձում իրավական գնահատականներ տալ մարդկանց արարքներին: Իրավագիտությունը մասնագիտություն է, որին տիրապետելու համար պետք է մի քանի տարի սովորել, չնայած պարզ երեւում է, որ իրավաբանի դիպլոմ ունեցողներից ոմանք ջանասիրաբար չեն ուսումնասիրել համապատասխան առարկաները, կամ էլ՝ շատ լավ էլ ուսումնասիրել են, բայց այս կամ այն պատճառով առաջնորդվում են այլ (օրինակ, քաղաքական) օրակարգով:

Հետեւաբար, ես չեմ կարող պնդել՝ դատավոր Աննա Դանիբեկյանի հետ քոչարյանական երիտասարդների անհարգալից զրույցը քրեորեն պատժելի՞ է, թե ոչ: Կարող եմ միայն արձանագրել, որ նրանց պահվածքը լկտի էր, խուլիգանական, անդաստիարակ: Հատկապես տհաճ է, որ նրանցից մեկը ներկայացել էր որպես «բլոգեր», այսինքն՝ «համարյա լրագրող»՝ չէի ցանկանա նման «գործընկեր» ունենալ: Բայց դրա հետ միասին պետք է արձանագրել, որ նրանք, այսպես ասած, «վերադարձրել» են վարչապետի՝ նույն անհարգալից եւ վիրավորական որակումը՝ «պատերի տակ վնգստալու» մասին՝ որակում, որն, ըստ ամենայնի, ուղղված էր իրեն դուր չեկած դատավորներին: Դա եւս մի ապացույց է այն հանրահայտ ճշմարտության, որ վիրավորանքը բումերանգ է, որը վաղ թե ուշ վերադառնում է:

Եթե քոչարյանական խուլիգանների վարքը պետք է դատապարտվի հասարակության կողմից (կրկնեմ, խոսքը իրավական հետապնդման մասին չէ), ապա ճիշտ նույն ձեւով պետք է դատապարտվի նիկոլական խուլիգանների վարքը, որը նրանք դրսեւորել են դատավորների, ՍԴ անդամների եւ փաստաբանների հանդեպ: Ինձ համոզիչ չի թվում այն փաստարկը, որ խուլիգանների առաջին խումբը փոքրաթիվ է, իսկ երկրորդը՝ մեծաքանակ, դա, իբր, «ամբողջ հայ ժողովուրդն» է, եւ ուրեմն վերջիններիս խուլիգանությունն արդարացված է:

Այդ զուգահեռը կանխելու համար կա եւս մի «սպանիչ» փաստարկ՝ ինչպե՞ս կարելի է նույն հարթության մեջ դնել Ռոբերտ Քոչարյանին եւ Նիկոլ Փաշինյանին: Այդ համեմատությունն ինձ համար էլ է անընդունելի. ՀՀ Երկրորդ նախագահի, մեղմ ասած, «առանձնահատկություններն» այնպիսիք են, որ Քոչարյանին, իմ կարծիքով, հնարավոր չէ նույն հարթության վրա դնել Հայաստանի Առաջին, Երկրորդ եւ Երրորդ հանրապետության որեւէ բարձրաստիճան ղեկավարի հետ (բացի, թերեւս, Ավիս Նուրիջանյանից եւ Խաչիկ Մուղդուսուց): Բայց վիրավորանքը, անդաստիարակությունը, անպատկառ կեցվածքն ինձ համար մնում են այդպիսիք՝ անկախ նրանից, թե ում դեմ են ուղղված, դրանք, իմ ընկալմամբ, գտնվում են նույն հարթության վրա:

…Այս պահիս իսկապես քարոզչական պատերազմ է գնում մի կողմից քոչարյանականների (եւ նրանց միացած սերժականների), մյուս կողմից՝ նիկոլականների (եւ նրանց միացած լեւոնականների) միջեւ: Զսպվածության կոչեր անելն անիմաստ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Մնալու համար զուտ օրինական մակարդակի վրայ՝
    Երիտասարդներին այդ ակցիան կարող է որ քրէական հետապնդման արժանանար, սակայն օրինական ամենախիստ մեկնաբանութեամբ անգամ՝ վստահաբար ոչ այն աստիճանի ու այն ձեւով, որ կիրառուեցաւ իրենց նկատմամբ: Այս գետնի վրայ, համեմատական բաղդատականը վարչապետի տիտղոսին տիրացած անձի դրդումով դատաւորը դատարանին պատուհանէն վար շպրտելը կամ դատարանէն դուրս եկած ատեն սպառնական յերիւրանքներով շրջապատելը չէ, այլ աւելի շուտ, օրինակի համար՝ Նարեկ Մալյանը աղբաման նետելու գործողութիւնը, ուր մարմնային բռնութիւն, խոշտանգում ալ տեղի ունեցաւ, մինչ ցարդ ոչ մէկ – այդ ալ յատուկ կոշտութեամբ – կալանաւորում տեղի չունեցաւ, օրինական լրիւ գործընթացը անգամ ոնց որ սառած է:

    Այլեւս իսկապէս ի զուր է ձեւացնելը թէ այս բնոյթի քննարկումները որեւէ իմաստ ունին, Հայաստանի պարագային…
    (Իսկ եթէ նորէն «հապա նախկինո՛ւմ ո՞նց էր, որ» մաշած հանկերգը պիտի լսենք՝
    . նախ, նախկինում գոնէ որոշ ձեւակերպութիւններ կը պահպանուէին, տարրական decorum մը կար, սայթաքումները այսքան տեւական, այսքան կոպիտ եւ ակնյայտ չէին.
    . յետոյ՝ ժողովրդային խրախուսանքի, գոհունակութեան ճիչերու, եռանդուն ծափահարութիւններու տակ չէ որ տեղի կ’ունենային Օրէնքի Գերակայութեան խախտումները.
    . եւ վերջապէս՝ ի՞նչ իմաստ ունին շուտով երկու տարիէ ի վեր տեղի ունեցող իրադարձութիւնները, եթէ հիմա ել նոյնն է, առաջ ալ: Իսկ հեռու չէ պահը արդէն երբ շատեր պիտի սկսին անդրադառնալու թէ այժմ աւելի վատ է կացութիւնը, եւ դեռ շարունակելու է վատթարանալ:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
    https://haytougchamlian.blog/

  2. Aha says:

    The leadership of the country is supposed to set the behavioural example in the country. When you have a hardcore opposition activist as prime minister, this is what you get, i.e. the mood in the country will be in tune with the ‘opposition’ style: meetings, protests, insults, disputes, daily sensational news, perturbations, yelling, disrespecting, etc. All Nikol’s natural elements in which he feels at home and at ease.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031