Հիմա հերթական դիլեմայի առաջ ենք: Ինչպե՞ս վարվել Սահմանադրական դատարանի հետ: Մի կողմից՝ միանշանակ է, որ տասնամյակներով ՍԴ-ն կատարել է երկակի գործառույթ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով եզրակացություններ է տվել օրինագծերի սահմանադրական համապատասխանության վերաբերյալ, և՝ մերժել է համապետական ընտրությունների բողոքարկումները՝ փաստացի վավերացնելով ընտրության արդյունքները, որ չեն արտահայտել հասարակության իրական վերաբերմունքը:
Կա՞, թե՞ չկա հասարակական վստահություն Սահմանադրական դատարանի նկատմամբ: Նվազագույնը տարօրինակ է, որ այս ընթացքում որևէ սոցհարցում այս թեմայով չի կատարվել՝ պարզելու հասարակության վերաբերմունքը փաստերով: Փոխարենը հնչում են հայտարարություններ, պահանջներ, մեղադրանքներ: ՍԴ նախագահին անվստահության հարցը մտնում է ԱԺ: Անկախ նրանից, թե ինչ կվճռվի ԱԺ-ում ու հարցը ինչ ընթացք կստանա, ակնհայտ է, որ այս պայմաններում չկան իրապես անկախ Սահմանադրական դատարանն ու դատական համակարգ ունենալու նախադրյալներ: Մեծ է հավանականությունը, որ վերստեղծվելու է նոր ՍԴ, որ հիմա էլ ենթակա է գործող իշխանությանը:
Նույնը՝ դատարանների պարագայում՝ կվեթինգվեն, թե չեն վեթինգվի: Իրականում դատական համակարգի անկախությունը նրա անկախությունն է ոչ միայն իշխանությունից, այլև հասարակական կարծիքից:
Անկախ դատավորի համար չպետք է նշանակություն ունենա, թե ինչ է ուզում իրենից իշխանությունը, քաղաքական ուժերն ինչպե՞ս են իր աշխատանքը գնահատում, առավել ևս՝ որքա՞ն են իր որոշումները պոպուլյար: Նրա համար կա մեկ չափանիշ՝ օրենքը, նորից օրենքը ու վերստին օրենքը: Կա՞ն պայմաններ այդպես գործելու: Հազիվ թե: Մինչև այս հարցը չունենա միանշանակ ու հստակ պատասխան, ոչ մի նշանակություն չունի՝ ո՞վ է ՍԴ նախագահը: ՍԴ-ն նորից դառնալու է դե յուրե անկախ, դե ֆակտո ենթակա կառույց: Մնացածը բազմակի ստանդարտների դրսևորում է և հեղափոխական նպատակահարմարության շահարկում, երբ իրավական հարց են դառնում ՍԴ նախագահի քավոր-սանիկական հարաբերությունները, որ, մեղմ ասած, լուրջ չէ:
Կարդացեք նաև
Հրայր Թովմասյանին պետք չէ ո՛չ հերոս, ո՛չ հակահերոս դարձնել, իրադարձությունների զարգացումը նրան կանգնեցրել է քաղաքական ու անձնական ընտրության առաջ, որից մեծ հաշվով ոչինչ կախված չէ: Ենթադրենք, վաղը ՍԴ նախագահ է ընտրվում Անուն Ազգանունյանը, փոխվելու՞ է ՍԴ-ի նկատմամբ վերաբերմունքը: Նրա հրաժարականը օրախնդիր դարձրեց Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, այսինքն՝ հարցը քաղաքական է: Ստեղծված իրավիճակում ոչ միայն Հրայր Թովմասյանը, ՍԴ-ն է խնդրի առաջ՝ դիմադրե՞լ իշխանությանը, թե՞ հրաժարական տալ: Դիմադրությունը խոստանում է անկանխատեսելի ընթացք ու ելք, հրաժարականը վերածվում է մեղքի ընդունման, որը չի ձևակերպված և վտանգում է ՍԴ-ի հետագա ճակատագիրը՝ իբրև ՀՀ բարձրագույն դատարան: Փաստացի՝ կա՛մ տրվել պոպուլիզմին, կա՛մ՝ կառչել Սահմանադրության անձեռնմխելիությունից: Երկու դեպքում էլ՝ ո՛չ ՍԴ գործող դատարանը, ո՛չ հնարավոր նոր դատարանը չեն դառնալու այն, ինչ ակնկալվում է օրենքով: Իրական դիլեման դա է, ոչ թե Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը կամ՝ հրաժարականը: Որովհետև Հայաստանում գործում են բազմակի ստանդարտներ, ու դա արդեն իշխանության բրենդն է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում