Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են պատժվում Խաչատուրյան քույրերը՝ կոնֆետով թեյ խմելու և կոնֆետի թղթերը խոհանոցի սեղանին թողնելու համար: Տեսանյութը նկարել է նրանց հայրը՝ Միխայիլ Խաչատուրյանը:
Տեսանյութում հայրը գոռում է աղջիկների վրա, վիրավորում ՝ չափից շատ կոնֆետ ուտելու համար: Աղջիկները կանգնած են անկյունում և լալիս են՝ վախենալով շրջվել դեպի հայրը: Երբ քույրերից մեկը հրաժարվում է հոր կողմը շրջվել, նա հարվածում է աղջկան։
Քրիստինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Լիպցերի խոսքով՝ տեսանյութը ապացուցում է աղջիկների խոսքերը, որ հայրն իրենց մշտապես նվաստացրել է, խոշտանգել, սեռական բռնության ենթարկել։
Միխայիլ Խաչատուրյանի զարմիկը՝ Արսենը, իր հերթին արդարացրել է հորեղբոր արարքը՝ ասելով, որ աղջիկները կոնֆետները թափել էին տնով մեկ, ինչն էլ հունից հանել է նրանց հորը: Արսեն Խաչատուրյանի խոսքով՝ տեսանյութը վկայում է այն մասին, որ աղջիկները չեն լսել իրենց հորը, արել են այն, ինչ ցանկացել են: Նա նաև նշել է, որ տեսանյութի մեջ որևէ վատ բան չի տեսել:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Մարիա, Անգելինա և Քրիստինա Խաչատուրյանները մեղադրվում են 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին սպանելու համար: Սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018թ. հուլիսի 27-ին: Քույրերը խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։ Քննությունը շարունակվում է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ