Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող երեխաները նկարեցին հայտնի մարդկանց հետ. (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 30,2019 22:00

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը «Երեւան, իմ սեր» հիմնադրամի գրասենյակում մասնակցեց հիմնադրամի եւ «Առողջություն» ամսագրի համատեղ նախագծի՝ հատուկ կարիքների եւ առողջական խնդիրների վերաբերյալ իրազեկման արշավին, որին ներկա էին դիվանագետներ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, օպերային ճանաչված երգչուհի Հասմիկ Պապյանը, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը եւ տարբեր ոլորտների այլ ներկայացուցիչներ:

«Պատճառը, որ այստեղ եմ գտնվում, «Երեւան, իմ սերն» է: Այս հիմնադրամը, որ ստեղծվել է իմ ամուսնու եւ արքայազն Չարլզի ջանքերով, շատ օգտակար աշխատանք է կատարում: Հիմնադրամի նպատակն է գտնել վտանգված պատմական կառույցներ, վերականգնել դրանք եւ վերականգնված կենտրոնները տրամադրել մեր հասարակությանը: Այժմ էլ «Երեւան, իմ սեր» հիմնադրամի այս գեղեցիկ շենքում օթեւան է գտել «Լուսէ» կենտրոնը, որի հիմնական նպատակն է երեխաների հետ վերականգնողական աշխատանք տանելը»,- նշեց Նունե Սարգսյանը: Հավելեց, որ «Լուսէն» ոչ միայն երեխաների, այլեւ նրանց ծնողների հետ է աշխատում, քանի որ հաճախ ծնողները ֆիզիկապես եւ հոգեպես սպառվում են հաշմանդամություն ունեցող իրենց երեխաների հետ աշխատելիս եւ նրանց նոր լիցք է անհրաժեշտ ու համբերատարություն:

Տիկին Սարգսյանը հիշեց, թե ինչպես մի շրջան չի կարողացել քայլել. «Երբ ապաքինվեցի, ամեն առավոտ շնորհակալություն էի ասում իմ ոտքերին… Մենք երբեմն մոռանում ենք, թե ինչ կարեւոր է առողջությունը: Պատկերացրեք այն փոքրիկների վիճակը, որ լավ չեն լսում, չեն խոսում ու տեսնում, աուտիկ են, դաունի համախտանիշ ունեն…»: Ապա` ընդգծեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի բոլոր երեխաներն իրենց հասարակության լիարժեք անդամ զգան: Նաեւ ասաց, որ օրինակ իր թոռնիկները միշտ պատրաստակամ են աջակցել հաշմանդամություն ունեցող այլ բալիկների:

«Երեւան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը կարեւորեց իրենց եւ «Առողջություն» ամսագրի համատեղ նախագիծը, կոչ արեց ավելի մեծ ուշադրությամբ ու հոգատարությամբ շրջապատել իր ձեւակերպմամբ առանձնահատուկ երեխաներին: Նա հայտնեց իրենց փոքրիկ փորձարարության մասին՝ իբրեւ իրազեկման արշավի խորհրդանիշ միջոցառման հյուրերն ու հաշմանդամություն ունեցող երեխաները համատեղ նկարներ պետք է ստեղծեին, որոնք «մեկնելու» են շրջագայության:

«Երեւան, իմ սեր» հիմնադրամի «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական կենտրոնի սաները ոչ միայն կատարեցին Կոմիտասի ստեղծագործություններից, այլեւ հյուրերի հետ միասին նկարեցին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30