Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ու՞ր մնաց օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը…». Էդմոն Մարուքյան

Սեպտեմբեր 30,2019 19:50

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իսկ ու՞ր մնաց օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը կամ հետո չասեք, թե չեմ ասել.

Երեկ տեղեկացանք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը` դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Սարգիս Օհանջանյանին կալանավորելու վերաբերյալ: Ավելի վաղ դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է գործով անցնող մյուս մեղադրյալ Նարեկ Մութաֆյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Այսպիսով, սեպտեմբերի 27-ին դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած խայտառակ միջադեպի գործով 2 կալանավորված անձ կա, ովքեր մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ:

Այս կապակցությամբ՝ հարկ է ընդգծել, որ հունիսի 5-ին ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ ևս տեղի է ունեցել ոտնձգություն, որի մեղավորները մնացել են բացարձակապես անպատիժ։ Ընդ որում, դեռ հարց է, թե ում նկատմամբ իրականացված ոտնձգությունն է կրել ավելի կոպիտ ու դատապարտելի բնույթ, քանի որ դատավոր Գյուլումյանին հասցվել են անձնական վիրավորանքներ, խոչընդոտվել է նրա տեղաշարժը։

Ընդգծեմ նաև, որ Աննա Դանիբեկյանին դիմող անձը կրկնում է վարչապետ Փաշինյանի խոսքերը «վնգստացող դատավորների» մասին։ Չե՞ք կարծում, որ սա ուղղակի հետևանքն է նրա, որ երկրի ղեկավարի կողմից ոչ պատշաճ բառամթերք է օգտագործվել դատական իշխանության ու դատավորի կերպարի վերաբերյալ։ Եվ նշվածն արդյունավետ կերպով օգտագործվում է արդեն երկրի դատական իշխանության դեմ՝ այն տրամաբանությամբ, որ եթե վարչապետին ուղիղ եթերում կարելի է անարգել դատավորներին, ապա ինչո՞ւ հասարակ քաղաքացիները չեն կարող անել բացարձակապես նույն բանը՝ կոնկրետ դատավորի նկատմամբ։

Այսպիսով ակնհայտ է, որ տեղի ունեցածի սերմերը ցանվել են երկրի ղեկավարի կողմից՝ դատարանները շրջափակելու և գործադիր իշխանության ղեկավարին ոչ հարիր հայտարարություններ անելու նախադեպերն ստեղծելով։

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի հասցեին ևս տարբեր հանրային հարթակներում հնչեցվել են անհարգալից խոսքեր, իսկ դատավոր Դավիթ Բալայանի նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն՝ թույլ չտալով մուտք գործել իր աշխատավայր՝ դատարան։ Քրեական պատասխանատվության ի՞նչ միջոցներ են կիրառվել այդ արարքների հեղինակների նկատմամբ։

Այո, դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, սպառնալիքը, վիրավորանքը, առավել ևս բռնությունը պետք է քրեորեն հետապնդվեն, և մենք լիարժեք համաձայն ենք այն մտքին, որ դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած ու վիրավորած անձը պետք է պատասխան տա իր արարքի համար։ Սակայն փաստն այն է, որ օրենքի առջև հավասարության կարևորագույն սկզբունքն, այսպիսով` խախտվում է, քանի որ քրեական ներգործության չեն ենթարկվել այլ դատավորների արժանապատվությանն ու այլ իրավունքներին ոտնձգած անձիք։ Եվ այստեղ անզեն աչքով էլ տեսանելի է գործող իշխանությանը «հաճելի» և «անհաճո» լինելու հանգամանքով պայմանավորված ընտրողականությունը։

Ինչ վերաբերվում է Բարձրագույն դատական խորհրդին, ապա այդ այդպես էլ չկայացած մարմինը նույնպես ընտրողաբար է արձագանքել և արձագանքում դատական իշխանության և դատավորների նկատմամբ եղած ոտնձգություններին։

Մյուս կողմից, 1 տարի առաջ նույն հոդվածի 3-րդ մասով (արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով) մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին և նրան նկատմամբ, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ավելին, գործը միացվել է 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործին, իսկ ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար։ Սակայն կալանավորման միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է։ Մինչդեռ, երեկվա կալանավորումների դեպքերով տուժող կողմը գործող դատավոր է, իսկ մեղադրյալները չունեն իշխանական որևէ լծակ կամ այլ միջոց՝ իրենց նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքին միջամտելու համար, առկա է նաև քրեական օրենսգրքով նախատեսված արարքի կատարման ուղղակի ապացույց հանդիսացող տեսագրությունը։ Այսպիսով ակնհայտ խնդիր է ծագում խափանման միջոցի համաչափության և ընտրողականության մասին։

Պետք է հիշել բոլոր ժամանակների անբեկանելի ճշմարտությունը` անկախ հետապնդվող նպատակի կարևորությունից և արդարացիությունից՝ օգտագործող միջոցներն ու գործիքներն ի վիճակի են ոչնչացնելու արդարության ամբողջ էությունը, եթե դրանք ընտրովի են և չեն կիրառվում բացարձակապես բոլորի նկատմամբ և միօրինակ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ինքնին, անթերի յայտարարութիւն է: Պրավո:

    Սակայն ինչո՞ւ նոյն մակարդով, նոյն անկեղծութեամբ, նոյն յանդգնութեամբ, բան չէք ասում Ռոբերտ Քոչարյանի վիճակուած դատական խեղկատակութեան մասին… Նոյնիսկ հերքում էք ակնյայտ իրականութիւնը:

    Ուրեմն, Ձեր ընդդիմական կեցուածքն ալ՝ ընտրովի է: Եւ կայ այստեղ ընդհանուր արժանահաւատության հիմնական հարց:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30