«Դա պատվաբեր չէ երկուսի համար էլ»,-«Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԱԾ պետի պաշտոնից հրաժարական տված Արթուր Վանեցյանի հեռակա առճակատմանը, ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա վարչապետին եւ ԱԱԾ նախկին պետին կոչ արեց զուսպ լինել եւ պաշտոնյային հարիր պահվածք դրսեւորել, եւ դա վերաբերում է բոլոր ժամանակների պաշտոնյաներին:
«Այդ ամենն անլուրջ իրավիճակ էր՝ պետականությանը ոչ հարիր: Դա վերաբերում է նաեւ անվտանգության համակարգի ծառայողներին, վարչապետին, չէ՞ որ միջազգային հանրությունը դա տեսնում է եւ հետեւություններ անում»,-համոզմունք հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Գնահատելով Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքը՝ «Ժառանգության» առաջնորդը շեշտեց, որ շատ բան կախված է վարչապետի անձից. «Իսկ դա մտահոգիչ է: Պետությունը կախման մեջ է մի անձից, նրա որոշումից: Փաշինյանը ճիշտ պահի դարձավ ժողովրդի սուրհանդակը, բայց հիմա պետք է մտածել նաեւ հաջորդների մասին: Մեզ ձեռնտու չի տեսնել վարչապետի անձնական տապալումը, ոչ էլ պետության»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև