«Որպես Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի շահերի պաշտպան՝ նրանց հետ կատարվածը որակում եմ որպես անօրինականություն»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Վահե Եփրիկյանը:
Հիշեցնենք՝ երեկ դատարանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Սեպտեմբերի 29-ին դատարանը բավարարեց նաև Քոչարյանի մեկ այլ աջակից Սարգիս Օհանջանյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
Ըստ Վահե Եփրիկյանի՝ ի սկզբանե ողջ գործընթացը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտումներով: Նա պատմեց, որ Նարեկ Մութաֆյանը երեկ՝ ժամը 20.00-ին, գնացել է տուն, որևէ փախուստի փորձ կամ ոչ իրավաչափ վարքագծի դրսևորում չի եղել: Գիշերը ժամը երեքի սահմաններում ոստիկանության աշխատողները, հանդես գալով որպես շտապօգնության աշխատողներ, թակել են նրանց դուռը և բերման ենթարկել Նարեկին:
Փաստաբանը հարցրեց. «Մի՞թե Նարեկին հրավիրել էին հարցաքննության, չէր ներկայացել կամ ծանուցում էին ուղարկել, արհամարհվել էր վարույթն իրականացնող մարմնի պահանջը: Ոստիկանության աշխատողները եկել և կազմակերպել են «մասկի շոու», անձին բերման ենթարկել Շենգավիթի ոստիկանության բաժին և ձերբակալել, բայց ձերբակալման ոչ մի հիմք այս պարագայում չունեն»:
Կարդացեք նաև
Ըստ Վահե Եփրիկյանի՝ դատավորները կայացրել են կալանքի բացառիկ ապօրինի դատական ակտեր, ինչի պատճառով իր պաշտպանյալները ապօրինի կերպով գտնվում են անազատության մեջ:
Ռոբերտ Քոչարյանի աջակից Գագիկ Բաղդասարյանն առաջարկեց հիշել, թե ովքեր են Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը: Նա հիշեցրեց, որ օրեր առաջ համացանցում տեղադրվեց մի տեսանյութ, որում տղաները նմանակում էին Փաշինյանին: Նմանակում էին նաև այն գործընթացը, որի Նիկոլ Փաշինյանը զրուցում էր Հայկ Մարությանի հետ. «Դրանից հետո ևս մեկ տեսանյութ հրապարակվեց համացանցում, որում Նարեկը ծաղրում էր Փաշինյանին, թե ինչպես է նա Երևանում զբոսաշրջիկների հետ զբոսավարի դեր կատարում: Եթե հիշում եք այս տեսանյութերը, կարող եք հասկանալ, թե որտեղից հարուցվեց այս քրեական գործը: Սա վենդետա կոչված քրեական գործն է, որի արդյունքում սկսել են ճնշում գործադրել նախագահ Քոչարյանի աջակիցների նկատմամբ»:
Վահե Եփրիկյանը պնդեց՝ իր պաշտպանյալները քաղաքական բանտարկյալներ են. «Ունենք իրավիճակ, որ իմ պաշտպանյալներին կալանավորել են, վերջիններս ունեն մեղադրյալի կարգավիճակ, և ես համարում եմ, որ իմ պաշտպանյալները քաղբանտարկյալներ են: Ի՞նչ ասել է քաղբանտարկյալներ: Նույնական իրավիճակում մեկ պարագայում անձի նկատմամբ իրականացվում են որոշակի պրոցեսներ, նույնաբովանդակ այլ պարագայում չեն իրականացնում: Բնականաբար, մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ»:
Գագիկ Բաղդասարյանը պնդեց՝ Նարեկ Մութաֆյանի կողմից դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ ոչ մի վիրավորական գործողություն, խոսք չի թույլ տրվել. «Նարեկն ընդամենը պնդել է այն հարցադրումը՝ արդյոք տիկին Դանիբեկյանը վնգստացող դատավորների ցուցակում ներառված դատավո՞ր է, թե՞ ոչ: Տիկին Դանիբեկյանը պարբերաբար փորձել է ագրեսիվ դրսևորումներ ցույց տալ, հարվածել է Նարեկ Մութաֆյանի ձեռքին ու կոտրել նրա հեռախոսը: Նարեկը բացառապես վերարտադրել է վարչապետի հայտարարությունը հարցադրման տեսքով»:
Քոչարյանի աջակիցները զուգահեռներ անցկացրին, թե ինչպես էին վարվում ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանի հետ, բայց տվյալ անձինք որևէ պատասխանատվության չենթարկվեցին՝ ի տարբերություն Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի:
Վահե Եփրիկյանն ասաց, որ Նարեկի և Սարգիսի կալանավորման պատճառը նրանց քաղաքական և քաղաքացիական հայացքներն են: Նա տեղեկացրեց, որ գիշերը ժամը հինգին Նարեկը որպես կասկածյալ հարցաքննվել է, նրան մեղադրանք է առաջադրվել. «Ինչ տեղի է ունեցել, 24 ժամը չի գերազանցել: Սա հրատապության կարգավորման նման կայծակնային արագությամբ է եղել: Ոստիկանական, քննչական մարմիններն աշխատել են և փորձել ներդնել ամբողջ ջանասիրությունը: Ձևավորվել է նույնիսկ քննչական խումբ. մի քանի քննիչներ փորձել են կատարել ամեն ինչ, որ պաշտպանյալներս հայտնվեն քրեակատարողական հիմնարկում»:
Գագիկ Բաղդասարյանն էլ ամփոփեց, որ սա իրավական և քաղաքական «բեսպրեդելի» հետևանքն է, որ տեղի է ունենում մեր երկրում և որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ