Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանի սանիկի մոտ նախաինֆարկտային նշաններ են գրանցվել. Տիգրան Աթանեսյան

Սեպտեմբեր 30,2019 17:15

Դատարանն այսօր՝ երեկոյան, կքննի Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի խափանման միջոց կալանքն ընտրելու մասին վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը:

«Եթե մեղադրանքն ունենա փաստարկ, կարելի է մտածել հակափաստարկների մասին: Իսկ մեղադրանքը գեղարվեստի ոլորտի ստեղծագործություն է, որին հակափաստարկ բերել ես ոչ սովորել եմ, ոչ էլ՝ ձեւը գիտեմ»,- Aravot.am-ին ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Տիգրան Աթանեսյան

Նրա խոսքով, իր պաշտպանյալի մոտ շաբաթ օրը գրանցվել են նախաինֆարկտային նշաններ, քննչական կոմիտեում նրա ինքնազգացողությունը վատացել է, սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել, տեղափոխվել է հիվանդանոց, հետազոտվել է. «Չեմ հասկանում՝ ինչու են բժիշկներն այդքան շուտ Նորայրին հանձնել քննչական մարմնի ձեռքերին, որովհետեւ իմ համոզմամբ՝ լրացուցիչ հետազոտությունների կարիք կար»:

Նա հաստատեց, որ իր պաշտպանյալին չեն վիրահատել, ինչպես լրատվամիջոցներից մեկն էր տարածել:

Տիգրան Աթանեսյանի համոզմամբ՝ իր պաշտպանյալին իրավապահները թիրախավորել են Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին հարվածելու նպատակով: Նորայր Փանոսյանը Հրայր Թովմասյանի ե՛ւ ընկերն է, ե՛ւ սանիկը:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ կատարված նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նորայր Փանոսյանը 2011-2014թթ. զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական, տնօրինչական, կարգադրիչ ու վերահսկողական լիազորություններով, դեռևս չպարզված, նույն նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ միասին, շահադիտական նպատակներով, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2013թթ. ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին տրված բանավոր կարգադրություններով և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով, իսկ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 43 շենքի 55 հասցեի տարածքում գործող նոտարին՝ տարածքի սեփականաշնորհմանն իրենց ներգրավվածության մասին անուղղակի տեղեկացնելով, զրկել են վերջիններիս «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ որպես նախկինում նշանակված և որակավորման քննություն հանձնած նոտարների, իրենց անհատույց օգտագործման իրավունքը գրանցել իրենց միջոցներով վերանորոգված և իրենց կողմից զբաղեցված՝ ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի թիվ 604-Ն որոշմամբ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող վերը նշված տարածքների նկատմամբ՝ նպատակ ունենալով ինքնուրույն ձեռք բերել այդ անշարժ գույքերը, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության, Երևան համայնքի, ինչպես նաև նշված նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30