Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռական բռնության դեպքեր 40 անչափահասի նկատմամբ

Սեպտեմբեր 30,2019 16:48

2017 թվականին ընդունվել է ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենքը, սակայն այն մի շարք թերություններ ունի, ինչի արդյունքում շատերը պարզապես չեն կարողանում պաշտպանվել օրենքով: Այսօր «Հոդված 3» ակումբում այսպիսի կարծիք հայտնեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները, որոնք քննարկում էին կազմակերպել Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան՝ հոկտեմբերի 1-ին ընդառաջ եւ այդ օրն ընտրվել է, երբ 2010 թվականի հոկտեմբերի 1-ին դաժան ծեծից, ընտանեկան բռնությունից մահացավ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը:

Այսօր քննարկման մասնակիցները ներկայացրեցին ընտանեկան բռնության դեպքերով ոստիկանության վիճակագրությունը. ՀՀ տարածքում 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, ըստ օպերատիվ ամփոփագրերի, գրանցվել է ընտանիքում բռնության 1270 ահազանգ, որից 570 դեպքով բռնություն գործադրած անձի նկատմամբ կայացվել է նախազգուշացում, իսկ 170 դեպքով՝ անհետաձգելի միջամտության որոշում: Նույն ժամանակահատվածում 73 դեպքով իգական սեռի 74 ներկայացուցչի նկատմամբ կատարվել են սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործություններ, 39 դեպքով՝ 40 անչափահասի նկատմամբ կատարվել են սեռական ազատության եւ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ, որոնցից 38 դեպքով՝ 39 անչափահաս աղջիկների նկատմամբ:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի իրավաբան Ստելլա Չանդիրյանն ասաց՝ օրենքում նշված է, որ կա ընտանիքում բռնության 4 տեսակ՝ ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական եւ սեռական. «Բայց ինքնին ընտանեկան բռնությունը օրենսդիրը չի քրեականացրել: Օրինակ, սեռական բռնությունն այն արարքն է, որը քրեական օրենսգրքով անձի սեռական անձեռնմխելիության կամ ազատության դեմ ուղղված հանցագործություն է, բայց քրեական օրենսգրքում սահմանափակ քանակությամբ հոդվածներ կան, ասենք՝ կանանց սեռական օրգանների խեղումը, եթե նման դեպք արձանագրվի, այն չի տեղավորվելու ո՛չ ընտանեկան բռնության պաշտպանության տեսանկյունից եւ ո՛չ էլ քրեական օրենսգրքի: Նույնը վերաբերում է վաղ ամուսնություններին»:

Քննարկմանը ներկա «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ներկայացուցիչ Ժենյա Մայիլյանն էլ նկատեց՝ ՄԻԱՎ-ով ապրող կանայք կրկնակի խոցելի են բռնության նկատմամբ, նրանք եւս պաշտպանված չեն: Մայիլյանը դեպքեր պատմեց, երբ օրինակ՝ ընտանիքի անդամները խոչընդոտում են, որ կինը գնա եւ ստանա իր համար կենսական նշանակության դեղորայքը կամ անցնի պարբերական հետազոտությունները, որոնք պարտադիր են: Այս կանայք, ինչպես ասաց Մայիլյանը, դիմելու որեւէ տեղ չունեն. «Չեն կարող դիմել ոստիկանություն եւ նույնիսկ չեն էլ դիմում, չեն բողոքում, որ իրենց նկատմամբ բռնություն է կիրառվում։ Երբ նրանց բացատրել ենք, որ դա բռնություն է իրենց նկատմամբ, եւ եթե դեղերը չխմի՝ կմահանա, ասել են՝ ոչինչ, ես գերադասում եմ դեղերը չխմեմ, քան մեր ընտանիքում խոսակցություն լինի»:

Եղել է դեպք, ըստ Մայիլյանի, կինը թեեւ գիտակցում է, որ բռնության է ենթարկվում, սակայն չի կարողանում դիմել որեւէ մեկի օգնությանը, քանի որ ընտանիքի անդամները, ամուսինը նրան սպառնացել են՝ եթե գնաս, բաժանվես՝ բոլորին կասեմ, որ ՄԻԱՎ-ով հիվանդ ես. «Մի դեպք էլ՝ կինը համարձակություն էր ձեռք բերել ու ամուսնալուծվել, ամուսինը նրա բոլոր ընկերներին հաղորդագրություն էր ուղարկել՝ դրա հետ մի շփվեք, դա սպիդ ա»:

Քննարկման մեկ այլ ներկայացուցիչ, «Փինք Արմենիա» ՀԿ Հասմիկ Պետրոսյանն էլ նշեց՝ ընտանեկան բռնության դեմ օրենքի ընդունմամբ ԼԳԲՏ անձինք եւս չեն պաշտպանվում, նրանք եւս ենթարկվում են ֆիզիկական, հոգեբանական ու տնտեսական բռնության. «Մենք ավելի շատ գործ ունենք ծնողների կողմից երեխաների նկատմամբ բռնության դեպքերի հետ, քան զուգընկերների միջեւ բռնության։ Նման դեպքեր նույնպես կան, բայց այս պահին դրանց վերաբերյալ տեղեկություններն ավելի քիչ են։ Մենք նման անձանց տրամադրում ենք սոցիալական աշխատողի աջակցություն, բայց, իհարկե, հասարակական կազմակերպությունների ռեսուրսները շատ սուղ են։ Այն աջակցությունը, որ պետությունը պետք է տրամադրի եւ այն ռեսուրսները, որ նա ունի, հասարակական սեկտորը չի կարող ապահովել, եւ պետությունն այդ ուղղությամբ պետք է ջանքեր գործադրի»: Պետրոսյանն ասաց, որ շատ են դեպքերը, երբ անձն իր սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով ոչ միայն ընտանիքից է վտարվում, այլեւ զրկվում է կրթության իրավունքից, սոցիալական պաշտպանվածությունից:

«Եթե չափահաս անձանց դեպքում խնդիրն ավելի լուծելի է, անձինք կարող են ինքնուրույն աշխատանք գտնել կամ ինքնուրույն հոգալ կրթության ծախսերը, ապա անչափահասների դեպքում խնդիրն այլ է, եւ հասարակական կազմակերպությունները, որոնք այս խմբի անձանց իրավաբանական ու սոցիալական աջակցություն են տրամադրում, դժվարանում են անչափահասների հետ աշխատանքի ոլորտում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հոդվածը պատրաստվել է ԵՄ եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ: Դրա բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը, այն չի արտացոլում ԵՄ եւ ԲՀՀ- Հայաստանի տեսակետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30