Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը դիտարկում է Հայաստանը Պարսից ծոցի տաք ջրերին և Հնդկական օվկիանոսին կապելու հնարավոր բոլոր տարբերակները. Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար

Սեպտեմբեր 30,2019 16:17

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացմանն ուղղված աշխատանքներն ավելի համակարգված կերպով իրականացնելուն առնչվող մի շարք հարցեր:

Նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել երկու երկրների քաղաքական, տնտեսական և բարեկամական կապի ներկայիս մակարդակը և ընդգծել, որ հայ-իրանական համագործակցության դարավոր պատմությունը մերօրյա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում տնտեսական կայուն զարգացման հեռանկարներ է խոստանում։ «Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն և ունենալով նպաստավոր աշխարհաքաղաքական դիրք,  կարող է տարածաշրջանային կարևոր հանգույցի դերակատարություն ունենալ և իրականացնել մի շարք հավակնոտ ծրագրեր։ Այժմ լայն թափով իրականացվող Հյուսիս-Հարավ արագընթաց ավտոմայրուղու կառուցումը մեզ հնարավորություն կտա կարևոր միջանցք ձևավորել Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստների միջև՝ միևնույն ժամանակ հաղորդակից դառնալ Մետաքսի ճանապարհի և դեպի Հեռավոր Արևելք գնացող շուկաների ընձեռնած տնտեսական ներուժին»,- նշել է նախարարը՝ միաժամանակ արձանագրելով այս կարևոր գործում Իրանի առանցքային դերակատարությունը։

ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին խոսել է Հայաստանի և Իրանի միջև անքակտելի կապի մասին և նկատել, որ հայերի հետ հարևանությունը իրանցի ժողովրդի մոտ բարեկամական զգացողություն է առաջացնում։ Անդրադառնալով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերին՝ նախարար Մոհամադ Էսլամին տեղեկացրել է, որ Իրանը դիտարկում է Հայաստանը Պարսից ծոցի տաք ջրերին և Հնդկական օվկիանոսին կապելու հնարավոր բոլոր տարբերակները։ Զուգահեռաբար նա կարևորել է Հայաստանի միջոցով Ռուսաստանին և Եվրոպային կապվելու իրանական կողմի հեռանկարները՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ ներգրավվել մեր երկրում իրականացվող երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում։

Ամփոփելով՝ նախարար Պապիկյանը վերահաստատել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման և բոլոր ուղղություններով փոխգործակցության խորացմանը միտված հայկական կողմի պատրաստակամությունը։

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30