Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակազիտական համալսարանի ռեկտոր՝ Կարինե Հարությունյանը համալսարանի աշխատակազմի անունից շնորհավորական ուղերձ է հղել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Գեղամ Գեւորգյանին՝ Մայր բուհի100-ամյակի առիթով:
«Մեծարգո՝ պարոն Գեղամ Գեւորգյան
Սիրով եւ ջերմությամբ շնորհավորում ենք բոլոր համալսարանականներին Մայր բուհի 100-ամյա հոբելյանի առթիվ: Ստեղծվելով պատմական դժվարին ժամանակներում՝ Երեւանի պետական համալսարանը դարձավ մեր ժողովրդի գոյատեւման եւ զարգացման ամենակարեւոր գրավականը, ոգեղեն փարոսը, հույսն ու անուրջը: Համալսարանի հիմնադրմամբ հայ ժողովուրդը ջարդին, ավերումին հակադրեց իր կառուցող, խորհող ու ստեղծագործող ոգին:
Լավագույն մտավորականներ տված ու սերունդներ կրթած մայր օջախը 100 տարիների ընթացքում եղել է ոչ միայն երկրի գիտակրթական, այլեւ հասարակական-քաղաքական մտքի կենտրոնը: Այն 100 տարի շարունակ կարողացել է պահպանել եւ սերունդներին փոխանցել հայ ինքնության որակները, հայկական մշակութային արժեքները, որը հնարավոր է միայն մեծ նվիրումի ու անդուլ ջանքերի շնորհիվ:
Կարդացեք նաև
Համալսարանը գիտության տաճար է եղել բազում սերունդների համար: Կրթական այս օջախի բոլոր ժամանակների մանկավարժների նվիրական աշխատանքի շնորհիվ հազարավոր ուսանողներ ստացել են ոչ միայն հարուստ գիտելիքներ, այլեւ ամրապնդել են իրենց ազգային ինքնությունը՝ հոգում եւ սրտում վառ պահելով հայրենիքի հանդեպ անսպառ սերն ու գոյության հայրենասերներ տեսլականը:
Մեկ անգամ եւս մեր ջերմագին շնորհավորանքներն ենք ուղղում Զեզ՝ մաղթելով ուժ եւ կորով, անսպառ եռանդ՝ ձեր ազգանպաստ ու հայրենանվեր առաքելությունը շարունակելու եւ նոր նվաճումներ ու հաղթանակներ գրանցելու՝ հանուն հայ ժողովրդի եւ Մայր հայրենիքի հարատեւության:
Փա՛ռք ու պատիվ ձեզ, սիրելի՛ համալսարանականներ»:
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակազիտական համալսարանի մամուլի հաղորդագրություն