Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քաջ հասկանալով, որ սպայի կյանքը կախված է մազից՝ մարզպետը ճիշտ չի համարել իր հետագա պաշտոնավարումը». Պապիկյանը՝ Վայոց ձորի մարզպետի հրաժարականի մասին

Սեպտեմբեր 30,2019 15:46

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում Վայոց ձորի մարզպետի օգնականի հետ կապված միջադեպին անդրադարձավ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքում Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի, մարզպետարանի աշխատակիցների եւ զինվորականների միջեւ տեղի է ունեցել միջադեպ, որի հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել փոխգնդապետ Արա Մխիթարյանը՝ մարմնական ծանր վնասվածքներով: Ներկայումս բժիշկները նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում: Դրանից հետո մարզպետը վայր էր դրել իր լիազորությունները:

Հարցին՝ դուք զրուցե՞լ եք մարզպետի՝ Տրդատ Սարգսյանի հետ՝ Պապիկյանը պատասխանեց. «Այո, իհարկե, զրուցել ենք, այդ զրույցի ընթացքում եկել ենք ընդհանուր համաձայնության: Իհարկե, որոշումը մարզպետինն է՝ հաշվի առնելով իրավիճակը եւ այն խնդիրը, որ ունենք զինվորական, որը պայքարում է կյանքի համար: Նա քաղաքական որոշում է ընդունել ցած դնել իր լիազորությունները՝ համարելով, որ այդպես ավելի մարդկային ու բարոյական է՝ անկախ նրանից, թե հետաքննությունն ինչ արդյունքների կհանգի»:

Պապիկյանը վստահեցրեց, որ Տրդատ Սարգսյանը ժխտում է իր մասնակցությունն այդ միջադեպին:

Հարցին՝ գուցե չի մասնակցել, բայց իր քայլով մարզպետն անուղղակի ընդունե՞լ է իր մեղավորությունը՝ Պապիկյանը պատասխանեց. «Հավատացեք, մարզպետի որոշումը ցած դնել լիազորությունը, մեծապես կախված է ստեղծված իրավիճակից: Քաջ հասկանալով, որ սպայի կյանքը կախված է մազից՝ մարզպետը ճիշտ չի համարել իր հետագա պաշտոնավարումը՝ անկախ նրանից, թե նախաքննությունը ինչ կպարզի»:

Խոսելով ԵԱՏՄ-ի մասին, Պապիկյանն ասաց, որ «Հայաստանը մեծ սպասելիքներ ունի ԵԱՏՄ-ի հետ կապված, ունի հավակնություններ դառնալ տարածաշրջանային հանգույց եւ կապող օղակ, խաչմերուկ արեւելքի եւ արեւմուտքի, ինչպես նաեւ Սեւ եւ Պարսից ծոցի նավահանգիստների միջեւ: Դրա վառ օրինակը մեր հետեւողականությունն է եւ պատրաստակամությունը շարունակել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել