Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքով կսահմանափակվի զվարճանքի և ժամանցի որոշ հաստատությունների գործունեությունը մայրաքաղաքում

Սեպտեմբեր 30,2019 15:41

Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքով սեպտեմբերի 26-ից կսահմանափակվի զվարճանքի և ժամանցի որոշ օբյեկտների գործունեությունը: Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում սնկի պես աճող այդ հաստատությունները տասնամյակներ շարունակ քաղաքի բնակիչների համար իսկական գլխացավանք էին դարձել:

«Ուսումնասիրել ենք երկար տարիների ընթացքում բնակիչների բողոքները, նաև ուսումնասիրել ենք այդ բողոքների հիմքերը, և պարզվել է, որ շատ հաճախ մասնավորապես զվարճանքի օբյեկտները գիշերային ժամերին իրենց տեղակայումով, գտնվելով բազմաբնակարան շենքերի տակ, խաթարում են բնակիչների հանգիստը և շատ հաճախ նույնիսկ հանդիսանում քրեածին իրավիճակի պատճառ: Վաղուց հասունացել էր անհրաժեշտությունը՝ ընդունելու սահմանափակման ենթակա օբյեկտների մասին դրույթը և Ազգային ժողովը 2018թ. սեպտեմբերին ընդունեց սահմանափակման ենթակա օբյեկտներին վերաբերող օրենքը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Դիսկոտեկներ, կարաոկեներ, հեստապարային ակումբներ ու շոգեբաղնիքներ: Հիմնականում սրանք են այն օբյեկտները, որոնք ընդգրկված են սահմանափակման ենթակա հաստատությունների ցանկում:
«Բազմաբնակարան շենքերի տակ կամ դրանց տարածքում, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերում, բժշկական, կրթական և պատմամշակութային հաստատություններում գտնվող զվարճանքի օբյեկտները օրենքի ուժով դուրս են գալիս տվյալ շինությունների տարածքներից»,-նշում է Հովիկ Սաֆարյանը:

Կեսգիշերն անց նման հաստատությունների գործունեությունը իրավախախտման բազմաթիվ դեպքերի պատճառ է դարձել: ՀՀ ոստիկանության տվյալներով՝ այս տարվա 9 ամսվա ընթացքում արձանագրվել է 563 իրավախախտում:
«Տարբեր դեպքեր են լինում, քանակն իհարկե մեծ է, որը բնակչության դժգոհությունն է առաջացնում: Լինում են և իրավախախտումներ, օրինակ, լռության կանոնների խախտմանն առնչվող, լինում են նաև հանցագործություններ. խուլիգանություններ, մարմնական վնասվածքներ նաև ծանր մարմնական վնասվածք: Այսինքն, նշված հատվածներում տնտեսվարողներն իրենց գործունեությունը ծավալելիս խախտումները և հանցագործությունները ծնող պայմաններ են ստեղծում»,- ասում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը:

«Գիշերային օբյեկտներ ենք այցելել և ինքներս համոզվել, որ այդ հաստատություններն աշխատում են օրենքի կոպիտ խախտումով. շատ հաճախ աշխատում են որպես ֆիզիկական անձ՝ չունենալով պետական գրանցում, հարկային օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով»,- ընդգծում է առևտրի և սպասարկումների վարչության պետը:

Օրենքի խստացմանը զուգահեռ՝ տնտեսվարողներին, ի դեպ, առաջարկվում է այդ վայրերում փոխել գործունեության տեսակը, որը չի խաթարի համակեցության կանոններն ու չի հակասի օրենքին: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը ավագանու քննարկմանը կներկայացնի որոշման նախագիծ:

«Նաև հաշվի ենք առել տնտեսվարողների շահերը, որպեսզի տնտեսվարողները չզրկվեն նման գործունեություն ծավալելու իրենց իրավունքից. տրվում է հնարավորություն այդ գործունեությունը ծավալել որոշակի հեռավորության վրա: Մասնավորապես, մեր կողմից նախապատրաստվում է ավագանու որոշման նախագիծ, որով առաջարկվում է օբյեկտները տեղավորել 100մ հեռավորության վրա»,- նշում է Հովիկ Սաֆարյանը:

Հետևողական պայքարի ու օրենքի խստացման շնորհիվ որոշ օբյեկտներ արդեն իսկ փոխել գործունեության վայրը կամ դադարեցրել գործունեությունը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30