Քիչ առաջ Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը: Այն կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը:
Հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վեհաժողովում հանդես կգա ելույթով և կպատասխանի պատվիրակների հարցերին:
Աշնանային նստաշրջանի ընթացքում ուղղակիորեն Հայաստանին վերաբերող օրակարգային հարց չկա: Բայց օրինակ՝ այս պահին Վեհաժողովին առաջարկ է ներկայացվել անցկացնել հրատապ քննարկում «ՌԴ-ում խաղաղ ցուցարարների ժողովրդավարական իրավունքների ոտնահարումն ու ճնշումները Մոսկվայի քաղաքային խորհրդի առաջիկա ընտրությունների ֆոնին» թեմայով:
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը մասնակցում է ամբողջական կազմով. պատվիրակությունում ընդգրկված բոլոր ութ պատգամավորները Ստրասբուրգում են:
Կարդացեք նաև
Նստաշրջանի ընթացքում շեշտադրում կկատարվի իրավական հարցերի վրա, օրինակ՝ ցուցմունք տվող անձանց իրավական պաշտպանվածությանը, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների չափանիշներին, ահաբեկչության զոհ դարձած անձանց պաշտպանությանը, հրեական մշակույթի պաշտպանությանը վերաբերող խնդիրների:
Աշնանային նստաշրջանի ընթացքում կքննարկվեն Արևելյան Եվրոպայում աշխատանքային միգրանտների խնդիրները և այլ հարցեր:
Կքննարկվի Մոլդովայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույց, Հյուսիսային Մակեդոնիայում իրականացված մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ զեկույց:
Վեհաժողովի ընթացքում պատվիրակները հարգեցին Ժակ Շիրակի հիշատակը, նրա հիշատակին նվիրված միջոցառում է նախատեսվում Եվրոպայի Խորհրդում:
Բացման խոսքում ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մարի Պասքիեն հայտարարեց, որ Վեհաժողովի հիմնական դասերից է այն, որ խնդիրների լուծման հիմնական գործիքը երկխոսությունն ու համագործակցությունն է: Այս համատեքստում ԵԽԽՎ նախագահը դրական համարեց այն, որ այս նստաշրջանին աշխատանքներին արդեն մասնակցում է ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությունը, ինչը հնարավորություն կտա համագործակցել ՌԴ խորհրդարանի հետ:
Սակայն ԵԽԽՎ նախագահը նշեց, որ այս նստաշրջանին չի մասնակցում ուկրաինական պատվիրակությունը. նրանք ուշացրել են հավատարմագրումը, սակայն հավանաբար ձմեռային նստաշրջանին կհասցնեն մասնակցել:
ԵԽԽՎ-ն ընտրեց նաև ԵԽԽՎ փոխնախագահ: ԵԽԽՎ նոր փոխնախագահն է իսպանական պատվիրակության անդամ Անտոնիո Գուչերեսը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ