Արցախի Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը դիմել է իր գործընկերներին` խնդրելով նրանց միջնորդությունը Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին ԱԺ «կոռեկտոր-մոնտաժող» նշանակելու համար:
2019թ. սեպտեմբերի 26-ին ԱԺ նիստի կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հայկ Խանումյանի տված հարցը Արցախի հանրային հեռուստատեսության եթերում հեռարձակվել է մոնտաժված տարբերակով, ինչից պարզ չի դառնում հարցի էությունը: Սովորաբար կառավարության հետ հարցուպատասխանը հեռարձակվում է առանց մոնտաժվելու: ԱԺ աշխատակազմից պարզաբանել են, որ Խանումյանի խոսքը հարցուպատասխանի ժամանակ մոնտաժվել է միայն կոռեկտության կանոնները պահելու միտումով:
Հայկ Խանումյանի հարցը խոշտանգումների մեջ մեղադրվող բարձրաստիճան ոստիկանին Ոստիկանության համակարգում վերանշանակելու մասին էր: Պատգամավորը հիշեցնում է, որ այդ ոստիկանի մասին ԱԺ քննիչ հանձնաժողովը բազմաթիվ հաղորդումներ էր ստացել ձերբակալված և կալանավորված անձանց խոշտանգելու վերաբերյալ: Խանումյանը հարց էր ուղղել, արդյոք նրան նշանակելով ոստիկանապետ թքած ունի ԱԺ կարծիքի վրա: Ահա այս մասն էլ հիմնականում կրճատվել էր, իսկ ԱԺ նախագահն այն համարել էր «ոչ կոռեկտ»:
«Վերածնունդ» խմբակցություն
Կարդացեք նաև
«Առավոտ». Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինն ավելի ուշ պարզաբանում տարածեց. «Ի պատասխան պատգամավոր Հայկ Խանումյանի ս.թ. սեպտեմբերի 29-ի հրապարակման, որ ս. թ. սեպտեմբերի 26-ին օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամին հնչեցված հարցը Արցախի Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվել է մոնտաժված, տեղեկացնում ենք, որ պատգամավորի խոսքից հանվել է միայն «թքած ունենալ» բառերը՝ ելնելով կոռեկտության միտումից»: