Այսօր առավոտից Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ցույց են անում: Գյուղացիների խոսքով, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի միջամտությամբ՝ իրենց համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները անօրինական ձեւով վայր են դրել:
Այս պահին գյուղապետն արձակուրդում է գտնվում եւ, ինչպես նա է ասում, այդ մասին պահակն է երեկոյան զանգել ու տեղյակ պահել:
Նորայր Գրիգորյանի խոսքով. «Մարզպետի լիազորությունները զբաղեցրած անձը քնել-զարթնել է, որոշել է իմ լիազորությունները վայր դնել: Անօրինական, անհիմն, առանց ծանուցելու, առանց տեղյակ պահելու իմ լիազորությունները վայր են դնում: Արդեն 1,5 տարի է՝ մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձը ձեռքերը մտցրել է մեր համայնք, ամբողջ համայնքը խառնել է իրար: Մանկապարտեզը երեք ամիս չի գործում, մարզպետի անօրինական կարգադրությամբ, առանց համայնքապետի ու ավագանու որոշման: Ամեն ինչը կազմակերպում է մարզպետը: Բազմիցս փորձել եմ հանդիպել, ընդհանրապես չի ընդունում: Մարզպետարանի ներկայացուցիչների միջամտությամբ փորձում եմ հանդիպել մարզպետին, նորից չի ընդունում ու վերջ»:
Արդեն նախկին գյուղապետ Գրիգորյանի կարծիքով՝ խնդիրն անձնական դաշտում է. «Ժամանակին, Ազգային ժողովի ընտրություններին իրեն չեմ պաշտպանել, որը էդ օրվանից նստվածք է տվել: Ամեն դեպքում համայնքի ընտրված ղեկավար եմ, մոտ 1000 տնտեսություն ունի այս համայնքը: Երկու ամիս է՝ ուզում եմ, մարզպետի հետ հանդիպել, ոչ հեռախոսազանգերիս է պատասխանում, ոչ ընդունում է: Հո ես փողոցային չե՞մ, հո ես բնակի՞չ չեմ, որ գնացել է մարզպետի մոտ: Ոչ մի գրություն չեն տրամադրել, ոչ մի պարզաբանում չեն տվել»:
Կարդացեք նաև
Նորայր Գրիգորյանը նաեւ ասաց, որ մարզպետ Սարգսյանը մեկ տարի առաջ առաջարկել է անդամագրվել «Քաղաքացիական պայմանագրին», որից ինքը հրաժարվել է եւ լարվածությունը մարզպետի հետ այդ ժամանակից էլ սկսվել է:
Նորաշենի գյուղացիները մարզպետից պահանջում են, որ իրենց ցույց տան այն որոշումը, արձանագրությունը, որոնց հիման վրա համայնքապետի լիազորությունները դադարեցվել են: Նրանք պնդում են, որ գյուղապետարանում ավագանու նիստ չի կայացել, որի ընթացքում կազմել են այդ արձանագրությունը. «Այդ խորհրդավոր նիստը չգիտենք՝ որտեղ է կայացել, ծառերի տակ, փողոցում: Ոչ ոք չի տեսել նման արձանագրություն»:
Aravot.am –ի հարցին՝ ո՞ւր է արձանագրությունը, որտե՞ղ կարող ենք այն տեսնել, ինչո՞ւ ավագանու նիստի մասին գյուղացիները տեղյակ չեն, Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ շուտով գյուղացիների բողոքի վերաբերյալ պարզաբանումը կտեղադրեն մարզպետարանի կայքում:
Այդուհանդերձ, այսօր մարզպետ Գարիկ Սարգսյանի աշխատասենյակում տեղի ունեցավ Նորաշեն համայնքի եւ նորաշենցիների հանդիպումը: Պարզաբանելով, թե ինչու է Նորայր Գրիգորյանին հեռացրել պաշտոնից, մարզպետը նշեց, թե վեց ամիս շարունակ նա ավագանու նիստ չի անցկացրել, ուստի վերջինս էլ որոշել է վաղաժամկետ դադարեցնել նրա լիազորությունները։
Մարզպետարանի պաշտոնյան վստահեցրեց, որ ավագանու նիստ տեղի է ունեցել, եւ հինգ ավագանի ստորագրել են արձանագրության տակ, ասաց, որ գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարը հրաժարվել է ավագանու նիստ գումարելու արձանագրությունը կազմել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ Tert.am-ի