Լրահոս
Օրվա լրահոսը

Օր առաջ անհրաժեշտ է Իրանի հետ բանակցություններ սկսել գազի մատակարարման ու տարանցման և այդ նպատակով նոր գազամուղի կառուցման վերաբերյալ. «Սասնա Ծռեր»

Սեպտեմբեր 30,2019 14:16

Մոսկվան Հայաստանի գազամատակարարման հարցում ունեցած իր բացարձակ մենաշնորհը դարձրել է շատ ցավոտ լծակ և դրա միջոցով ձգտում է իր կամքը պարտադրել մեզ:

Այդ մենաշնորհային և կախյալ վիճակն առաջացել է նախորդ ապազգային ու հանցավոր ռեժիմի օրոք, երբ Մոսկվայի պարտադրանքով Իրան-Հայաստան գազամուղի տրամաչափը հնարավորինս փոքրացվեց, Գազպրոմին հանձնվեց գազի բաշխման ամբողջ ներհայաստանյան համակարգը, ինչպես նաև պայմանագրով արձանագրվեց, որ Հայաստանը պարտավորվում է գազ գնել միայն Գազպրոմից:

Անցած մեկուկես տարվա ընթացքում Մոսկվան արդեն մեկ անգամ ՀՀ սահմանին 1000 խմ համար 15 ԱՄՆ դոլարով բարձրացրել է գազի գինը (150-ի փոխարեն 165 ԱՄՆ դոլար), իսկ հիմա արդեն պատրաստվում է շատ ավելի մեծ գին կորզել մեզանից՝ նպատակ ունենալով օգտագործելու առաջացող ժողովրդային դժգոհությունը:

Զուգահեռաբար՝ նույն նպատակով արդեն տեղեկություններ են տարածվում Ռուսական կողմից Հայկական ատոմակայանի հերթական վերալիցքավորումն անուղղակի քայլերով խափանելու հավանականության մասին:

Ժամանակն է ինքնիշխան նախաձեռնողականությամբ լուծելու Հայաստանի էներգետիկ համակարգի կենսունակության ապահովման, առաջին հերթին՝ մեր տնտեսության համար ընդունելի պայմաններով գազ ստանալու հարցը, որի միակ, բայց շատ արդյունավետ ու հիմնավոր տարբերակը Իրանից գազի ձեռքբերումն ու նաև տարանցումն է:

Իրանական կողմը բազմիցս հայտնել է ընդունելի պայմաններով, այդ թվում՝ ռուսականից շատ ավելի էժան գնով, Հայաստանին գազ մատակարարելու իր պատրաստակամության մասին: Մինչդեռ մինչ օրս Հայկական կողմն այդ հանգամանքը անտեսում է:

Անցած տարիներին Հայկական կողմից լսել ենք նաև պատճառաբանություններ, թե Իրանական կողմը գրեթե նույն գնով է գազ առաջարկում, ուստի իմաստ չունի նրա հետ գործակցել:

Այս պարզունակ փաստարկումը որևէ հիմք չունի:

Իրանական կողմի համար Հայաստանին գազի մատակարարումը և Հայաստանի տարածքով գազի տարանցումն ունի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական կարևոր նշանակություն, ինչի համեմատությամբ շատ փոքր ծավալներով գազ սպառող Հայաստանին մատակարարվող գազի գինը երկրորդական է:

Ուստի Իրանական գազի գինը պայմանավորված է լինելու այն հանգամանքով, թե Հայաստանը որքանով է վարելու Մոսկվայից անկախ, իսկապես ինքնիշխան նախաձեռնողական քաղաքականություն և ինչպես է դիվերսիֆիկացնելու իր տնտեսությունը, իր էներգետիկ համակարգը և, իհարկե՝ գազի ձեռքբերման տարբերակները:

Այս պատճառով օր առաջ անհրաժեշտ է արտաքին քաղաքականության մեջ հանդես բերել ինքնիշխան նախաձեռնողականություն, ձերբազատվել Գազպրոմի ստորացուցիչ թելադրանքից, Իրանի հետ բանակցություններ սկսել գազի մատակարարման ու տարանցման և այդ նպատակով կրկնակի տրամաչափի (1500 մմ) նոր գազամուղի կառուցման վերաբերյալ:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30