Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը նաեւ խոսեց ինքնորոշման իրավունքի մասին

Սեպտեմբեր 30,2019 14:00

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ընդհանրապես Արթուր Վանեցյանի մասով Նիկոլ Փաշինյանը չպետք է որեւէ հայտարարություն աներ:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանի համոզմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի արդյունքները կարելի է գնահատել այցի ավարտից մի քանի ամիս անց:

«Առավոտը»  փորձագետին հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցին քննադատություններ, որ նա ոչ մի հանդիպում չունեցավ ԱՄՆ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ, ինչին նաեւ մեծապես խոչընդոտել էր այն, որ Լոս Անջելեսի հանրահավաքին ելույթ ունեցավ Դոնալդ Թրամփի անձնական թշնամի՝ կոնգրեսական Ադամ Շիֆը:

Այս առիթով Արմեն Վարդանյանը փաստեց՝ վարչապետի ԱՄՆ այցը աշխատանքային էր՝ պետական այց չէր եւ, բնականաբար, այդ շրջանակներում չէր նախատեսվում հանդիպում ամերիկյան բարձրագույն իշանության ներկայացուցիչների հետ. «Սա այց էր ՄԱԿ եւ այդ շրջանակներում եղան հանդիպումներ Կալիֆոռնիայի փոխնահանգապետի, Լոս Անջելեսի քաղաքային իշխանության հետ եւ այլն: Միգուցե Ադամ Շիֆի հանգամանքն ինչ-որ տեղ խանգարել է, բայց հնարավոր է, որ իշխանությունները չէին էլ կարող ապահովել Թրամփի  վարչակազմի հետ հանդիպումներ»:

Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում շատ լավ հանդիպումներ ունեցավ Սիլիկոնյան հովտում, Կալիֆոռնիայի իշխանությունների  հետ շրջանակային  համաձայնագիր ստորագրվեց, եւ եթե այդ հանդիպումները, պայմանավորվածություններն արդյունք տան հետագայում, ապա   վարչապետի այցը կարելի է հաջողված համարել:

Հարցին՝ ՀՀ-ի եւ Կալիֆոռնիայի միջեւ ստորագրված համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագրից ի՞նչ սպասել, փորձագետը պատասխանեց. «Առեւտրային համաձայնագիր է: Եթե ՀՀ-ն կարողանա Կալիֆոռնիայի հետ լավ, առեւտրային հարաբերություններ զարգացնել, ապա, բնականաբար, դա մեծ օգուտ կլինի: Կալիֆոռնիան իր ՀՆԱ-ով ԱՄՆ-ի ամենազարգացած նահագն է՝ մոտ 3  տրիլիոն ՀՆԱ ունի, եթե Կալիֆոռնիան լիներ առանձին պետություն, ապա իր ՀՆԱ-ով եւ տնտեսությամբ աշխարհում հինգերորդ տեղում կլիներ: Այնպես որ, այս  համաձայնագիրը չափազանց կարեւոր է ՀՀ-ի  համար, եւ մնում է այն կյանքի կոչվի,. չմնա թղթի վրա»:

Հարցին՝ ընդունելի՞ էր ներքին լսարանի համար ուղերձներ հնչեցնել ԱՄՆ-ում՝ օրինակ, վարչապետի անդրադարձը Արթուր Վանեցյանին, եկեղեցականներին ծնկի բերելը: Արմեն Վարդանյանի համոզմամբ՝  ընդհանրապես Արթուր Վանեցյանի մասով Նիկոլ Փաշինյանը չպետք է որեւէ հայտարարություն  աներ. «Արթուր Վանեցյանը սովորական պաշտոնյա չէ, եւ այդքան էլ ցանկալի չէ, որ  նրա նկատմամբ այդպիսի հայտարարություններ արվեին: Նաեւ դա վերաբերում է պարոն Վանեցյանին: Բայց պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում էլ շատ կոշտ, երբեմն նաեւ անհավասարակշիռ հայտարարություններ է արել, ինչն այդքան էլ ցանկալի չէ: Իհարկե, մամուլի ասուլիս է եղել, լրագրողները հարցեր են տվել, բայց նա կարող էր շրջանցել այդ հարցերը կամ ավելի մեղմ ձեւակերպումներով հանդես գալ, բնականաբար, այդքան էլ ճիշտ չէ նման ձեւակերպումներով հանդես գալը»:

Հստակեցմանը՝ Արթուր Վանեցյան-Նիկոլ Փաշինյան «փոխհրաձգությունը» ի՞նչ հետեւանքներ կարող  է ունենալ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բնականաբար, Արթուր Վանեցյանը կարող է իրեն հասանելի ինֆորմացիայի արտահոսք տալ: Հաշվի առնելով, թե ինչպիսի ահռելի ինֆորմացիայի կարող է նա տիրապետել՝ ընդհանրապես նրա հետ պետք չէ այսպես բացահայտ փոխհրաձգության մեջ մտնել: Եթե կան խնդիրներ, պետք է հանդիպեն կողմերը եւ փակ դռների  հետեւում լուծեն դրանք: Եթե Արթուր Վանեցյանի բացթողումները քրեական դաշտում են, ապա այդ դեպքում նրա նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի, եւ նա պատասխանատվության ենթարկվի: Եթե նա ուղղակի իր ծառայության բերումով ինչ-ինչ ակնկալիքներ, վարչապետի որոշ սպասելիքներ չի արդարացրել, պետք է փակ դռների ետեւում այս հարցերը քննարկվեն, եւ չպետք է բացահայտ փոխհրաձգության մեջ մտնեն միմյանց հետ»:

Արմեն Վարդանյանն այս փոխհրաձգության մեջ աշխարհաքաղաքական բանավեճ, ինչպես շատ վերլուծաբաններ են կարծում, չի տեսնում. «Ըստ երեւույթին ՀՀ վարչապետը եւ նրա թիմից մի քանի անդամներ իրենց հայտարարություններում ակնարկում են՝ հնարավոր է Արթուր Վանեցյանը համագործակցել է նախկին իշխանությունների հետ, հնարավոր է՝ արտահոսք է եղել ԱԱԾ-ից, որոշ քրեական գործերով քննություններն առաջ չեն գնացել, ինչը հարուցել է Նիկոլ Փաշինյանի զայրույթը: Այստեղ խնդիրը զուտ վերաբերում է Արթուր Վանեցյանի պրոֆեսիոնալիզմին եւ ինչու չէ, հնարավոր  է այն, որ նա համագործակցել է նախկին իշխանության ներկայացուցիչների հետ»:

ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար, ինչին ի պատասխան՝ Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանն իրականությանը չհամապատասխանող, չաշխատող որակեց Արցախի կարգավորման առնչությամբ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հնչեցրած բանաձեւը՝ նշելով, թե դիմացը թուրքն է, որն անընդհատ խոսում է պատերազմի, տարածքների մասին, ըստ այդմ մենք պետք է հզորացնենք Հայաստանն ու Արցախը, իսկ Ադրբեջանի հետ էլ պետք է Արցախը բանակցի, խոսի հավասար, առաջինը լուծվի Արցախի ինքնորոշման իրավունքը: Արդարացվա՞ծ են, արդյոք, Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչած այս եւ այլ քննադատությունները, մասնավորապես՝ կապված նրա հետ, որ ինքնորոշման իրավունքների մասին ՄԱԿ-ի ամբիոնից վարչապետը ոչինչ չասաց: Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի նպատակն էր Հայաստանը միջազգային հանրության մոտ ներկայացնել որպես բանակցություններում կառուցողական դիրքերից հանդես եկող, իսկ Ադրբեջանը՝ ապակառուցողական պետություն. «Այդ տեսանկյունից նա նշեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջումների միջոցով հակամարտության լուծմանը եւ ձգտում է ռազմական ճանապարհով լուծել այն: Ինչ վերաբերում է Արցախի՝ բանակցային գործընթացում ներգրավմանը, ապա Հայաստանի վարչապետը բազմիցս է խոսել այդ մասին, նշել, որ առանց Արցախի մասնակցության բանակցային գործընթացը չի կարող լիարժեք լինել եւ հետեւաբար, առանց Ստեփանակերտի հակամարտությունը չի կարող լուծվել»:

Փորձագետը հավաստիացրեց՝ վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից նաեւ խոսեց ինքնորոշման իրավունքի մասին. «Մասնավորապես՝ նա հիշեցրեց, որ խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը հռչակել է իր անկախությունը եւ ինքնորոշում իրականացրել այնպես, ինչպես դա արել է Ադրբեջանը՝ դուրս գալով Խորհրդային Միության կազմից, եւ որ սա տարածքային վեճ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30