Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկ Հարությունյանի ամենամեծ ճնշողը իր խիղճն էր». Անդրանիկ Քոչարյան

Սեպտեմբեր 30,2019 13:41

«Մի բան կարդացի վերջերս. Հայկ Հարությունյանի ամենամեծ ճնշողը իր խիղճն էր: Ոչ ոք Հայկ Հարությունյանին չէր կարող ճնշել: Իր խիղճը կարող էր իրեն ճնշել: Հիմա էդ խիղճը ի՞նչ է թելադրել իրեն այս տարիներին, ես չգիտեմ, բայց որ ոստիկանությանը մղել են անօրինական գործողությունների`բոլորդ տեսել եք, փաստերով: Նաեւ փաստահավաք խմբից, նույնիսկ Նիկոյանի այդ քաղաքական հանձնաժողովի աշխատանքների արդյունքում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա նկատեց, որ անգամ այդ հանձնաժողովում անկեղծացել է, որը ցանկալի չի եղել եւ Հայկ Հարությունյանի հայտարարությունների արդյունքում է պարզ դարձել, որ մեկ դիպուկահար չի եղել, այլ ավելի շատ:

Նա անթույլատրելի միջամտություն է համարում, երբ դեռ Հայկ Հարությունյանի գործի նախաքննությունը չավարտված` տարբեր լրատվամիջոցներ ինչ-ինչ տեղեկություններ են տպագրում:

«Երկու անգամ ես հնարավորություն ունեցել եմ Հայկ Հարությունյանին լսելու փաստահավաք խմբի ժամանակ, ինքը եկել է, հասել է դռան մոտ և իր ներքին կաշկանդվածությունը իրեն թույլ չի տվել, որ դուռը բացի, ներս մտնի: Հայկ Հարությունյանը մինչև ոստիկանապետ դառնալը եղել է կալանավայրերի համակարգի մարդ: Ինքը շատ դժվար է հոգեբանորեն այդ կառույցում ձևավորված սպայի համար պատկերացրել, որ մի օր կարող է հայտնվել կալանավայրում, եթե դատաքննության ընթացքում պարզվի իր մեղավորության աստիճանը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը`չբացառելով, որ Հայկ Հարությունյանի հետ կատարվածում սա կարող է գործոն լինել:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մարտի 1-ին բանակն է օգտագործվել եւ հիմա այդ ժամանակ ուժային կառույցների ղեկավարների կողմից արդարացումներ են հնչում, թե հրաման են կատարել, Անդրանիկ Քոչարյանն ասում է`թող ոչ ոքի չմեղադրեն, իրենք ընտրություն են կատարել, քանի որ կարող էին Ռոբերտ Քոչարյանին բացատրել, որ բանակը ներքին թշնամի չունի, բանակն ունի միայն արտաքին թշնամի:

Անդրանիկ Քոչարյանը հորդորում է Հայկ Հարությունյանի հետ կատարվածում մեղավորներ չփնտրել, քանի որ եթե քարեր են շպրտվում, մի օր գալու է դրանք հավաքելու ժամանակը`լինի իրադրության փոփոխության պատճառով, թե մեկ այլ: Նա վստահեցնում է, որ այժմ Հայաստանում շատ կարեւոր բան է տեղի ունեցել. «Քաղաքական պատվերով գործ սարքելու հրաման չի տրվում, գործեր կոծկելու, ապօրինի գործեր սարքելու հրամաններ չեն տրվում»:

Այսօր ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի «մինի նիստից» հետո, որը տեղի էր ունենում ոչ հանձնաժողովի նիստերի համար նախատեսված փակ սենյակում, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Հարությունյանը` լրագրողներից մեկի հարցին, որ դռների հետևից լսելի էր թեժ քննարկումը, պատասխանեց. «Մենք մտել ենք լուրջ փուլ, քննարկվում էին տեխնիկական հարցեր, իսկ թեժությունը լինում է վերևում»:

Այսօրվա նիստին պաշտոնյաներ հրավիրված չեն եղել, տեխնիկական հարցեր են քննարկվել եւ այդ է պատճառը, որ նիստը կայացել է ոչ հանձնաժողովի նիստերի համար նախատեսված տարածքում: Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հաստատված ցանկով հրավիրյալների թիվը բավական մեծ է լինելու, որևէ մեկը, ով կարող է կարևոր տեղեկություն տրամադրել Մարտի 1-ի դեպքերի մասին, հրավիրվի հանձնաժողով, այդ թվում նաեւ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը:

«Բնականաբար, հարցեր են առաջանում, որոնք գերագույն գլխավոր հրամանատարին էլ պետք է ուղղենք»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը` հավելելով, որ այդ ժամանակ բանակին հրահանգներ իջեցնելու իրավասություն ունեցող մարդիկ`Գլխավոր շտաբի պետ եւ այլն, նույնպես հրավիրվելու են:

Հիշեցնենք, հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվում է դեկտեմբերին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30