Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իրականությունը միայն այդ որձերի կույտը չէ, լացող ու գոռացող կանայք չեն»

Սեպտեմբեր 30,2019 13:30

«Կտամ` քիթդ կջարդեմ», «ոտքերդ կփշրեմ», «դու քեզ հայելու մեջ նայե՞լ ես, էս ի՞նչ տեսքով ես փողոց դուրս գալիս, ինձ ճանաչողներն ի՞նչ կասեն», «մորդ տուն չես գնալու, ես քեզ արգելում եմ, մենակ կգնաս` երբ թույլ կտամ»: Սրանք արտահայտություններ են, որոնք ամեն օր տարբեր հեռուստաալիքներով հնչում են հայկական արտադրության հեռուստասերիալներում:

Սերիալներում կանայք ստորացվում են, հոգեբանական ու ֆիզիկական ճնշումների ենթարկվում: Տղամարդիկ նրանց հետ հրամայական տոնով են խոսում, իրենց կամքն են թելադրում, եւ, երբ կինը ամուսնուն կամ զուգընկերոջն ընդդիմանում է` անարգվում, ծեծի է ենթարկվում:

Սցենարի հեղինակները պնդում են, որ դրանք կյանքից վերցրած դրվագներ են, բռնության դեմ պայքարող մասնագետները գտնում են, որ նման տեսարանները ակամա բռնություն են քարոզում:
Վերջերս «Արմենիա Թի-Վի» ընկերությունը տուգանվեց սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Վարչական տույժ կիրառելու մասին որոշումը սեպտեմբերի 11-ի նիստում հրապարակեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ):

Բանն այն է, որ այս հեռուստատեսությամբ հեռարձակվող «Անհասցե ծնվածները» սերիալի` օգոստոսի 22-ի ժամը 21։54-22։44-ին ցուցադրված սերիայում տեղ էին գտել ակնհայտ բռնության տեսարաններ. մի տղամարդ ամբողջ ընթացքում կնոջը տանջում էր, կտտանքների ենթարկում, փորձում` մկրատով կտրել արյան մեջ կորած քիթը: Այդ պատմությունը մեծ աղմուկ բարձրացրեց: Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, դատապարտելով սերիալում տեղ գտած բռնության տեսարանները, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ուշադրությունը հրավիրեց այս փաստին` իր հայտարարության մեջ նշելով, որ այսօր «տեղական արտադրության բազմաթիվ սերիալներ շարունակում են վերարտադրել վտանգավոր կարծրատիպեր եւ բռնություն՝ այդպիսով հանրությանը հրամցնելով վարքային մոդելներ»։

Ընդ որում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի հրապարակած եռամսյակային ուսումնասիրությամբ, որի արդյունքները հրապարակվել են սեպտեմբերի 26-ին, «Անհասցե ծնվածները» ամենաբարձր ռեյտինգ ունեցող հեռուստասերիալների շարքում է. առաջին տասնյակի մեջ այն երրորդ տեղում է:

Հանձնաժողովն ուսումնասիրեց եւ եկավ այն եզրակացության, որ նշյալ հեռեւստաընկերությունը խախտել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, որով արգելվում է ժամը 24.00-ից մինչեւ 6.00-ն ընկած ժամանակահատվածից դուրս եթեր հեռարձակել Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները: Բացի այդ, ՀՌՀ-ն նաեւ գտել էր, որ ընտանեկան բռնության հանդեպ անհանդուրժողականության ձեւավորման հիմնական խոչընդոտներից մեկն էլ հենց սա է՝ առնականության վերաբերյալ պատկերացումներում կնոջ հանդեպ իշխանության բռնի դրսեւորումն ընդունելի համարելու հանգամանքը: «Տղամարդու կողմից նման ընկալումն ու դրանից բխող վերաբերմունքը հանգեցնում են նոր բռնությունների՝ բռնարարի մոտ ստեղծելով իր վարքի ու արարքների անպատժելիության ընկալում»,-նշված էր հանձնաժողովի որոշման մեջ:

«Հեռուստասերիալները ոչ միայն արտացոլում, այլեւ վերարտադրում են գենդերային կարծրատիպերն ու գենդերային բռնությունը»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զառա Հովհաննիսյանը: Նրա դիտարկմամբ, սերիալների միջոցով ընտանեկան բռնության թաքնված քարոզ է կատարվում.

«Հատկապես սերիալները ունեն մի այնպիսի գործառույթ, որ մտնում են ամեն ընտանիք եւ նրա հերոսները, համարյա թե դառնում են այդ ընտանիքի անդամ: Եվ քանի որ սերիալն իրենից անընդհատ շարունակական ընթացք է ներկայացնում, հասարակությանը պարտադրում է սոցիալական մոդելների եւ այդ մոդելները սկսում են ազդել մարդկանց կյանքում վարքականոնային դրսեւորման վրա եւ կիրարկվել նաեւ կյանքում՝ ի տարբերություն գեղարվեստական ֆիլմերի, որոնք իրենց մեջ պարունակում են նաեւ որոշակի գնահատականներ: Սերիալը մտնում է մարդկանց արժեհամակարգային դաշտ»:

Զարա Հովհաննիսյանի խոսքով` առանց այդ էլ մեր հասարակության մեջ կանանց նկատմամբ խտրական վերաբերմունք կա եւ այդ կարծրատիպերը կոտրել փորձելու փոխարեն` հակառակը ամրապնդում ենք` տվյալ սյուժետային հիմքով, եւ ամենօրյա ռեժիմով այդ կարծրատիպն, անընդհատ, վերարտադրում ենք. «Դա բավական վտանգավոր է: Որովհետեւ, մենք, փոխանակ փոխենք վնասակար երեւույթները հասարակության մեջ, ամրապնդում ենք, ինչ-որ տեղ կորցնում ենք կրթական գործառույթը՝ փոխելու վնասակար սովորույթները հասարակության մեջ»:

Զառա Հովհաննիսյանի խոսքով, միայն սերիալները չէ, որ բռնություն են քարոզում: Կան ընտանեկան բռնության թեմաներով լրագրողական նյութեր, որտեղ լուսաբանվում են կնասպանության դեպքեր եւ դրանցում, պարտադիր, կինը պիտակավորվում է` որպես տղամարդուն առիթ տված, որը կարծես թե հնարավորություն է տալիս արդարացնելու տղամարդու վարքագիծը եւ կնասպանության դեպքը՝ ոչ մարդասպանության դեպք դիտարկելու:
Նրա խոսքով պետության դերը բացի տուգանելուց առաջին հերթին պետք է լինի կրթական գործառույթը. «Նույն լրագրողները կրթվում են համալսարաններում, նույն երեխաները կրթվում են դպրոցներում, որտեղ այսօր ճիշտ քաղաքականություն չի տարվում»:

Թե ինչո՞ւ բռնության տեսարաններով սերիալները բարձր վարկանիշ ունեն, արդյոք այն մեծ պահանջարկ ունի, իրավապաշտպանն ասում է` հասարակությունը չունի նման պահանջարկ, եւ չի կիսում այն կարծիքը, թե հասարակության պահանջարկն է ձեւավորում այդպիսի առաջարկ: Ըստ նրա, խնդիրն այն է, որ սերիալները բավական մեծ դիտում ունեցող եւ բավական հեշտ մատուցվող նյութեր են` ի տարբերություն այլ, լուրջ հաղորդումների, հաղորդաշարերի, որոնց համար մարդը պետք որոշակի ինտելեկտուալ ջանք գործադրի, լսի, այս կամ այն օրենսդրության մասին տեղեկանա, ինչը, Զառա Հովհաննիսյանի կարծիքով, բավակական բարդ է, եւ մարդիկ երբեմն չեն ուզում: Նա ասում է` մեդիան պետք է իրականացնի նաեւ կրթական գործառույթ. «Բոլորս էլ գիտենք, որ կրթական գործառույթը բարդ է, օրինակ` երեխաները դժվար են գնում դպրոց, սովորում: Իսկ այդ սերիալները շատ մակերեսային են, հեշտ մարսվող նյութեր են, որոնց համար, առանձնապես, ինտելեկտուալ ջանք գործադրել պետք չէ: Եվ, ըստ այդմ էլ, դրանք բարձր վարկանիշ ունեն, հանրության շատ շերտեր նայում են եւ նրանք ուղղակի շատ դյուրամարս կերպով ընկալվում են հասարակության կողմից: Այդիսկ պատճառով, կրթական գործառույթը, որը հիմնականում հ/կ-ներն են իրենց վրա վերցնում կամ պետության փոքրաթիվ ծրագրերը, անարդյունավետ են»:
Ըստ նրա, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հնարավորություն ունի դիմելու տարբեր հեռարձակողներին, որոնք այդ հանձնաժողովի միջոցով ստանում են լիցենզիա. «Հանձնաժողովն ունի նաեւ մոնիտորինգի բաժին, որը կկարողանա վերահսկել նրանց ամբողջ հեռարձակման նյութի պարունակությունը: Եթե տուգանելուն էլ անգամ չի հասնում, միգուցե կրթական ծրագրերի միջոցով տարբեր հանձնարարկանների կամ դիտարկումների տեսքով դիմի հեռարձակողներին եւ խորհուրդ տա բարձրացնել նրանց հաղորդումների որակն ու մակարդակը»:

«Մարդու իրավունքների տուն» կազմակերպության Երեւանի նախագահ Մամիկոն Հովսեփյանը կարծում է, որ մեդիան աշխատում է առավելագույնս «քլիք» հավաքելու նպատակով, քանի որ բարձր դիտումներն իրենց մեդիային գովազդ են բերում. «Դիտավորյալ ընտրում են այնպիսի թեմաներ, որոնք ավելի մեծ դիտում կբերեն: Հիշում եմ տարիներ առաջ, երբ որ նման աղմուկ բաձրացավ սերիալների նկատմամբ, հայտնի սերիալների սցենարիստներից մեկն ասում էր, որ սցենարում արտացոլում է զուտ իրականությունը, ինչն իհարկե, սուտ է, իրականությունը միայն այդ որձերի կույտը չէ, լացող ու գոռացող կանայք չեն, ինքը փորձում էր անընդհատ դա շեշտել, որովհետեւ իր եթերի համար դա փող էր բերում: Այսինքն` այստեղ միայն փողն է, եւ ոչ թե այն մոտեցումը, որ օրինակ` նույն մշակույթի, ֆիլմերի միջոցով կարելի է հասարակությանը գիտելիք տալ, հարգանք սովորեցնել»:
Պարոն Հովսեփյանը գտնում է, որ իրենք կարող են այդ պահանջարկն առաջացնել տարբեր ինդուստրիաներում. «Նայում ենք նորաձեւության ինդուստրիայի գայլերին` իրենք են թելադրում թե՛ հասարակությունը ոնց հագնվի, կամ` որն է մոդայիկ: Նույնը սերիալների ոլորտում կարող են թելադրել, թե ինչը ավելի պահանջարկ ունի»:

Թե որն է պետության դերն այս հարցում, Մամիկոն Հովսեփյանը կարծում է, որ տուգանելը բավարար չէ եւ. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքն ամբողջությամբ չի կարգավորում այդ ոլորտը, պետք է ավելի խիստ չափորոշիչներ սահմանվեն, բայց, նաեւ այնպիսին, որ բնականաբար, չսահմանափակի խոսքի ազատությունը: Պետք է այդ ֆիլմի ցուցադրությունն ընդհանարապես արգելել, որպեսզի այլեւս չկրկնվի, թե չէ մի քանի հարյուր հազար դրամ տուգանելով, հարցը չի լուծվի: Մի քանի միլիոնի գովազդ ունեցող ֆիմի համար այդ տուգանքը շատ մեծ փողեր չէ: Պետք է վերանայվեն այդ կարգավորումները»:
Մամիկոն Հովսեփյանի խոսքով, Հոլիվուդն էլ շատ տարբեր ֆիլմեր է նկարում` ե՛ւ լավ, ե՛ւ վատ, բայց տարբեր երկրների հեռուստատեսությունները ընտրողաբար են վերցնում եւ ամեն ինչ չէ, որ ցուցադրում են. «Գուցե, առանձին մարդիկ կարողանան վճարել եւ ձեռք բերել դա, բայց հեռուստատեսությունը, որը լայն հասարակության համար է, դրանք չեն մատուցում»:

Սերիալների այդ տեսարանների ամենաբացասական հետեւանքը դեռահասների եւ երեխաների վրա է լինում: «Առավոտի» հետ զրույցում ասում է հոգեբան Լիլիթ Խաչատրյանը. «Որովհետեւ նրանց անձը վերջնական ձեւավորված չէ, եւ, ինչպես գիտեք, հեռուստատեսությունը, ֆիլմերը, մուլտֆիլմերը երեխաների համար ե՛ւ դաստիարակչական, ե՛ւ վարքային, ուսուցողական նշանակություն ունեն: Այսինքն՝ դա տեսանելի, իրական աշխարհ է երեխաների համար ընկալվում, ի տարբերություն մեծահասակների, որոնք շատ դեպքերում կարող են իրենց առանձնացնել նմանատիպ սցենարներից, գիտակցել, որ դա խաղ է, ուրիշ, մեկ այլ մարդու պատմություն է, բայց երեխան տեսնելով՝ ավելի շատ իրեն դնում է այդ պատմության մեջ եւ նրա համար կոնկրետ ձգողական նշանակություն է ունենում»: Հոգեբանի խոսքով, երեխայի անձը ձեւավորված չէ եւ նա տեսնում է իրականությունից դուրս, ֆանտաստիկայից դուրս եւ այն ընկալում է, որպես իրական աշխարհ. «Երեխան այդտեղ ունենում է բազում ապրումներ՝ տագնապ, վախ, չիրականացված զայրույթ եւ նույնը երեխան կարող է կրկնել սովորական կյանքում: Այդ ամբողջ տեսարանները ենթագիտակցական ոլորտ է մղվում, երեխան սկսում է նույնը կրկնօրինակել իր իրական կյանքում: Այսինքն՝ իր ներքին աշխարհը սկսում է ձեւավորվել իր տեսած ֆիլմերին, մուլտֆիլմերին համապատասխան»:
Ինչ վերաբերում է` այդ տեսարաններն ինչպիսի հոգեբանական հետք են թողնում մեծահասակների վրա, Լիլիթ Խաչատրյանը բացատրում է.

«Մեծահասակների մի քանի կատեգորիա կա. կան մեծահասակներ, որոնք այդ ֆիլմերն իրենց համար ընտրում են օրինակ՝ լիցքաթափման միջոց: Նայում են, հանգստանում են, անցնում իրենց գործերին: Իրենք կարողանում են իրենց առանձնացնել այդ ամենից: Բայց կա մի տեսակ, որն իր կյանքում շատ խորը խնդիրներ ունի եւ իրենք կարող են մտնել նմանատիպ հերոսի կյանքի մեջ, եւ իրենք իրենց պատկերացնեն եւ փակուղային հոգեկան վիճակի մեջ հայտնվեն եւ դա կարող է շատ վնասակար ազդեցություն ունենալ»:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Առավոտի» հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից ընդունված Էրոտիկ բնույթի, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող հեռուստառադիոհաղորդումների (ֆիլմերի), այլ տեսաձայնաշարային նյութերի որոշման չափորոշիչները սահմանելու մասին որոշման նախագիծն այս տարի քննարկելիս, որն արդեն ընդունվել է, ՄԻՊ-ը կարծիք է հայտնել:

Պաշտպանի ներկայացրած առաջարկներից են եղել օրինակ՝ էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների ցանկում ավելացնել նաեւ սեռական գործողություններին վերաբերող խոսակցությունները, բռնության ողջունումը կամ այն ցանկալի դարձնելը: ՄԻՊ գրասենյակից նաեւ հայտնեցին, որ Մարդու իրավունքների պաշտպանն իր տարեկան հաղորդումներում մշտապես բարձրաձայնել է էրոտիկ բնույթի, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող հեռուստառադիոհաղորդումների (ֆիլմերի) հեռարձակումը ցերեկային ժամերին: Խնդրի վերաբերյալ Պաշտպանին են հասցեագրվել նաեւ զգալի թվով բողոքներ:

Հոդվածը պատրաստվել է ԵՄ եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ: Դրա բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը, այն չի արտացոլում ԵՄ եւ ԲՀՀ-հիմնադրամներ- Հայաստանի տեսակետները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30