Ասել, թե Կոմիտասի հավաքչական ու գիտական աշխատանքը անգնահատելի է, նշանակում է ոչինչ չասել: Նա ժողովրդական երգերը գրառեց ազգագրագետի վարպետությամբ, գեղագետի պահանջկոտությամբ ու գիտնականի վերլուծական դիտողականությամբ: Նրա երաժշտական բանահյուսության մի շարք հնագույն եւ բարձրարվեստ նմուշների հայտնաբերումը համարվում է պատմամշակութային խոշոր հայտնագործություն, իսկ հավաքած ավելի քան 4000 գեղջկական երգերը՝ հայ ժողովրդական երգարվեստի անթոլոգիան: Կոմիտասը հիմնականում գրել է մեներգային ու խմբերգային երգեր, որոնք սերում են ժողովրդական կամ հոգեւոր աղբյուրներից: Դիմել է նաեւ այլ ժանրերի. եզակի են Վարդապետի «Դաշնամուրային պարերը», քնարական-կենցաղային «Անուշ» (ըստ Հովհաննես Թումանյանի), երգիծական-կենցաղային «Քաղաքավարության վնասները» (ըստ Հակոբ Պարոնյանի), պատմահայրենասիրական «Վարդան» (հավանաբար՝ ըստ Ռաֆայել Պատկանյանի) եւ դյուցազնահերոսական «Սասունցի Դավիթ» օպերաները: Լայն ընթերցողին տեղեկացնենք, որ Կոմիտասը հավաքագրելով, պահպանելով մեր ժողովրդական երգերը, պահպանեց Արեւմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը, որը հակառակ դեպքում կանհետանար ցեղասպանության արդյունքում: Այլ թեմա է անդրադարձը նրա բանաստեղծություններին, որի ժողովածուն Վարդապետի ծննդյան 100-ամյակի առիթով հրատարակվեց Լեւոն Միրիջանյանի խմբագրությամբ:
Ազգային օպերային թատրոնում սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, առանց չափազանցության, կոմիտասյան երաժշտության իսկական հրավառություն էր. մեկնարկեց «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը: Բեմում էին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, սոպրանո Կարինե Բաբաջանյանը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, տենոր Շտեֆան Ֆինկեն, Երեւանի պետական կամերային երգչախումբը, բարիտոն Լուկա Բրունոն, «Հովեր» կամերային պետական երգչախումբը, դաշնակահար Տակահիրո Ակիբան եւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը:
«Առավոտը» կուլիսներում զրուցեց գերմանաբնակ սոպրանո Կարինե Բաբաջանյանի, իտալացի բարիտոն Լուկա Բրունոյի, գերմանացի տենոր Շտեֆան Ֆինկեի, դաշնակահար Տակահիրո Ակիբայի եւ դաշնակահար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանի հետ:
Կարինե Բաբաջանյանը տեղեկացրեց, որ, իր որակմամբ՝ երեւանյան այս շքեղ միջոցառման հրավերը ստացել է «Կոմիտաս» թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանից, վերջերս Իտալիայում կայացած Պուչինիի փառատոնի ժամանակ: «Նիկոլայը հետաքրքիր առաջարկ արեց՝ Հայաստան հրավիրել նաեւ արտասահմանցի վոկալիստների, որոնք հանդես կգան կոմիտասյան կատարումներով: Անկեղծ ասած՝ ոգեւորվեցի, կարող էի այս փառատոնի մասնակից դարձնել, առանց չափազանցության՝ բազմաթիվ երգիչների, այդ թվում՝ հռչակավոր: Բայց նրանց համերգային, հյուրախաղային գրաֆիկը կազմվում է երկու-երեք, նույնիսկ չորս տարի առաջ… Ոգեւորությամբ սկսեցի աշխատել գործընկերներիս՝ Լուկա Բրունոյի եւ Շտեֆան Ֆինկեի հետ: Նշեմ, որ Լուկայի հետ ծանոթացել եմ հենց Պուչինիի փառատոնի շրջանակներում, հանդես եմ եկել «Մադամ Բաթերֆլայ», իսկ Շտեֆանի հետ՝ Վագների «Թռչող հոլանդացին» օպերայում: Երկուսն էլ կոմիտասյան երաժշտությունը արագ ընկալեցին: Բայց այստեղ հայերենի արտաբերման խնդիր առաջացավ…»: Լուկա Բրունոն եւ Շտեֆան Ֆինկեն հատուկ շնորհակալություն հայտնեցին Կարինե Բաբաջանյանին, ավելին՝ իրենց ներողամտությունը հայցեցին երգչուհուց՝ իրենց հետ ոչ թե ժամերով, այլ բառացիորեն օրերով հայերենի ոչ միայն ճիշտ արտաբերման, այլեւ երգերի բովանդակությանն ավելի քան լիարժեք ծանոթացնելու համար: Լուկա Բրունոն հանդես եկավ «Չինար ես», Շտեֆան Ֆինկեն՝ «Հայաստան» երգերի կատարմամբ, իսկ ինչպես վերջին տարիներին երեւանյան օպերային ներկայացումներում՝ Կարինե Բաբաջանյանը այս անգամ էլ փայլեց՝ ներկայացնելով «Կռունկը»:
Կարդացեք նաև
Ի դեպ, Լուկա Բրունոն հայտնեց, որ Իտալիայի Կոշենցա քաղաքում շուտով իր մենահամերգն է ու հավաստիացրեց, որ կատարվելիք ծրագրում ավելացրել է «Չինար ես» եւ «Կանչե կռունկ», իր որակմամբ՝ կոմիտասյան գոհարները:
Առաջին անգամ մեր երկիր այցելած իտալացի բարիտոնն ու գերմանացի տենորը հանդես կգան նաեւ «Կոմիտաս» թանգարան-ինստիտուտում, սեպտեմբերի 28-ին: Երգացանկում ընդգրկված են արիաներ համաշխարհային օպերային գրականությունից եւ Կոմիտաս:
Ժամանակին մեզ հետ զրույցում Հայաստանում Ճապոնիայի դեսպանը, որը նույնպես կոմիտասասեր է, նշել էր, թե իր երկրում հիմնվել է Կոմիտասասերների միություն: Տակահիրո Ակիբայի հետ զրույցում պարզեցինք, որ նա նախագահում է Տոկիոյում շուրջ երեք տարի առաջ իր կողմից հիմնված Կոմիտասի անվան ընկերությունը: «Վեց տարի առաջ էր, Գերմանիայում արժանացա Կոմիտասի անվան մրցույթի առաջին մրցանակին, որի կազմակերպիչներն էին նախկին հայաստանցիներ: Իսկ կոմիտասյան մեղեդին սրտիս կպավ, երբ 5, 6, գուցե 7 տարի առաջ yuotube-ում պատահաբար լսեցի Արաքս Մանսուրյանի կատարմամբ «Կռունկը»,- ասաց դաշնակահարը, որն, ի դեպ, օպերային թատրոնում կայացած երեկոյին յուրովի մատուցեց կոմիտասյան պարերը: (Հիշեցնենք, որ ավստրալիաբնակ Արաքս Մանսուրյանը տարիներ առաջ օտարազգի իր ուսանողների հետ Երեւանում հանդես եկավ համերգով, որտեղ հնչեց նաեւ Կոմիտաս):
Տակահիրոն զրույցի ընթացքում հատկապես շեշտեց Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանի անունը: «Երբ սովորում էի Մոսկվայի կոնսերվատորիայում, ձեռքս ընկավ Բախի ստեղծագործությունների CD-ն՝ տիկին Ներսիսյանի մեկնաբանմամբ: Միառժամանակ անց «հայտնաբերեցի», որ Անահիտ Ներսիսյանն ու իմ պրոֆեսորը՝ Միխայիլ Օլեյնեւը ժամանակին ուսանել են Վիկտոր Մերժանովի դասարանում…»,- հավելեց դաշնակահարը: Խնդրեցինք ներկայացնել իր ղեկավարած ընկերության գործունեությունը: «Հունիսին Տոկիոյում ընկերությունը կազմակերպեց համերգ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, որին Հայաստանից հրավիրել էինք սոպրանո Տաթեւիկ Մովսեսյանին…
Կոմիտասյան միջոցառումները իսկապես առատ են, բայց կուզեի նշել, որ Տոկիոյի արվեստների «Գեյդայ» համալսարանում, որի պրոֆեսորներից եմ, հաճախ ենք անդրադառնում ոչ միայն Կոմիտասին, այլեւ Խաչատրյանի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Միրզոյանի, Սարյանի, Բաղդասարյանի, Հովհաննիսյանի, կարճ ասած՝ հայ կոմպոզիտորական արվեստի մեծերի ստեղծագործություններին: Յուրաքանչյուր դպրոց, այդ թվում՝ հայկական դաշնամուրային դպրոցը, ունի իր առանձնահատկությւոնները: Այդ առիթով 2018-ին «Գեյդայի» հրավերով ձեր պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանը վարպետության դասընթացներ անցկացրեց մեզ մոտ: Ծրագրերը շատ են եւ հուսով եմ, որ առաջիկայում կատարողական արվեստի ձեր երաժիշտներն ու ճապոնացի արվեստագետները «կփոխանակվեն» համերգային ծրագրերով»,- հայտնեց Տակահիրո Ակիբան:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում՝ Կարինե Բաբաջանյանը, Լուկա Բրունոն եւ Շտեֆան Ֆինկեն
«Առավոտ» օրաթերթ
28.09.2019