Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տաուսե Մալակի տաճարը՝ Ակնալճի սրբատեղիում

Սեպտեմբեր 30,2019 12:00

Տաուսե Մալակը եզդիական կրոնում ամենամեծ հրեշտակն է, բոլոր հրեշտակների գլխավորը` սիրամարգի տեսքով։ Միշտ նրան շրջապատում են տարբեր առաքելություն ունեցող հրեշտակներ։ Եվ ահա այս հավատալիքային մոտեցումը մղել է գործարար եւ բարերար Միրզա Սլոյանին նախաձեռնել Տաուսե Մալակի տաճարի կառուցումը։

2015 թվականի ապրիլի 22-ին համայն աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդ, նորին սուրբ մեծություն Միրա Միրե Թահսին բեգի գլխավորությամբ տեղի ունեցավ տաճարի հիմնարկեքը։ Եվ ահա 3,5 տարի անց մարմարակերտ տաճարը վեր է խոյացել Մասիսների հայացքների ներքո։ «Ուրախ եմ, որ ոչ միայն իմ, այլեւ համայն աշխարհի եզդիների երազանքն է իրականություն դարձել,-ասում է Միրզա Սլոյանը,-պատահական չէ, որ այն հայկական հողում է: Չէ՞  որ  այն երկրորդ հայրենիք է դարձել տասնյակ հազարավոր եզդիների համար»։

Տաճարի վերաբերյալ որոշ տեղեկություններ է ներկայացնում ճարտարապետ Արտակ Ղուլյանը. «Ինքնատիպ մարմարակերտ կառույց  է Տաուսե Մալակի տաճարը։ Տաճարի բարձրութունը  29 մետր է։ Տաճարը ունի մեկ մեծ եւ յոթ փոքր  գմբեթներ, որոնք սկսվում են 8 մետր բարձրությունից։ Մեծ գմբեթը բարձրանում է եւս 7 մետր ուղղագիծ, այնուհետեւ եւս 11,60 մետր թեք ճառագայթների տեսքով։ Այս ամենին ավելանում է ոսկեզօծ  արեւը, որի բարձրությունը  2,20 մետր է։ Մեծ գմբեթի արեւի ճառագայթների թիվը 24 է, իսկ պատուհանների թիվը՝ 8։ Փոքր գմբեթների  թիվը 7 է՝ մեկական պատուհանով։  Յուրաքանչյուրի բարձրությունը 14,65 է՝ գումարած 1,30 մ ոսկեզօծ արեւը։ Արեւ կա եւ տաճարի մուտքային մասում՝ 3,20 մ տրամագծով։ Տաճարը եւս երկու մուտք ունի՝ հյուսիսային եւ հարավային հատվածից, լայնությունը 18 մետր է, երկարությունը` 21»։

Մեր զրույցը շարունակում է շինարարության ղեկավար Համլետ Պողոսյանը։ Նա ասում է, որ տաճարի ներքին մակերեսը հասնում է  200 մետրի։ Ներքին հատվածն ունի կլորավուն խորշեր, որից մեկում տեղադրված է հոգեւոր հարթակ: Այստեղից  արարողությունների ժամանակ բարձրաձայն  աղոթքներ կհնչեն։ Այս հարթակում օնիքսից պատրաստած տարողության մեջ ամփոփված են սուրբ մասունքներ՝ բերված սուրբ Լալըշից։ «Տաճարի դռները փայտից են` սիրամարգազարդ, ավելի ճիշտ՝ արեւագորգազարդ,- ասում է Համլետ Պողոսյանը,- տաճարի ներսը զարդարում են հատուկ պատրաստված կախովի ջահը եւ պատերին ձուլված լուսատուները։ Տաճար կարող են ազատ մտնել-դուրս գալ ֆիզիկական դժվարություններ ունեցողները եւս։ Իսկ կառուցման որակի մասին կդատեն այցելուները: Ես գուցե ինքնագովեստ անեմ եւ ասեմ, կառուցման նման որակ այլ տեղ փնտրելը շատ դժվար կլինի»։ Այս ամենին կարող են ծանոթանալ բոլոր նրանք, ովքեր  կգան Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղ, ուր եզդիական սրբատեղիում սեպտեմբերի 29-ին, ժամը 11.00-ին կմեկնարկեն մի շարք միջոցառումներ, այդ թվում եւ՝ Տաուսե Մալակի տաճարի օծման արարողությունը։

Հանդիպենք այնտեղ՝ ժողովրդական տոնախմբության հարթակներում։

Կարինե ՏԻՏԱՆՅԱՆ

Արմավիր-Երեւան

«Առավոտ» օրաթերթ
28.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30