Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ հրաժարվել այս կեղծ, ըստ էության պարտվողական «բանաձևից». «Ազգային Օրակարգ» կուսակցություն

Սեպտեմբեր 30,2019 11:28

Սույն թվականի սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ունեցած ծրագրային ելույթում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ վիճելի դրույթների, հերթական անգամ հնչեցրեց Արցախի խնդրի կարգավորման իր «աննախադեպ» բանաձևը, ըստ որի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք պետք է միասին աշխատենք՝ այս բանաձեւը իրականություն դարձնելու համար»։ Կարելի է ենթադրել, որ բանաձևի հեղինակները այն դիտարկում են որպես ՀՀ նոր իշխանությունների համագործակցային պատրաստակամությունը միջազգային հանրությանը ներկայացնող դիվանագիտական ճկուն քայլ։ Իրականում սակայն, ՀՀ վարչապետի կողմից բարձրաձայնած հիշյալ ձևակերպումը վտանգավոր կերպով թուլացնում է հայկական կողմի բանակցային դիրքերը, քանի որ.

ա) հավասար նժարների վրա են դրվում զավթողական վայրագ պատերազմ սանձազերծած ու պարտված ադրբեջանական կողմին, և նրա ագրեսիային դիմագրաված Արցախի բնիկ հայ բնակչությանը, որը միայն հսկայական մարդկային, նյութական և նաև տարածքային կորուստների գնով է կարողացել պաշտպանել իր ազատությունը,

բ) անուշադրության է մատնվում այն ակներև իրողությունը, որ Արցախը երբևիցե չի եղել նորանկախ Ադրբեջանի կազմի մեջ և չի վերահսկվել նրա կողմից, և առավել ևս չի կարող մեր Հայրենիքի արցախյան հատվածը ադրբեջանական կողմի կամոք երբևիցե դառնալ սակարկության առարկա,

գ) անտեսվում է ակնհայտ փաստը, որ ադրբեջանական կողմը արցախյան հակամարտության հանգուցալուծման, որպես իր համար ընդունելի միակ տարբերակ, շարունակում է տեսնել միայն Արցախի ամբողջական բռնակցումը Ադրբեջանին, դրանով իսկ բացառելով որևէ խաղաղ կարգավորման հնարավորությունն անգամ,

դ) մոռացության է տրվում առկա իրողությունը, որ ադրբեջանական կողմը պարբերաբար արյունալի սահմանային մարտեր է սադրում՝ այդ թվում 2016 թվականի ապրիլին սանձազերծելով լայնածավալ ռազմական գործողություններ, անթաքույց թշնամանք և հայատյացություն է քարոզում, և բարձրաձայն սպառնում է հայկական պետականության լիակատար ոչնչացմամբ։

Արդյունքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «բանաձևը» հակառակորդի մոտ ստեղծում է հայկական կողմի թուլության և սեփական ուժի գերակայության գիտակցություն, իսկ հայ հանրության մոտ առաջացնում է անզորության և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու անկարողության զգացողություն։ Այդ համատեքստում, զարմանալի չէ ադրբեջանական կողմի էլ ավելի կոշտ ռազմաշունչ հռետորաբանությամբ արձագանքը, ինչին մենք ականատես եղանք Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ նույն ՄԱԿ-ի ամբիոնից ելույթում, ինչպես նաև Ադրբեջանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հոխորտալից հայտարարություններում։

Ելնելով վերոնշյալից, կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ հրաժարվել այս կեղծ, ըստ էության պարտվողական «բանաձևից», Արցախի իշխանությունների հետ միասին հստակորեն հայտարարել, որ Արցախի անջատումը Ադրբեջանից արդեն իսկ վաղուց տեղի ունեցած անշրջելի իրողություն է, հիմնված ազգերի ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքի վրա, և պետք է դիտարկվի որպես հակամարտության կարգավորման աներկբա նախապայման, իսկ բանակցությունների առարկա դարձնել արդեն հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքների հաղթահարումը, տուժած խաղաղ բնակչության կորուստների երկուստեք փոխհատուցումը, և խաղաղ գոյակցության երկարաժամկետ կայուն նախադրյալների ստեղծումը։

 

«Ազգային Օրակարգ» կուսակցության Խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30