Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանը կդիմի ՄԻԵԴ. Վերաքննիչ դատարանը որոշեց կալանքի տակ պահել ՊԵԿ նախկին նախագահին

Սեպտեմբեր 30,2019 11:05

Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշմամբ ՊԵԿ նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ: Դատարանն այսօր մերժեց Գագիկ Խաչատրյանի պաշտպանների բողոքը: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանն օրերս Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշում էր կայացրել: Բողոքարկման հիմնավորումներում Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ներկայացրել էր, որ առերեւույթ հանցագործության մասին փաստաթղթեր ներկայացված չեն, նաեւ այն փաստը, որ իր պաշտպանյալը վճարել է պետությանը ենթադրաբար պատճառած վնասը: Խոսքը 200 միլիոն դրամի մասին է:

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։ ԱԱԾ-ն ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյաններին ձերբակալել է օգոստոսի 27-ին: Նրանք կալանավորվել են երեք օր անց:

Գագիկ Խաչատրյանը ներկա է եղել վճռի հրապարակմանը: Փաստաբանն ասում է, որ իր պաշտպանյալի համար անակնկալ չէր դատարանի որոշումը:

Որոշման հրապարակումից հետո, լրագրողների հետ զրույցում Երեմ Սարգսյանն ասաց. «Այն առաջընթացը, որ կար հեղափոխությունից հետո`դատական համակարգի առումով, այսինքն, այն առաջընթացը, որ դատարանները որոշակի ազատություն, անկախություն ունեին, պետք է արձանագրել, որ ընդհանրապես կործանվել է այս համակարգը: Ու սա խոսքեր չեն: Որովհետեւ յուրաքանչյուր անձ`դատական, իրավական համակարգին մոտ կանգնած, որը որ առնչվում էր, գոնե կասեր, որ Վերաքննիչ դատարանը այն մեկ հույսն էր մնացել, որը որ նախկինում էլ, հիմա էլ`գոնե հեղափոխությունից հետո, որը որ կարողանում էր որոշումներ կայացնել անկախ: Այս պահին, Ռուբիկ Մխիթարյանի նման դատավորը, որը որ միշտ աչքի է ընկել իր կայացրած որոշումներով`անկախ օբյեկտիվ որոշումներով, այսօր փաստացի չկարողացավ հաղթահարել այն ճնշումները, որոնք որ առկա են իր նկատմամբ եւ փաստացի, կատարեց այնպիսի քայլ, որը որ հետագայում, բնականաբար, արձանագրվելու է այն խախտումները, որոնք տեղի ունեցան»:

Փաստաբանն առանձնացնում է այն, որ եթե որեւէ հանցագործության մասին փաստաթղթեր առկա չեն, ապա դատարանին այլ բան չի մնում, քան մերժել կալանավորելու որոշումը, քանզի գնահատելու տեղ էլ չկա: Խոսքը 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի մասին է:

Իսկ 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներկայացված մեղադրանքի առնչությամբ, որի վերաբերյալ փաստաթուղթ էր ներկայացված, Երեմ Սարգսյանն ասում է, եթե այդ մասով դատարանը անգամ հիմնավոր կասկած է գտել, ապա առերեւույթ համաներման ակտ էր կիրառվում. «Վճռաբեկ դատարանն ունի նախադեպային որոշում, որ եթե որեւէ առերեւույթ հանցագործության նկատմամբ առերեւույթ համաներում է կիրառվում, դատարանը պարտավոր է կալանավորման միջնորդությունը մերժել»:

Դատարանի որոշումը կողմերին չի տրամադրվել, հիմքերը դեռ պարզ չեն, բայց Երեմ Սարգսյանը վստահ է`«գրվելու է մի բան, որը որ իրավաբանության հետ ընդհանրապես կապ չունի»: Այս վստահությունը նա ունի դաշտին լավ ծանոթ եւ գործի նյութերին լավ ծանոթ լինելու արդյունքում:

Անդրադառնալով դատական համակարգի ընդհանուր վիճակին եւ դատական համակարգն անկախացնելու եւ արդիականացնելու խոսակցություններին, Երեմ Սարգսյանն ասաց. «Այն դատավորները, ովքեր որ տարիներ շարունակ ամենացածր հորիզոնականում էին`իրենց վարկանիշի առումով, այսօր բոլորը հերոսներ են դարձել: Բոլորը անում են այն, ինչ որ ցանկանում է իշխանությունը, իրենք բոլորը լավ դատավորներ են դարձել: Այն դատավորները, որոնք որ նախկինում ևս համարվում էն քիչ թե շատ նորմալ, օբյեկտիվ որոշումներ էին կայացնում, չեմ ասում լրիվ անկախ են, կատարյալ անկախ, չի եղել երբեք նման բան, այսօր այդ դատավորերն էլ արդեն չեն կարողանում նորմալ որոշումներ կայացնել»:

Այս ամենում քաղաքական դրդապատճառները Երեմ Սարգսյանը Գագիկ Խաչատրյանի հետ չի քննարկել: Դատական ակտը ստանալուց հետո, կողմը կշարունակի պայքարել օրենքով սահմանված բոլոր տարբերակներով, նաեւ դատավորի կարգապահական հարց կբարձրացնեն, քանի որ վստահ են, ակնհայտ եւ կոպիտ խախտումներ են եղել եւ իրենց դիրքորոշմանը որեւէ ատյանում պատճառաբանված հակափաստարկ չկա: Կողմը կդիմի ՄԻԵԴ եւ վստահ են, որ ընդդեմ ՀՀ-ի հերթական վճիռն ենք ունենալու: Նա օրինակ բերեց, որ առաջին ատյանի դատարանը գրել է իր պաշտպանյալի անունը, անվանումների շարք եւ կալանավորման որոշում է կայացրել: Պաշտպանը վստահ է, որ եթե իր պաշտպանյալի անուն-ազգանունը չլիներ, կալանավորման որոշումը չէր լինի: Գագիկ Խաչատրյանն, ի դեպ, թույլ չի տվել, որ իր փաստաբանները հրապարակային անդրադառնան իր առողջական խնդիրներին, ինչի մասով էլ կալանքից ազատելու համար իրավական գործընթաց կա:

Գագիկ Խաչատրյանի տեսակցությունների վրա արգելանք է դրված: Կալանք է դրված նաեւ նրա գույքի վրա: Հարցին`ի՞նչ միջոցներով են վճարումները կատարվել, եթե գույքը կալանքի տակ է, փաստաբանն ասաց, որ վճարողի անունը հրապարակելու իրավասություն չունի:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30