Ամերիկացի վիրտուոզ կիթառահար Էլ Դի Մեոլան, ով Հայաստան կժամանի համերգով, մանրամասներ է բացահայտել երեկոյի վերաբերյալ: Երաժիշտը նոյեմբերի 10-ին, ժամը 18:00 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա ինքնատիպ ծրագրով:
«Անչափ ուրախ եմ լինելու այս տարվա նոյեմբերին Հայաստանում՝ Երևանում, անցկացվող Silk Note փառատոնի մասնիկը: Համերգի ընթացքում կհնչեն հեղինակային, ինչպես նաև տանգոյի վարպետ Աստոր Պիացոլայի, Լենոնի և Մաքքարթնիի ստեղծագործությունները: Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը»,-նշել է Էլ Դի Մեոլան: Նա նաև հավելել է, որ իր համերգի ընթացքում իր հետ բեմում ելույթ կունենան բարձրակարգ և պրոֆեսիոնալ երաժիշտներ Իտալիայից, Կուբայից, Իսպանիայից:
Նշենք, որ Էլ Դի Մեոլայի երևանյան համերգը տեղի է ունենալու Silk Note Festival-ի շրջանակում, որը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է, փառատոնի գործընկերն է Berin Iglesias Art-ը:
Վիրտուոզ, ջազի լեգենդ Էլ Դի Մեոլան հանդես է գալիս ջազ ֆյուժն ժանրում: Նա մեր օրերի ամենահեղինակավոր կիթառահարներից է, 2009 թվականին Classic Rock ամսագիրը նրան է ներառել բոլոր ժամանակների լավագույն կիթառահարների ցանկում: Նրա ցնցող տեխնիկան Դի Մեոլային արքայական կարգավիճակի է արժանացրել կիթառի երկրպագուների շրջանում, որոնք բաց չեն թողնում նրա և ոչ մի համերգ:
Էլ Դի Մեոլան մրցանակների է արժանացել Record World Magazine, Guitar Player Magazine, Tomasa Edisona, Echo ամսագրերի կողմից: Նրա թողարկած սկավառակները մեծաթիվ վաճառքներ են գրանցել աշխարհի տարբեր երկրներում:
Համերգից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը:
Մամուլի հաղորդագրություն