Այսօր 19 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ՝ 12 համայնքի ղեկավարի, 6 ավագանու անդամների, իսկ Խաշթառակ համայնքում ե՛ւ ավագանու անդամի, ե՛ւ համայնքի ղեկավարի ընտրություններ։
Անկախ դիտորդ հասարակական դաշինքը, որը դիտարկում է իրականացրել բոլոր համայնքներում, որոշ խախտումներ է հայտնաբերել: Դիտորդն ականատես է եղել ծանոթ արատավոր պրակտիկայի մի օրինակի Արևաբույր համայնքում․ տեղամասի մոտակայքում ընտրողը հետաքրքրվել է թեկնածուից՝ որքա՞ն է նա պատրաստ վճարել 10 ձայնի համար։ Գուցե դիտորդի ներկայությունը նկատելով՝ թեկնածուն առաջարկել է ընտրողին վճարել «հարգանքով»։
Փարաքար համայնքում, որտեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար են պայքարում 4 թեկնածու՝ ներկայիս համայնքապետը, երկու ավագանիի անդամներ եւ համայնքապետի նախկին տեղակալը, քարոզչությունը որոշ իմաստով շարունակվել է ընտրությունների օրը՝ Դավիթ Մինասյանի պաստառներով մեքենան կայանվել էր տեղամասերից մեկի դիմաց, սակայն հեռացվել է դիտորդի եւ հանձնաժողովի նախագահի հորդորով։ Մեկ այլ տեղամասում Սամվել Վարդանյանի վստահված անձը ընտրողներին բարձրաձայն կոչ է արել քվեարկել Վարդանյանի օգտին։
Ուշադրություն գրավող է եղել Փարաքար եւ Թաիրով համայնքներով շրջող սպիտակ «Hummer» մակնիշի ավտոմեքենան, որը կարծես կատարում է թեկնածուներից մեկի շրջիկ շտաբի դերը։
Կարդացեք նաև
Փարաքար համայնքում արձանագրվել է նաեւ ընտրողին օգնելու չարաշահման դեպք, երբ տեղամասային կենտրոն տարեց կնոջը բերած երիտասարդը քվեարկությունը կատարել է չսպասելով կնոջ քվեախցիկ մտնելուն և հեռացել՝ «տատիկին» թույլ տալով ինքնուրույն հեռանալ տեղամասից։
Արտաշատ համայնքում նույնպես արձանագրվել են քարոզչության կանոնների խախտումներ, որոնք, սակայն, վերացվել են։