ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Կառավարության եւ Ազգային ժողովի ներկայացուցիչների, հայ եւ եզդի հոգեւորականների, այլ պաշտոնյաների ու մեծաթիվ հյուրերի հետ Ակնալճի եզդիական սրբատեղիում այսօր ներկա է գտնվել «Տաուսե Մալաք եւ յոթ հրեշտակներ» անվանակիր Սուրբ տաճարի օծման, Իրաքում ԴԱԻՇԻ-ի հրոսակների կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի եւ եզդիների ազգային հերոս Դավրեշե Ավդիի հուշարձանի բացման հանդիսավոր արարողություններին։
Ողջունելով ներկաներին հիշարժան օրվա առթիվ՝ մարզպետը նշել է, որ այն իր կարեւորությամբ կամրագրվի երկու եղբայրական ժողովուրդների պատմության էջերում։ «Այս ազգանվեր ձեռնարկներով եզդի ժողովուրդն իր մեծանուն զավակի` մոսկվայաբնակ գործարար, Ակնալճի եզդիական սրբատեղիի հիմնադիր-հովանավոր Միրզա Սլոյանի անմիջական աջակցությամբ վերահաստատում է իր հավատավոր լինելը, իր զավակների սխրանքներին արժանին մատուցել կարողանալն ու նրանց հիշատակը հարգելը։
Կարդացեք նաև
Սիրելի բարեկամներ, թող այս Սուրբ տաճարը նոր լույսով լցնի ձեր հոգևոր կյանքը և նպաստի նրա զարթոնքին: Իսկ ձեր ննջեցյալները թող հանգչեն խաղաղությամբ: Հավերժ հիշատակ նրանց եւ խոնարհում մեծ բարերարին` ազգանվեր հերթական նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»,- նշել է Համբարձում Մաթեւոսյանը:
Մարզպետն իր խոսքում ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է ղեկավարելու մի մարզ, որտեղ գտնվում են հայ եւ եզդի ժողովուրդների հոգեւոր կենտրոնները` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ Եզդիական Զիարատ տաճարը, որտեղ մեծ թիվ են կազմում ազգությամբ եզդիները եւ որի դպրոցներում ուսուցանվում է եզդերենը. «Հպարտորեն կարող եմ հավաստել, որ Արմավիրի մարզում մենք ուս ուսի տված հաղթահարում ենք բոլոր դժվարություններն ու փորձությունները` սերը մեր սրտերում, հույսը մեր մտքերում եւ հավատը մեր հոգիներում:
Կեցցե՛ հայ-եզդիական բարեկամությունը:
Փա՛ռք մեր եղբայրական ժողովրդին»:
Եզդի ժողովրդի համար նշանակալի օրվան նվիրված միջոցառումների շարքն ամփոփվել է ազգային-ժողովրդական երգ ու պարով, որի ընթացքում ելույթ են ունեցել հայ եւ եզդի անհատ կատարողներ, տարբեր պարային խմբեր:
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ