Անուշաբույր մեխակը մեր կենցաղում հաճախ է օգտագործվում որպես քաղցրեղենին, թեյերին ու կերակրատեսակներին յուրահատուկ՝ պիկանտ համ հաղորդող համեմունք։ Այն ունի իր «բնավորությունը» և դրա հետ մեկտեղ կարող է հպարտալ բազմաթիվ օգտակար հատկանիշներով։ Սակայն մենք մասնավորապես կանդրադառնանք մեխակի հակաճիճվային հատկություններին՝ փորձելով պարզել, թե ինչպես կարելի է այս համեմունքի օգնությամբ ազատվել մեր օրգանիզմում բնակվող անցանկալի «հյուրերից»։
Հնագույն ժամանակներից Հին Արևելքի երկրներում մեխակն օգտագործվում էր որպես մակաբույծների դեմ պայքարի լավ միջոց, քանի որ նրա հակաճիճվային հատկանիշները բավականին վաղ էին հայտնի դարձել մարդկությանը։ Մեր օրերում էլ մեխակը հաջողությամբ կարող է կիրառվել մակաբույծներից ազատվելու համար։
Ճիճուների դեմ պայքարի հարցում մեխակը շատ կարևոր տեղ ունի ժողովրդական բժշկությունում։ Սակայն այն կիրառելիս, այնուամենայնիվ, հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ՝ համապատասխան ախտորոշումը ստանալուց հետո։ Բժշկական վիճակագրության համաձայն՝ մարդկության գրեթե մեկ երրորդը ճիճվակրություն ունի։ Մակաբույծները հատկապես տարածված են տաք ու զարգացման ցածր մակարդակ ունեցող երկրներում, որտեղ գրեթե բացակայում են հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ տարրական պայմանները, սակայն քաղաքակիրթ երկրների քաղաքակիրթ բնակիչներն էլ լիարժեքորեն ապահովագրված չեն մակաբույծների «գրոհներից»։
Տեղավորվելով մարդու տարբեր օրգաններում ու շատ արագ բազմանալով՝ մակաբույծները կարող են լրջագույն խնդիրներ առաջացնել։ Ընդ որում հելմինտները կարող են մակաբուծել մարդու մարմնի ցանկացած հատվածի և օրգանի վրա։
Կարդացեք նաև
Մեխակի օգտակար հատկությունները բավականին լավ ուսումնասիրված են․ ինչպես արդեն նշվեց վերևում, այս բույսն օգտագործվում է ոչ միայն բժշկության մեջ, այլև սննդի, պարֆյումերիայի արդյունաբերությունում։
Այս ծաղկի կոկոնն այնպիսի օգտակար նյութեր է պարունակում, ինչպիսիք են՝
- Հակամիկրոբային հզոր ազդեցությամբ օժտված եթերային յուղեր,
- А, С, В, Е վիտամիններ,
- Տարբեր հանքանյութեր,
- Բուրավետ միացություններ,
- Մոխիր,
- Դաբաղող նյութեր և այլն։
Որպես դեղամիջոց՝ մեխակն օժտված է հետևյալ հատկություններով․
- ցավազրկող,
- հակասեպտիկ,
- սպազմոլիտիկ,
- աղեստամոքսային տրակտի աշխատանքը կարգավորող,
- միզամուղ,
- ընդհանուր ամրապնդող։
Տվյալ բույսի ճիշտ օգտագործման դեպքում օրգանիզմում տեղի են ունենում հետևյալ փոփոխությունները․
- Հելմինտներով վարակված օրգանների ու հյուսվածքների ախտահանում։
- Օրգանիզմից թրթուրների ու առանձնյակների լիովին դուրսբերում։
- Ցավի ու անհարմարության զգացողության վերացում։
- Աղեստամոքսային տրակտի աշխատանքի կարգավորում։
- Օրգանիզմի պաշտպանական գործառույթների ամրապնդում։
Մեխակի մեջ պարունակվող ֆենոլային նյութերը ակտիվորեն քայքայում են ճիճուների, դրանց ձվերի ու թրթուրների արտաքին թաղանթը և դուրս բերում դրանք օրգանիզմից։ Ընդ որում, մեխակը մաքրում է ոչ միայն մարսողական համակարգը, այլև արյան պլազման, վերարտադրողական օրգաններն ու նյարդային համակարգը։
Այս օգտակար համեմունքը կարգավորում է մարսողական համակարգի աշխատանքը, վերացնում օրգանիզմի վրա մակաբույծների գործած ազդեցության հետևանքները։ Այս բույսի ակտիվ նյութերը խթանում են օրգանիզմի պաշտպանական գործառույթները։
Հատկապես երեխաների մոտ ճիճվակրությունը բավականին հաճախ հանդիպող երևույթ է, քանի որ երեխաները ոչ միշտ են կարողանում հետևել հիգիենայի հիմնական կանոններին։ Այդ խնդրի դեմ պայքարող քիմիական դեղամիջոցներին այնքան էլ անվտանգ չեն, ունեն հակացուցումներ։ Եվ եթե չկա բժշկի կոնկրետ նշանակումը, ապա հելմինտների դեմ պայքարելիս, ինչպես նաև որպես կանխարգելիչ միջոց կարելի է դիմել ժողովրդական բժշկության օգնությանը։
Սակայն չպետք է մոռանալ, որ մեխակը հակացուցված է մինչև երկու տարեկան երեխաներին, քանի որ այն երեխաների մոտ կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել։
Մեծահասակների և երեխաների համար սովորաբար անցկացվում է ֆիտոթերապիայի 2 կուրս՝ հիմնական և կրկնակի։
Մեխակը գրեթե միշտ համակցվում է այլ օգտակար դեղաբույսերի հետ, օրինակ՝ եղինջի, մեղվամուշկի, օշինդրի հետ։
Սակայն, այնուամենայնիվ, այս բնական դեղաբույսերի ընդունումը նույնպես ցանկալի է իրականացնել բժշկի հսկողության ներքո՝ ճիշտ չափաբաժին ընտրելու և թունավորումից խուսափելու համար։ Նաև նշենք, որ մեխակով պատրաստված միջոցները ոչ միայն կարող են օգնել ճիճուներից ազատվելու հարցում, այլև կանխարգելիչ դեր ունեն։
Նախ խոսենք հակացուցումների մասին․
Թեև մեխակը շատ արդյունավետ է հելմինտների դուրսբերման հարցում, այն, այնուամենայնից, ունի մի շարք սահմանափակումներ՝ օգտագործման հետ կապված։ Մեխակ չի թույլատրվում օգտագործել մինչև 2 տարեկան երեխաներին, հղի կանանց, քանի որ մեխակն ունակ է ազդելու արգանդի տոնուսի վրա, հիպերտոնիկներին, քանի որ զարկերակային ճնշման կտրուկ բարձրացում կարող է լինել, աղեստամոքսային տրակտի հիվանդություններ (ստամոքսի խոց, գաստրիտ և այլն), սրտի անբավարարություն, միզուղիների հիվանդություններ ունեցող մարդկանց։
Մեխակով պատրաստված դեղամիջոցի ոչ ճիշտ օգտագործման դեպքում կարող է օրգանիզմի թունավորում առաջանալ, որը, սովորաբար, դրսևորվում է սրտխառնոցով, փսխումով, գլխացավով, սրտի ռիթմի խանգարմամբ և այլն։ Նման դեպքերում պետք է անմիջապես դիմել համապատասխան բժիշկ-մասնագետի օգնությանը։
Մակաբույծների դեմ պայքարելիս մեխակն օգտագործվում է ինչպես փոշու, այնպես թուրմերի և այլ խառնուրդների տեսքով։
Մեխակի փոշին բավականին արդյունավետ է ճիճուներ դեմ պայքարում, քանի որ դանդաղորեն է անցնում աղեստամոքսային տրակտով և նաև դանդաղ է ներծծվում։
Այն պատրաստելու համար կարելի է մեխակն աղալ սրճաղացի օգնությամբ կամ պարզապես լցնել կտորե պարկի մեջ և փոշիացնել փայտե մուրճի օգնությամբ։ Մեխակի փոշին խորհուրդ է տրվում պահել ապակե տարայի կամ բամբակյա կտորից պատրաստված տոպրակի մեջ։
Մեխակի փոշին վերը նշված նպատակով օգտագործելու համար պետք է այն ընդունել օրական երեգ անգամ գդալի մեկ տասներորդի չափով՝ աշխատելով միաժամանակ 1-2 բաժակ մաքուր ջուր խմել։
Մեխակի եփուկը փոշու հետ համեմատած պակաս արդյունավետ է, սակայն այն նույնպես ունի իր դրական ազդեցությունը։
Այն պատրաստելու համար պետք է 1,5–2 գ մանրացված չոր մեխակը թրմել 1 բաժակ եռման ջրով, թողնել թրմվելու 5 րոպե՝ ջրային գոլորշու վրա։ Այնուհետև քամել եփուկը։ Այն պետք է օգտագործել պատրաստելուց անիմիջապես հետո՝ օրական 100 գ՝ սնունդ ընդունելուց առաջ։
Մեխակի թուրմը եփուկից լավ է պահպանում բույսի օգտակար հատկությունները։
Այն պատրաստվում է հետևյալ կերպ․
3 գ աղացած մեխակի վրա լցնել 200 գ եռացրած ջուր, թրմել 1 ժա,․ հետո՝ քամել։ Հակաճիճվային միջոցը պատրաստ է, այն խորհուրդ է տրվում ընդունել սնվելուց կես ժամ առաջ։
Մեխակի յուղը կարելի է գնել դեղատներից կամ պատրաստել տնային պայմաններում։
Դրա համար հարկավոր է 5:1 հարաբերականությամբ ձիթապտղի յուղ և չորացրած մեխակ վերցնել, բաղադրիչները լավ խառնել և ստացված զանգվածը թողնել մութ վայրում 2-3 շաբաթ։
Մեխակով պատրաստված յուղը պետք է ընդունել մեկ ամսվա ընթացքում՝ օրական 2-3 կաթիլ՝ լուծված տաք ջրում։
Ճիճվաթափությունն ավելի արդյունավետ է ընթանում, երբ մեխակը զուգորդվում է նման հատկություններով առանձնացող այլ դեղաբույսերի հետ։
Ժողովրդական բժշկությունում հաճախ է հանդիպում մեխակ-օշինդր զույգը։ Այս համադրությունը շատ արդյունավետ հակաճիճվային միջոց է, որը պատրաստվում է շատ պարզ եղանակով՝ պարզապես պետք է խառնել չորացրած ու մանրացված դեղաբույսերը՝ հավասար քանակությամբ։ Այն ավելի լավ է օգտագոչծել երեկոյան ժամին՝ օրական 1 թ․ գդալ՝ ըմպելով այն 1-2 բաժակ ջրով։ Խառնուրդն օգտագործել 3 շաբաթ։
Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է, հակաճիճվային միջոցի ընտրության հարցում առաջնային նախապատվությունը բժշկի նշանակումն է։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ