Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսուն կադր․ Բեռլինում հյուրընկալված գյումրեցի պատանիները շրջագայել են անվասայլակներով  (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 29,2019 13:09

«Հայաստան -Գերմանիա» դպրոցական փոխանակման ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 12-23-ը Բեռլին այցելած Գյումրու պատվիրակության  13  անդամները, որոնցից  8-ը Գյումրու տարբեր դպրոցների աշակերտներ էին,  4-ը՝ ուսուցիչներ,  երկու օր շրջագայել են՝ անվասայլակներին նստած։ Նրանք առավոտից մինչև երեկո եղել են անվասայլակներով․ օգտվել հասարակական տրանսպորտից, այցելել թանգարաններ, եղել  ռեստորաններում ու սրճարաններում։

Ծրագիրը, որն իրականացվել  է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» և Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Vorstand Acht e.V.» ՀԿ-ների կողմից՝ Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ, «Շարժունակություն» թեմայի շրջանակում էր։ Ծրագիրն իրականացվում է արդեն երկրորդ տարին, նախորդ տարի եղել է «Միջմշակութային համագործակցություն» թեմայով։

Հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Գերմանիայի հատուկ կարիքներ ունեցող երեխաների ամենամեծ դպրոցը՝ «Կարլ Վոն Լին», որտեղ սովորում են հաշմանդամություն ունեցող շուրջ 3000 աշակերտ, ու այստեղ գյումրեցիները Գերմանիայի 15 հոգանոց պատվիրակության հետ համատեղ  3 օր շարունակ մասնակցել են աշխատարանների։ 40 անվասայլակ է տրամադրվել նրանց․ ծրագրի բոլոր մասնակիցները սովորել են դրանք օգտագործելու ձևը։ Փոքրիկ քաղաք հիշեցնող դպրոցն ապահովված է եղել բոլոր հարմարություններով՝  հսկայական բակով, լողավազաններով, հիվանդանոցներով, առողջարաններով․ այն Եվրոպայում իր մեծությամբ երկրորդն է։ Գերմանիան ևս անցել են ընդհանուր ներառական կրթության, սակայն հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող երեխաների իրական կարիքները՝ կառավարությունը որոշել է պահել այդ եզակի դպրոցը։

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում  ներկայացրեց հայաստանյան պատվիրակության ղեկավար, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը։

Նա նշեց, որ  անվասայլակներով շրջագայելու նպատակն էր ցույց տալ  հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց հասարակության մեջ ներառված լինելու կարևորությունը ու շեշտել, որ նրանք հավասարաչափ կարող են մասնակցել  սոցիալական կյանքին,  ժամանցին, կրթությանը։

«Մյուս կողմից  գերմանական կողմը հայկական պատվիրակությանը ուզում էր ցույց տալ, թե Բեռլին քաղաքը ինչքանով է հասանելի տարբեր հենաշարժողական խնդիրներ ունեցող պատանիների համար։

Եվ քանի որ մեր հանրապետության դպրոցները ևս ամբողջությամբ անցել են ներառական կրթությանը, սա հիանալի փորձ էր, հատկապես ուսուցիչների համար, որոնք նոր-նոր սկսել են աշխատել  ներառական խնդիրներ ունեցող երեխաների հետ։ Մենք ընդհանրապես պատրաստ չենք․ ցավոք, Հայաստանում այս փոփոխությունը կատարվեց առանց իսկ մասնագետներին վերապատրաստելու ու դպրոցները նախապատրաստելու՝ թե՛  ֆիզիկապես․ տեղաշարժման համար պայմաններ ստեղծելու, թե՛ միջավայր ստեղծելու առումով։

Այնտեղ հիանալի ժամանակ անցկացրեցինք․ ապշել էինք, թե ինչպես են վերաբերում հաշմանդամություն ունեցող անձանց․ եթե մենք մի փոքր խղճահարությամբ, կարեկցանքով ենք վերաբերում, այնտեղ հավասար վերաբերմունք է։ Մեզ մոտ, եթե տեսնում ենք հաշմանդամություն ունեցող անձը սպասում է վերելակի կամ ասենք պաղպաղակի, հերթը զիջում ենք, իսկ Գերմանիայում եթե իր հերթը հասավ, կօգտվի, մյուսների նման մինչև վերջ սպասում է։ Սա միջոց էր մեր երիտասարդների հոգեբանական վիճակն ավելի կայուն դարձնելու։

Երբ փորձագետը, որը հենաշարժողական  խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատելու առումով  հայտնի անձնավորություն էր, եկավ ու հայտարարեց, թե աշխատարաններ են արվելու ու բոլորն անվասալյակ են նստելու,  հայ մասնակիցները, մասնավորապես աղջիկներն վախենում էին անգամ ձեռք տալ  անվասայլակներին, հոգեբանական այդ արգելքը կար։  Բայց  մեզ արգելվեց առաջիկա 7 ժամվա ընթացքում անվասայլակից դուրս գալ, բացի զուգարան գնալուց։ Անվասայլակով գնում ես սրճարան, հաց ես ուտում, խաղում ես, ու մենք հասկացանք, թե ինչքան է կյանքի որակը փոխվում, ինչից են զրկված մարդիկ։

Սա մի կողմից նպատակ էր ցույց տալու, թե  ինչքան կարևոր է  նմանատիպ անձանց հավասարաչափ ներգրավել մեր հասարակության մեջ, մեզանից ցանկացած մեկը երաշխավորված չէ, որ վաղը մենք կկարողանանք նմանատիպ խնդրի առաջ չկանգնել և անվասայլակը չի դառնա մեր հավերժ ուղեկիցը։

Սա շատ կարևոր էր նաև թիմային աշխատանքի համար, թե ինչպես են մեկը մյուսի համար հոգ տանում, օգնում․ խմբի անդամներից մի քանիսը անվասայլակներով չէին , իրենք ուղեկցողներն էին։ Դու տեսնում էիր, թե ինչպես են նրանք հոգ տանում, օգնում  բարձրանալ ասենք գնացք, թեև գնացքներն ամբողջությամբ հարմարեցված էին անվասայլակին։

Սա կարելի է ասել լավագույն փորձերից մեկն է, որը մարդու որակ է ձևավորում, ընկերոջ նկատմամբ սրտացավություն ունենալու ու առհասարակ հասարակության մեջ բևեռացումը վերացնելու»,- ասաց Արթուր Նաջարյանը:

Հայկական պատվիրակությունը  հյուրընկալվել է  նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աշոտ Սմբատյանին, նրանք դեսպանի հրավերով այցելել են Հայաստանի դեսպանատուն:

Այս մասին՝ ավելի ուշ։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ ԵՆԿ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30