Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանի՝ սեպտեմբերի 27-ի որոշմամբ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվեց 5 անգամ գողության համար դատապարտված Մուշեղ Պողոսյանը։ Հետաքրքիր է, որ անցած տարի նույն դատավորը մերժել էր Մուշեղին ազատել (Aravot.am-ն անդրադարձել էր այդ թեմային): Մուշեղ Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով՝ գողություն, 2015 թ.-ին դատապարտվել էր վեց ու կես տարվա ազատազրկման։ Դատապարտյալի շահերի պաշտպան Վարդան Սուղյանը օրինաչափ է համարում դատարանի նման որոշումը։
Քրեակատարողական եւ պրոբացիայի ծառայությունները Մուշեղ Պողոսյանին դրական զեկույցներ էին տվել։ Աշխատել է, խրախուսանք ունի, երաշխավորություն կար, որ ազատվելուց հետո կաշխատի շինկազմակերպությունում, ունի պարբերական հիվանդություն եւ բացի սրանցից, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը բնութագիր-երաշխավորագիր էր ուղարկել դատարան։«Այսքանից հետո ինձ համար, կարծում եմ նաեւ դատարանի համար, զարմանալի էր դատախազ Արայիկ Բրուտյանի առարկությունը՝ պաշտպանյալիս պայմանական վաղաժամկետ ազատելու համար»,- ասաց Վարդան Սուղյանը։
Իսկ դեմ լինելու համար պատճառաբանվեց Մուշեղի՝ մի քանի անգամ դատապարտված եւ պատիժը կրելու ընթացքում 7 անգամ տույժի ենթարկվելը։ «Մարված տույժեր են եղել, որը գործի հետ ընդհանրապես առնչություն չուներ։ Ավելին՝ նախկինում դատապարտված լինելը նույնպես ոչինչ չի ասում։ Մարդը հիմա փոխվել է, գիտակցել ու զղջացել է, ուրեմն պարոն վերահսկող դատախազ, շանս տվեք նրան»,-ասաց փաստաբանը։ Վերջինիս խոսքով՝ դատախազների նման դիրքորոշումը պատիժը կրողների համար կարող է վճռորոշ լինել։
Կարդացեք նաև
«Դրական զեկույցներով, ուղղման ճանապարհին կանգնած դատապարտյալը պիտի ազատվի եւ ինտեգրվի հասարակությանը։ Հակառակ պարագայում դատապարտյալը կմտածի, որ քեզ ոնց էլ պահես, կապ չունի, միեւնույն է՝ չեն ազատելու»,-ասաց փաստաբանը։ Իսկ ազատության մեջ հայտնվելուց Մուշեղը առաջիններից մեկը հանդիպեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ «Բառերն էլ չկան, որ ասեմ։ Շնորհակալ եմ պարզապես։ Տիկին Զոհրաբյանի ջանքերի շնորհիվ ես հայտնվեցի ազատության մեջ։ Նա նաեւ պայքարեց իմ առողջության համար, վերջապես ախտորոշվեցի եւ բուժում եմ ստանում»,-ասաց Մուշեղ Պողոսյանը։
Պատգամավորը մեզ հետ զրույցում մասնավորապեա նշեց, որ անչափ ուրախացավ՝ լսելով Մուշեղի ազատության մասին։ «Իրականում ես քրեակատարողական հիմնարկում շատ անգամ եմ հանդիպել Մուշեղին, զգում էի նրա արժեհամակարգի փոփոխությունը, նոր կյանք սկսելու ձգտումը։ Ուրախ եմ եւ հույս ունեմ, որ Մուշեղը երբեք չի հիշի հանցավոր անցյալը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նա, անդրադառնալով պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտին, նշեց, որ հանձնաժողովը գրեթե ամեն օր առաջարկներ, դիմումներ է ստանում եւ առաջիկայում թերեւս համապատասխան կառույցների հետ համատեղ կքննարկեն, թե ինչպես ավելի արդյունավետ դարձնել վաղաժամկետ ազատման գործընթացը։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ
Ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Զոհրաբյանին, բոլոր նրանաց, ովքեր Մուշեղի կողքին էին ու այս ամբողջ ընթացքում օգնել են նրան, ամեն ինչ արել, ամեն կերպ նպաստել` ուղղվելուն ու հիմա ազատության օդը շնչելուն։ Առանձին ուզում եմ անդրադառնալ դատավոր Խալաթյանին։ Երբ իմացա, որ նա պետք է լինի դատավորը, կոտրվեցի, քանի որ նա ամենակոռուպացված դատավորներից մեկն էր, բայց մինչև վերջ հույսս ու հավատս չկորցրեցի։ Չէի ուզում դատի օրը շուտ գար։ Վախենում էի։ Չէի ուզում Մուշեղը կոտրվեր, հիասթափվոր ամեն ինչից։ Ինչ ես էի զգում վերջին 3 օրերին, գիտենք մենակ ես ու Աստված։
Շնորհակալություն Պարոն Խալաթյան։ Դուք ինձ ապացուցեցիք, որ մարդ տեսակը Ձեր մեջ կա։ (Մեկնաբանություններումս բազմիցս էի անդրադարձել նրան)։
Ինչ հետաքրքիրա չէ՞ կյանքը 🤔 Դատավորի մի որոշմամբ բորորս ուրախացանք, երջանկացանք ու որ քիչ կարևոր չի` չկորցրեցինք հավատներս արդարության հանդեպ։ Իսկ հակառակ որոշմամբ կքանդեր ու կսպաներ Մուշեղի ու մեր միջի մաքրությունն ու ոգևորությունը։ Ու որ քիչ կարևոր չի` մարդ տեսակի գոյության փաստը։
Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին։ Ձեր շնորհիվ Մուշոս կողքսա։ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Սրտանց ցանկանում եմ բոլոր֊բոլորին նույնը։ Թող որ բոլոր ընտանիքներում լինի այս նույն ուրախությունը։ Թող որ բոլոր սպասումներն արդարացվեն։ Թող որ Աստծո կամքով բոլորի նվիրական երազանքները կատարվեն։