Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբուկով իտալական ուտեստ «Մելանզանե պարմիջիանա» (Parmigiana Di Melanzane)

Սեպտեմբեր 29,2019 12:30

Պարզագույն ուտեստ է, բայց այնքա՜ն համեղ՝ տապակած սմբուկները լոլիկի թանձրուկի մեջ, դե, բնականաբար, քանի որ իտալական խոհանոցից է, պանիրն՝ անպակաս: Այս ուտեստը իտալացիները համարում են բուսակերների «լազանյա»:

Անհրաժեշտ մթերքները

Սմբուկ- 2-3 խոշոր, ցանկալի է հաստլիկ, կլորավուն տեսակի

Բուսական յուղ- 5-6 ճաշի գդալ

Լոլիկ-10 հատ (կարելի է վերցնել նաեւ սեփական հյութում պահածոյացված լոլիկ)

Տոմատի մածուկ-2 ճաշի գդալ

Սխտոր-3 պճեղ

Չորացրած բուրավետ կանաչիներ (հազրեվարդ, օրեգանո, ռեհան՝ որը կամենաք, որը ունեք) – 1 թեյի գդալ

Աղ, սեւ պղպեղ՝ ըստ ճաշակի

Ձիթապտղի յուղ-1 ճաշի գդալ

Պարմեզան տեսակի պանիր- 50 գրամ

Մոցարելա պանիր-100 գրամ

Պատրաստաման եղանակը

Սմբուկները լավ լվանալ, կեղեւահան անել, չորացնել, շրջանաձեւ կտրատել եւ տապակել բուսայուղի մեջ:

Մինչ սմբուկները տապակվում են, պատրաստեք նաեւ թանձրուկը: Եթե լոլիկները թարմ են, լավ լվացեք, պոչի մասից խաչաձեւ կտրվածք արեք, շարեք թասիկի մեջ, վրան լցրեք եռման ջուր, թողեք 5 րոպե, որից հետո կեղեւահանեք, մանր կտրատեք, լցրեք փոքրիկ կաթսայի մեջ եւ դրեք ցածր կրակին՝ եփվելու: Եթե սեփական հյութի մեջ պահածոյացված լոլիկներ են, նույնպես կտրատեք, 4-5 ճաշի գդալ սեփական հյութի հետ լցրեք կաթսայի մեջ եւ դրեք մարմանդ կրակին: Ավելացրեք նաեւ կտրատած սխտորը: Պարբերաբար խառնեք: Մոտ 10 րոպեից ավելացրեք տոմատի մածուկը: Եթե շատ պինդ է ստացվում թանձրուկը, կարող եք կես բաժակ եռացրած ջուր ավելացնել: Թողեք եւս 7-8 րոպե եփվի, ապա ձեռքի կոտորակիչով (բլենդերով) մանրացրեք, դարձրեք համասեռ զանգված, ավելացրեք սեւ պղպեղը, աղը, չորացրած կանաչիները, ձիթապտղի յուղը, ավ խառնեք, դրեք մի կողմ:

Եթե սմբուկը տապակված է, թանձրուկը՝ եփված, մնում է «հավաքել» պարմիջիանան:

Հրակայուն ամանի մեջ լցրեք այնքան թանձրուկ, որ ծածկի ամանը: Վրան շարեք տապակած սմբուկներ: Սմբուկների վրա՝ քերած պարմեզան, ապա՝ շերտ-շերտ կտրատած մոցարելա: Նորից՝ թանձրուկը, վրան՝ տապակած սմբուկը, վրան՝ երկու տեսակի պանիրը: Այդպես շարեք այնքան, մինչեւ եւ թանձրուկը վերջանա, եւ սմբուկները:

 

Դրեք 180-190 աստիճան տաքացրած ջեռոցը 15-20 րոպեով: Անջատեք, թողեք եւս հինգ րոպե, որից հետո մատուցեք: Կարող եք զարդարել թարմ բազիլիկով (կանաչ ռեհան):

 

 

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30