Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանից հեռու

Սեպտեմբեր 29,2019 12:00

Վերջերս ավելի ու ավելի հաճախ է խոսվում Արցախի ու Հայաստանի «միացման» հնարավորության մասին:

Ստեփանակերտի հրապարակում Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» բացականչությունը «միացման» կողմնակիցներից շատերին ոգեւորեց ու թեւավորեց, եւ այնուհետեւ «Սասնա ծռերն» ու «միացման» կողմնակիցներն սկսեցին աջուձախ բացատրել, որ միանշանակ նախընտրելին Արցախի ու Հայաստանի միացումն է:

«Սասնա ծռերի» ու նրանց համախոհների ոգեւորությունը միանգամայն հասկանալի է, եւ Ղարաբաղի ու Մայր Հայաստանի միացման ցանկությունն էլ է միանգամայն հասկանալի, անհասկանալին ու դժվար հասկանալին այն է, թե ինչո՞ւ էինք մենք այդքան երկար ժամանակ մոռացել «Միացում» կարգախոսը եւ ընդհանրապես չէինք հոլովում այն. չէ՞ որ անցյալ դարի ութսունութ թվականից սկսած՝ Ղարաբաղյան շարժման սկզբից մինչեւ վերջ, «Միացում» կարգախոսը ողջ հայ ժողովրդի շուրթերին էր՝ Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում, եւ Արցախի ու Մայր Հայաստանի տեսլականի հետ կապված՝ որեւէ հայորդու մտքով «միացումից» բացի, որեւէ այլ տարբերակ չէր էլ անցնում, եւ Ղարաբաղյան շարժման առաջնորդների, ակտիվիստների ու ընդհանրապես հայ քաղաքական գործիչների  մտքով չէր էլ անցնում հայկական երկրորդ՝ Արցախ կոչվող պետության գոյության հնարավորությունն ու անհրաժեշտությունը, եւ անկախ ու Հայաստանից առանձին՝ ինքնուրույն ու ինքնիշխան Ղարաբաղի գոյության հնարավորությունը հայոց ժամանակակից քաղաքական միտք տեղափոխվեց Ղարաբաղի ինքնորոշման գաղափարի հետեւողական արծարծումից հետո միայն, եւ չասել, որ Արցախի անկախության ու որպես պետություն ոչ միայն Ադրբեջանից, այլեւ Հայաստանից էլ անջատ ու առանձին գոյության հնարավորության արծարծումը մեր քաղաքական մտքի առաջընթացի ու զարգացման վկայությունն է, սխալ կլինի, եւ այստեղ կարեւորը նաեւ այն է, որ քաղաքական աշխարհը նույնպես Արցախի՝ Հայաստանից անջատ ու անկախ գոյությունն ավելի ճիշտ է համարում, քան՝ Ղարաբաղի ու Հայաստանի հնարավոր կամ անհնարին միացումը, եւ այդ կոնտեքստում քաղաքական աշխարհը,  ուզի թե չուզի, ուղիղ համեմատության մեջ է նայում Ադրբեջանին ու Ղարաբաղին, եւ այդ համեմատության մեջ շահողը միանշանակ Ղարաբաղն է՝ քաղաքական բոլոր կոմպոնենտներով՝ մարդու իրավունքներ, ազատ ու արդար ընտրություններ եւ այլն. այսինքն, ամեն ինչից անկախ, Ղարաբաղն աշխարհի աչքում միանգամայն արժանացել է Ադրբեջանից, Հայաստանից ու ողջ աշխարհից անկախ գոյության իրավունքին:

Եվ բնական ու տրամաբանական կլինի, եթե մենք նույնպես համաձայնվենք այդ տարբերակին, այլ ոչ թե Արցախի անկախությանն ու ինքնիշխանությանն արհեստականորեն հակադրենք Արցախի ու Հայաստանի «միացման» տարբերակը: Եվ էական է նաեւ, որ հակադրողները հիմնականում «Սասնա ծռերն» ու առանձին խմբավորումներ են, այլ ոչ թե՝ Ղարաբաղն ու ղարաբաղցիները, մինչդեռ Ղարաբաղն իր պայքարի առաջին իսկ օրվանից միանշանակ նախապատվությունը տվել է իր անկախությանը, ինքնիշխանությանն ու ինքնորոշման իրավունքին:

Ինչ վերաբերում է Արցախի հարցով «միացում թե՝ անկախություն» արհեստական եւ նույնիսկ ծիծաղելի բանավեճին, այն իսկապես արհեստական է ու իսկապես ծիծաղելի, որովհետեւ իրականության մեջ ու կյանքում նման հարց ու հարցադրում չկա ու գոյություն չունի, եւ եթե նման հարցադրում ենք բստրում, դա իրականության հետ որեւէ կապ չունի, որովհետեւ Արցախի հարցում արցախցիների եւ ընդհանրապես հայերի համար գլխավորն ու միակ կարեւորն այն է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ դա հայերիս համար միակ ցանկալի կարգավիճակն է, եւ հիմա մենք պետք է գոհ լինենք, որովհետեւ հիմա՝ այս պահին Արցախը հենց այդ կարգավիճակում է, եւ եթե ուզում ենք, որ Արցախի, արցախցիների ու ընդհանրապես հայերիս համար լավ լինի, պիտի աշխատենք Արցախի հենց այսօրվա վիճակն ու կարգավիճակը պահել ու պահպանել, իսկ ընդհանրապես, եթե ավելի անկեղծ լինենք, կարեւորը ոչ թե Արցախի կարգավիճակն է, այլ այն, որ Արցախը Ադրբեջանի կազմում չլինի:

Այդ ուղղությամբ ամենառեալ ու ամենակարճ ճանապարհը Արցախի նախագահի հերթական ընտրություններն են: Ազատ ու արդար:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
27.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30