Հայաստանում առաջին անգամ կայացավ «Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը: Տավուշի մարզի ամենամեծ համայնքում՝ Կողբում, ներկայացվեց հայկական արտադրության մրգօղին: Բաց տաղավարներում ցուցադրվեցին ինչպես Կողբի, այնպես էլ հայաստանյան այլ համայնքների կողմից ներկայացված մրգային և հատապտղային օղիներ, որոնք համակցված էին տարատեսակ ազգային ուտեստներով: Տեղացիներն ու հյուրերը օգտվեցին հյուրասիրությունից և մասնակցեցին բազմաբնույթ մշակութային միջոցառումների, մրցաշարերի:
Կարևորելով օրվա խորհուրդը, փառատոնի կազմակերպիչ Կարեն Քոչարյանն ընդգծեց, որ միջոցառումը խթան կդառնա մեր հայրենակիցների և օտարազգիների համար՝ այցելելու Տավուշի մարզ, Կողբ համայնքն առավել ճանաչելի դարձնելու: Համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի խոսքով, ներկայացված մրգօղիների տեսակներն առանձնանում են իրենց որակական բարձր հատկանիշներով, բնական պատրաստման եղանակով: Նա կարևորեց՝ հայկական ավանդույթները պետք է պահպանել և շարունակական դարձնել, իսկ արտադրանքը գնահատել և հանրայնացնել:
Նշենք նաև, որ Կողբ գյուղը սահմանից ընդամենը 4.7 կմ հեռավորության վրա է գտնվում: Ունի մշակույթի կենտրոն, գեղարվեստի դպրոց, բեմադրվում են թատերային և տիկնիկային ներկայացումներ գործող թատրոնում: Հարուստ է պատմամշակութային կառույցներով: Կողբից են մի շարք աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ՝ տարբեր մարզաձևերից։
Արսեն ԽԱՉԱՏՐՅԱՆ