Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆ նախկին փոխնախարարի գնահատմամբ՝ դատավոր Դանիբեկյանին հետապնդած երիտասարդը քաղբանտարկյալ է

Սեպտեմբեր 28,2019 21:37

Արդարադատության նախկին փոխնախարար  Ռուբեն Մելիքյանի համոզմամբ, գործող քաղաքական իշխանության ուղիղ գործողությունների արդյունքում դատական համակարգի առանց այն էլ ոչ բարձր հեղինակությունը շատ ավելի մեծ անկում է գրանցել: Ռուբեն Մելիքյանը նկատեց, որ հիմա սովորական մարդիկ շատ ավելի  հաճախ են անհարգալից վերաբերմունք ցուցաբերում դատական իշխանության նկատմամբ:

Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դիտարկումներին, թե դատարաններն այսօր ավելի ազատ ու անկախ են, քան երբեւէ, Ռուբեն Մելիքյանն ասաց, որ հիմա իրավիճակն ավելի վատ է.  «Նախորդ ու ներկա իշխանությունների օրոք առկա խնդիրներն են տարբեր, նախորդ իշխանությունների ժամանակ իրենց խնդիրները կային, բայց այսօր այդ խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլեւ խորանում են, դրան էլ գումարվում են նոր խնդիրներ»:

Մեր հարցին՝ դատարանների նկատմամբ ճնշումներ հիմա տեսնո ՞ւմ եք, մեր զրուցակիցը պատասխանեց. «Քաղաքացիները, կողմերը, որոնք դատարանների հետ գործ են ունենում,  շատ ավելի անընդունելի  վարքագիծ են դրսեւորում դատարանների նկատմամբ, քան նախկինում էր ընդունված, իսկ մյուս կողմից պնդել, որ քաղաքական իշխանությունը որեւէ մասնակցություն չի ունենում, ճնշում չի գործադրում, մենք չենք կարող, որովհետեւ եթե Հայաստանում դատարանի նկատմամբ ճնշման մեկ արձանագրված դեպք կա, հենց նոր իշխանության ժամանակ է եղել, հայտնի ձայնագրությունը վկայում է դա, իսկ նախորդ իշխանությունների օրոք ուղղակի չափազանցված էր հանրային ընկալումը, որ դատարանները կոռումպացված են,  ու տեղի են ունենում անընդհատ ճնշումներ, դա իրականությանը չէր համապատասխանում, իրականությունը շատ ավելի բարվոք էր, քան՝ հանրային ընկալումը»:

Անդրադառնալով նախօրեին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու դեպքին, պարոն Մելիքյանն ասաց. «Սա այն երեւույթն է, որը սկսել են հենց իշխանությունները իրենց հակաօրինական գործողություններով»:

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ դատավորին հետապնդած երիտասարդը միջազգային չափանիշներով քաղաքական բանտարկյալ կարող է համարվել. «2012-ին ԵԽԽՎ-ն ընդունեց քաղբանտարկյալների չափանիշները, որոնցից մեկը շատ հստակ է ՝ քաղբանտարկյալ է, եթե նույն իրավիճակում քաղաքական նկատառումներով անձի նկատմամբ ավելի խիստ վերաբերմունք կա, քան այլ անձանց նկատմամբ: Բերում եմ օրինակ՝ հունիսի հինգին շատ ավելի կոպիտ միջամտություն էր տեղի ունեցել Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ, կա տեսագրություն: Ավելին՝ նրա նկատմամբ ոչ ուժեղ, բայց միջամտություն էր տեղի ունեցել, բայց որեւէ արձագանք չեղավ, ընթացակարգ տեղի չունեցավ:

Իսկ Աննա Դանիբեկյանի դեպքում, որին իշխանությունը հիմքեր ունի համարելու յուրային, չեմ ասում, որ դատավորը յուրային է, արձագանքն այնպիսին էր, որ անհամաչափ ուժ կիրառվեց  միջամտած երիտասարդի նկատմամբ: Ոստիկանությունը նրան նսեմացնող տեսանյութ հրապարակեց: Այս պայմաններում՝ ԵԽԽՎ չափանիշից ելնելով՝   կարելի է պնդել, որ այդ երիտասարդը, այնքան ժամանակ, ինչքան գտնվելու է անազատության մեջ, լինելու է քաղբանտարկյալ»:

Ռուբեն Մելիքյանը կառավարության բացթողում է համարում այն հանգամանքը, որ երեկվա դրությամբ Աննա Դանիբեկյանը չի ունեցել պետության կողմից հատկացված անվտանգություն:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30