Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական ժառանգության օրերը՝ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում

Սեպտեմբեր 28,2019 20:41

Ս.թ. սեպտեմբերի 28-ին «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում տեղի ունեցավ Հայաստանում անցկացվող Եվրոպական ժառանգության օրերի պաշտոնական բացման միջոցառումը, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից:

 Միջոցառման պաշտոնական բացումն ազդարարեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորինը:

«Հայաստանը եվրոպական մշակութային ընտանիքի անդամներից է՝ Եվրոպական ժառանգության օրերի մասնակից 50 երկրներից մեկը: Ծրագրի այս տարվա խորագիրն է՝ «Արվեստ և ժամանց», ինչը հնարավորություն է տալիս մեր բազմաշերտ մշակույթը ներկայացնել իր ամբողջ շքեղությամբ: Սա հիանալի առիթ է բազմաբնույթ միջոցառումների միջոցով նորովի բացահայտելու, հաղորդակցվելու, արժևորելու և հանրահռչակելու մեր մշակութային ժառանգությունը»,- իր ելույթում նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Եվրոպական ժառանգության օրերը հիանալի առիթ են վեհիշելու նախնիներից մեզ  թողնված մշակութային ժառանգությունը։ Մենք բոլորս պետք է արժևորենք և պահպանենք այս ժառանգությունն ապագա սերունդների համար»,- իր խոսքում նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորինը:

Թագավոր, պալատականներ և մունետիկներ, մեմեր ու ծաղրածուներ, շրջող թատերախմբեր. Ամբերդի տարածքը մի քանի ժամով վերածվել էր հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող տոնական հարթակի, որտեղ հանդիպել էին հայկական մշակույթի անցյալն ու ներկան, արվեստն ու ժամանցը։ Հյուրերը, նրանց թվում նաև Արագածոտնի մարզի մի խումբ դպրոցականներ, հնարավորություն ունեցան տաղավարների միջոցով ծանոթանալու հայկական մշակույթի տարբեր ոլորտներին ու անձամբ մասնակցելու միջոցառման գաղափարախոսությունը ներկայացնող մեծ կտավի ստեղծման աշխատանքներին:

Ամբերդում էր նաև  Տալինից ժամանած «Ֆլորա» էստոնական կամերային երգչախումբը, որը համպատրաստից գեղեցիկ երգ կատարեց Եվրոպական ժառանգության օրերի տոնակատարության ժամանակ։

Եվրոպական ժառանգության օրերն այս տարի անցկացվում են «Արվեստ և ժամանց» խորագրի ներքո: Սեպտեմբերի 28-ին և 29-ին հայկական ավելի քան 100 մշակութային կազմակերպությունների և զանգվածային հաճախումների համար փակ մի շարք պատմամշակութային հուշարձանների տարածքում կկազմակերպվեն բազմաթիվ ու բազմաժանր մշակու­թային միջոցառումներ. համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր և այլն: Նախարարության կողմից կազմակերպված միջոցառումների ամբողջական ծրագիրը հասանելի է ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում:

Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգու­թյան օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրոպական հանձնաժողովը, և նախաձեռ­նու­թյունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Տարեկան ավելի քան 70.000 մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայում՝  բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը  Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության, շարունակական պահպանության կարևորությունը:

 Ամբերդը նախկին բերդաքաղաք և ամրոց է, որը կառուցվել է X դարում: Ներկայումս գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան հյուսիս-արևելյան լանջին: Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ: Ամբերդի պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև մետաղյա իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ և այլն, որոնք խիստ արժեքավոր են միջնադարյան Հայաստանի տնտեսական, ռազմական և մշակութային կյանքի հարցերի ուսումնասիրման համար։ Ամրոցի մոտ է գտնվում 1026 թ.-ին իշխան, սպարապետ Վահրամ Պահլավունու հովանավորությամբ կառուցված Վահրամաշեն եկեղեցին:

 

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30