Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պատմաճարտարապատեկան հրաշալիքներից մեկը համարվող Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվեց

Սեպտեմբեր 28,2019 20:27

Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում դարերի լռությունից հետո առաջին անգամ հավատավորների առջեւ դռները բացեց իր վեհաշուք տեսքի մեջ վերականգնված Սուրբ Աստվածածին եկեղեցին: Եկեղեցու բացման եւ վերաօծման արարողությանը մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, արտերկրից ժամանած հյուրեր, եկեղեցու վերականգնման գործում նշանակալի ավանդ ունեցած բարերարներ, Սփյուռքից ու Հայաստանի տարբեր վայրերից ժամանած բազմաթիվ հավատավորներ:

Հայաստանի պատմաճարտարապատեկան հրաշալիքներից մեկը հանդիսացող Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվեց ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի եւ Մայր Աթոռի լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի՝ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ: Վերաօծման արարողությունից հետո ներկաներին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ վեհափառի գրավոր պատգամը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

«Այսօր անհուն բերկրանքով են լցվել մեր սրտերը, քանի որ դեռեւս իններորդ դարից կառուցված ու մեզնից մի քանի դար առաջ խոնարհված Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին իր դռներն է բացել բազմահազար հավատավորների առջեւ: Եկեղեցին հավատացյալների հավաքականությունն է, իսկ հավատավորներդ վեմերն եք այդ տաճարի: Եկեղեցին հավատավորներին լիացնում է բազմազան շնորհներով ու նրանց համար ճանապարհ հարթում դեպի Աստվածային բարձունքներ: Նորատուսը հայտնի է հնամենի նշանավոր կառույցներով , հավատի տներով, խաչքարերով, որոնց թիվն ավելանոմ է այս նորանորոգ եկեղեցու վերաօծմամբ: Այսօր տոն է բոլորիս հոգիներում»,- նշված էր հայրապետական պատգամում:

Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հայրապետական բարձր պարգեւը՝ «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանը հանձնեց Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման գործում մեծ ավանդ ունեցած բարերարներ Հայկ Մաղաքելյանին եւ Խաչիկ Կարապետյանին: Այնուհետեւ մատուցվեց Սուրբ Պատարագ, հավատավորները միմյանց շնորհավորեցին Մատաղի սեղանի շուրջ:
Նորատուսի Սուրբ Աստվածաին եկեղեցին կառուցվել է իններորդ դարում, Սյուևյաց Սահակ իշխանի բարերարությամբ:

Այն գործել է մինչեւ 1679 թվականը եւ կործանվել ավերիչ երկրաշարժից: «Եկեղեցու շինարարությունը սկսվեց 2010 թվականից, Հայկ Մաղաքելյանի բարերարությամբ: Միջոցների սղության պատճառով այն ընդհատվեց որոշակի ժամանակահատվածում եւ վերսկսվեց Խաչիկ Կարապետյանի բարերարությամբ: Բացի եկեղեցու վերականգնումը, բարեկարգվեց նաեւ նրա տարածքը, ստեղծվեց ժամանակակից ու գեղեցկատես պուրակ: Մեր երախտագիտությունն ենք հայտնում բարերարներին, շինարարներին, բոլոր նրանց, ովքեր ջանք գործադրեցին՝ վերականգնելու մեր գյուղի նշանավոր ու պատմական եկեղեցին, որտեղ դարերի լռությունից հետո կրկին աղոթք հնչեց, որտեղ հավատավորներն այսուհետ կկատարեն իրենց հոգու պարտքը: Եկեղեցու վերանականգնումը Նորատուսում նկատելիորեն կավելացնի նաեւ զբոսաշրջիկների հոսքը»,-նշեց Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանը:

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30